ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՆՈՐ ԳԻՐՔ` «ԲՈԼՈՆԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՏԱԳԻԾԸ»
Արխիվ 12-16ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՆՈՐ ԳԻՐՔ`
«ԲՈԼՈՆԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՏԱԳԻԾԸ»
Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ Սերգո Երիցյանի եւ Արմեն Ճուղուրյանի հեղինակած «Բոլոնիայի գործընթացի հետագիծը» գրքի ներկայացումը ընթերցողին:
Նախ, հեղինակները կարեւորեցին վերջերս Երեւանում կայացած Բոլոնիայի գործընթացին մասնակից երկրների Երեւանյան նախարարական համաժողովը, որի ժամանակ ոչ միայն ամփոփվեցին անցած-գնացած տարիների արդյունքները, այլեւ նախանշեցին առաջիկա անելիքները` մինչեւ 2018 թվականը Փարիզում կայանալիք հաջորդ համաժողովը: Ներկայացնելով գիրքը` ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանն ասաց, որ երբ տարիներ առաջ երկրները, այդ թվում եւ Հայաստանը միանում էին գործընթացին, մի փոքր ռոմանտիկ էին եւ կարծում էին, որ առաջադրված խնդիրները արագ լուծում կստանան, եւ իրենց երկիրն էլ արագ զարգացում կունենա:
«Հենց այս իրողությունը հաշվի առնելով,- իր խոսքում ասաց ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԸ,- հեղինակները փորձել են սթափ վերլուծել այն հանգրվանը, ուր հասել են այս ինքնատիպ կրթական համայնքի անդամ երկրները եւ Հայաստանը` արձանագրելով, որ նպատակային խնդիրների ճիշտ հստակ ձեւակերպումից, դրանց ամրագրումից հետո, պետք է անցնել ավելի գործնական քայլերի այն հաշվով, որ կոնկրետ բուհերը` դասախոսները, ուսանողներն զգան զարգացումների արդյունքները, առավելությունները` նաեւ բացթողումները»:
Գործընկերոջը շարունակելով մյուս հեղինակը` Արմեն Ճուղուրյանը, ավելացրեց, որ «Բոլոնիայի գործընթացի հետագիծը» գիրքը առավելությունների հետ մեկտեղ ներկայացնում է բազմաթիվ խնդիրներ` իրավակազմակերպականից մինչեւ ֆինանսական: Հենց դրանց առջեւ էլ կանգնում են բուհերը` ինչո՞ւ չէ նաեւ այնպիսի դժվարություններ, որոնք առնչվում են կրթության որակին եւ ապագա մասնագետի որակական հատկանիշներին:
«Համաձայն եմ այն դատողությունների հետ, որ դժվար է հստակ տեսնել Բոլոնիայի գործընթացի վերջնական հանգրվանը,- ասում է ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆԸ,- բայց կանխատեսել, կառավարելի դարձնել զարգացումները` պարտավոր ենք»:
Այնուհետեւ, մտքերի փոխանակության մասնակիցները կարեւորեցին այս եւ նման հրատարակությունների դերը, որոնք, որպես կանոն, վերլուծական անկեղծ լիցքեր եւ անկախ գնահատականներ ու մտահոգություններ ունեն: Ինչ խոսք, այս ամենի նպատակն այն է, որ Բոլոնիայի գործընթացի մաս կազմող Հայաստանը կարողանա ավելացնել իր կրթական ներուժը, ապահովի կրթական ծառայությունների բարձր որակ, իսկապես դառնա տարածաշրջանային կրթական գրավիչ կենտրոն:
«Որքան էլ Բոլոնիայի գործընթացը դժվարություններ ունենա, մեծացնում է համագործակցության, հորիզոնական կապերի հնարավորությունները, եւ այս իրողությունը կարող է առանձնահատուկ նշանակություն ունենալ այնպիսի փոքր երկրների համար, ինչպիսին Հայաստանն է,- ասաց Հյուսիսային համալսարանի ռեկտոր ԲՈՐԻՍ ՄԱԿԻՉՅԱՆԸ:- Հեղինակները հենց նման իրողություններն են բացահայտում իրենց գրքում` շատ խնդիրներ տեսականից տեղափոխելով կիրառական հողի վրա: Գրքի շարադրանքում նուրբ դիտողություններ ու մոտեցումներ կան: Շատ գնահատելի է նաեւ այս գրքի հրատարակությունն այն առումով, որ այն ունի շատ ընդարձակ անգլերեն ամփոփում: Իսկ դա հնարավորություն կտա նաեւ օտարին` ծանոթանալ հայաստանյան կրթական զարգացումներին»:
Իր ելույթում Եվրասիա համալսարանի ռեկտոր ՍՈՒՐԵՆ ՕՀԱՆՅԱՆԸ եւս արժանվույն գնահատելով մենագրությունը, ասաց, որ նման վերլուծություններ միշտ էլ պետք են եւ արժանին պետք է մատուցել պրոֆեսորներ Սերգո Երիցյանին եւ Արմեն Ճուղուրյանին, որ այս էլ որերորդ անգամ (սա նրանց 5-րդ գիրքն է Բոլոնիայի գործընթացի մասին) իրականացրել են այդ կարեւոր գործը:
Այլ ելույթներ էլ եղան. ե՛ւ դասախոսների, ե՛ւ ուսանողների կողմից, նաեւ հարցադրումներ, որոնց սիրով պատասխանեցին հեղինակները:
Արմեն Ճուղուրյանը վերջերս եղել է Բոլոնիայի համալսարանում, որտեղից էլ սկիզբ է առել այս գործընթացը: Նա ներկայացրեց իր պատրաստած տեսաֆիլմը Բոլոնիայի համալսարանի մասին:
Քննարկումը շարունակվեց գրադարանի ամառային այգում, ուր գրքի ներկայացումը վերածվեց գինեձոնի, նաեւ շարունակվեց ջերմ ու անկեղծ զրույցը բարձրագույն կրթության, նրա հեռանկարների ու դրա հետ կապված մարտահրավերների մասին:
ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ

