«ՄԵՆՔ ՉԵՆՔ ԳՆՈՒՄ ԱՅՆ ԵՐԿԻՐ, ՈՐՏԵՂ ՄԱՐԴԱՍՊԱՆ ՍԱՖԱՐՈՎԻՆ ՀԵՐՈՍ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ»

Արխիվ 12-16

«ՄԵՆՔ ՉԵՆՔ ԳՆՈՒՄ ԱՅՆ ԵՐԿԻՐ, ՈՐՏԵՂ ՄԱՐԴԱՍՊԱՆ ՍԱՖԱՐՈՎԻՆ
ՀԵՐՈՍ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ»

Ազգայնական կուսակցության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ, կինոռեժիսոր ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑԸ կտրականապես դեմ է, որ մեր ընբիշները մեկնեն Բաքու` հունիսի 12-28-ը այնտեղ կայանալիք Եվրոպական խաղերին: «Իրավունքի» հետ զրույցում նա կոչ արեց չմեկնել, իսկ մեկնողներին էլ խորհուրդ տվեց թերթել պատմության էջերը, որտեղ բազմաթիվ օրինակներ կան, որ մեկնողները վերադարձել են արդեն ազգի դավաճանի պիտակով:

«... ՈՐՈՎՀԵՏԵՎ ԲԱՔՎՈՒՄ ՀՆԱՐՎԱԾ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ Է ՄՈՏԵՆՈՒՄ »
–Կոչ եմ անում մեր ըմբիշներին չգնան Բաքու, թող իրենց համար օրինակ լինի Արսեն Ջուլֆալակյանը: Ասում են` կգնանք, կհաղթենք, մեր հիմնը կհնչի այնտեղ, ամոթ է, դա ծիծաղելի է, վաղուց բոլոր դատավորները գնված են, եւ ոչ ոք չի թողնի, որ նման բան տեղի ունենա: Նույնիսկ, եթե լինի, ուրեմն դա էլ թուրքական դիպլոմատիկ քայլ է: Ինչո՞ւ է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասում, թե պետք է եզրեր գտնենք, որովհետեւ Բաքվում հնարված օլիմպիադան է մոտենում, դրա համար պետք է չգնանք: Ընդհանրապես` ով գնաց Բաքու, հայ ազգի դավաճան է: Ինչպե՞ս մենք Սումգայիթից հետո չգնացինք Բաքու կինոփառատոնի, ոչ մի կինեմատոգրաֆիստ չգնաց: Իսկ ով էլ որ գնաց` պիտակը մնաց դավաճան: Մի քանի դերասաններ գնացին, նրանց ստիպեցին, մարդիկ գնացին ու վերադառնալուց հետո ստիպված երկրից հեռացան, որովհետեւ չէին կարող ապրել, արդեն դավաճանի պիտակ էին ձեռք բերել: Պիտի չգնանք ու վերջ, այ դա է քաղաքականությունը, դա է քաղաքական դիրքորոշումը, որ մենք չենք գնում այն երկիր, որտեղ մարդասպան Սաֆարովին հերոս են համարում:

«ՄԵԿ Է` ԽԶՄԱԼՅԱՆԸ
ԴԱՎԱՃԱՆ Է»

–Պարոն Գեւորգյանց, բայց վերջերս այդ մարդասպանի հայրենակից լրագրողին կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը սիրով հարցազրույց էր տվել, այդ մասին ի՞նչ կասեք:
– Եթե նույնիսկ աչքներս փակենք կամ բացենք ու համաձայնենք այն բանի հետ, ինչ նա գրել էր, մեկ է` Խզմալյանը դավաճան է, որովհետեւ ո՞ւմ ես դու ինչ ասում, դու գնում թուրքին ասում ես մեր խնդիրների մասի՞ն: Ադրբեջանական կայքերի կեսը լցված է մեր թերթերի ու լրատվական նյութերի հիման վրա, ուրախացած գրում են, որ մարդիկ գնում են երկրից, դատարկվում է Հայաստանը, մենք էլ ենք ասում դա, բայց ոչ թշնամուն... Որովհետեւ ժամանակին գլխներին չեն տալիս... Տիգրան Խզմալյանը շնորհալի մարդ էր, բայց հետո, որ տեսավ էլ բան չի կարող անել, անցավ ուրիշ դաշտ: Ոչ թե նա վրդովված է ու անհանգստացած այս վիճակից` ի՞նչ վիճակ: Վրդովված ես` գնա Սուրեն Խաչատրյանի տան մոտ նստացույց արա, ինչո՞ւ չես անում...
– Որոշ ժամանակ լռել էր Խզմալյանը...
– Ախր, հիմա  գումարները քիչ են տալիս, Սորոսը սկսել է քիչ գումար տալ, որպեսզի գոռան` թե այս շենքը այստեղ պիտի չլինի, այս բանն այսպես պիտի չլինի... Դա էլ մեր դժբախտությունն է, մենք այսօր ինչով ասես զբաղվում ենք ու հետաքրքրվում, թե այս ծառը այստեղ չպիտի տնկվեր, այստեղ սխալ խաչ է դրված, այս եկեղեցին ինչո՞ւ պիտի այնտեղ լիներ... Այ մարդ, եկեղեցին թող զբաղվի իր գործով, դու էլ` քո գործով, դու քո գործն արա ճիշտ ու լավ:

«ԷՐԴՈՂԱՆՆ ԻՐՈՔ
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ
ՄԱԿԱՐԴԱԿԻ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐԵՑ»

–Անդրադառնանք նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, որոնք մեծ արձագանք գտան ամբողջ աշխարհում, ինչը չենք կարող ասել Գալիպոլիի միջոցառման մասին:
– Դե, Գալիպոլիից հետո բոլորն էլ գիտեն, որ Էրդողանի վարկանիշը շատ է ընկել, որովհետեւ իրոք մանկապարտեզի մակարդակի միջոցառում արեց, իբրեւ թե, դուք էլ եք անում, ես էլ` սա կանեմ, ծիծաղելի է: Իմիջիայլոց, թուրքերն իրոք ունեն բարձր մակարդակի մտավորականություն: Շփվել եմ իրենց հետ, նրանց մտավորականության 80 տոկոսը պրոհայկական է, իրենք ասում են` այո, մենք պետք է վերջապես ընդունենք, ինչքա՞ն կարելի է: Թուրքերն ընդհանրապես շատ մեծ սխալ են գործել, որ Ցեղասպանություն են արել, ոչ միայն այն բանի համար, որ այդքան երեխա, կին են վերացրել, բռնաբարել, այլ` իրենք այդ արարքով հայերին ստիպեցին աշխարհին ապացուցել, որ մենք շատ ուժեղ ազգ ենք, որ մենք բազմանում ենք, որ մենք ապրելու ենք ու տվել ենք այսքան հայտնի մարդիկ` աշխարհով մեկ: Երկրորդ սխալը, որ չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը, եթե ընդունեն, ամեն ինչ կավարտվի, ցիվիլ ազգ կդառնան: Հիմա կարծես վայրի շուն լինեն, բոլորն իրենց այդպես են ընկալում, ուղղակի հարուստ են: Իսկ Ադրբեջանի մասին ընդհանրապես չեմ ասում` նրանք շակալներ են: Խոսել եմ ադրբեջանցի բազմաթիվ մտավորականների հետ, իրենք յախա են թափ տալիս, ասում են` երբ ենք պրծնելու Ալիեւի կլանից, որ նորմալ ապրենք, հասկանանք` ինչ է եղել: Նրանք շատ լավ գիտեն, որ Ղարաբաղը երբեք իրենցը չի եղել, որ դա կուսբյուրոյի ու Ստալինի կերած բաներն է: Միեւնույնն է, պիտի իրար կողք կողքի ապրենք, տեսեք, ես հիմա նույն բանն եմ ասում, ինչ Խզմալյանը, բայց ես թուրքերին երբեք նման բան չեմ ասի, ես ընդհանրապես թուրքերի հետ չեմ ուզում խոսել, մինչեւ ներողություն չխնդրեն:
Իսկ ընդհանրապես, կարող եմ ասել` իրոք մենք շատ պատշաճ կազմակերպեցինք ապրիլի 24-ի միջոցառումները` ոչ միայն Հայաստանում, այլ` ամբողջ աշխարհում: Անկեղծ` չէի սպասում, որ հայերը կարող են նման կազմակերպված ու հաջողված անել ամեն ինչ: Մենք հյուրեր ունեցանք` 15 երկրներից եկան մոտ 60-70 տամպլիերներ` իրենց սպիտակ հագուստներով բարձրացան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու հարգանքի տուրք մատուցեցին, Հայոց ցեղասպանության թանգարանում եղան, տեսան մեր երկիրը, ճանաչեցին հայերին` առաջին անգամ էին գալիս Հայաստան, արդեն դարձան մեր երկրի դիվանագետները: Այնպես որ, մոտակա 2-3 տարում ե՛ւ Հայոց ցեղասպանությունը կընդունվի շատ երկրների կողմից, ե՛ւ Ղարաբաղը կընդունվի` որպես անկախ երկիր:

«ՀՌՈՄԻ ՊԱՊՆ ԷԼ ՀՈ
ԱՌԱՎՈՏՅԱՆ ՉԱՐԹՆԱՑԱՎ
ՈՒ ՈՐՈՇԵՑ
ՆՄԱՆ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱԼ»

–Դիվանագիտական քայլերից խոսելիս ասում են` 100-րդ տարելիցի շրջանակներում մեկ Քարդաշյանը Հայաստանի անունը հնչեցրեց համաշխարհային մակարդակով, մեկ էլ` Հռոմի պապը:
– Այո, իհարկե, Քարդաշյանը շատ բան արեց, Հռոմի պապի մասին էլ խոսք չկա: Պետք է միայն շնորհակալ լինենք ե՛ւ Քարդաշյանին, ե՛ւ Հռոմի պապին, ե՛ւ բոլոր այն մարդկանց, ովքեր ինչ-որ բան արեցին այդ առումով: Թվում է, թե Քարդաշյանը հենց այդպես վեր կացավ ու եկավ, իսկ Հռոմի պապն էլ ելույթ ունեցավ: Ախր, դա այդպես հեշտ չի լինում, հարյուրավոր մարդիկ աշխատել են այդ ուղղությամբ ու բերել այդ օրվան հասցրել, որ Քարդաշյանը գա Հայաստան` հենց 100-րդ տարելիցին: Իսկ Հռոմի պապն էլ հո առավոտյան չարթնացավ ու որոշեց նման ելույթ ունենալ: Այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվել մեր բոլոր օղակների կողմից, պարզապես իրենք մնում են ստվերում: Շատ դժվար է, հատկապես, երբ հիմա Թուրքիայի հակապրոպագանդական մեքենան ահավոր շատ է աշխատում` միլիոններ են ծախսում: Հիմա էլ` Ադրբեջանի հետախուզությունը, Թուրքիայի հատուկ ծառայությունները այստեղ շատ են աշխատում: Երբ, ինչ-որ բախում է լինում, զարմանում ենք` ա՛յ մարդ, այս ինչպե՞ս եղավ, կամ ինչպե՞ս այդ մարդը նստեց էշի վրա, գնաց Ղարաբաղ... Դա լրիվ նախօրոք պլանավորած է, ինչպես ռուսն է ասում` ամեն ինչ վճարված է, իսկ այդ մարդիկ, որ այդ գործողությունն անում են, չգիտեն, որ այդ ամենը գնված է: Անգլիական հետախույզներն էլ են այդպես աշխատում` 10-րդ մարդու միջոցով: Ռուս զինվորը մտավ ու սպանեց հայ ընտանիք, հանելուկ է, ինչո՞ւ պիտի ռուս զինվորը վերացնի մի ամբողջ ընտանիք` հատկապես երեխաների... Որովհետեւ դրա համար նախօրոք վճարված է...
Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Հ.Գ. Զրույցի մշակութային հատվածը կարդացե՛ք «Իրավունքի» հաջորդ համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում