«Ի՞ՆՉ ԱՆԵՄ, 6 ԱՄԻՍ ՍՈՎԱԾ ՆՍՏԵ՞Մ». ՆԱԻՐԻՏՑԻՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՆԺԱՄԿԵՏ ՆՍՏԱՑՈՒՅՑՈՎ
Արխիվ 12-16«Ի՞ՆՉ ԱՆԵՄ, 6 ԱՄԻՍ ՍՈՎԱԾ ՆՍՏԵ՞Մ». ՆԱԻՐԻՏՑԻՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՆԺԱՄԿԵՏ ՆՍՏԱՑՈՒՅՑՈՎ
Կրքերն օր օրի ավելի են թեժանում` «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների 18-24 ամսվա չվճարված աշխատավարձերի պատճառով: Երեկ կառավարության նիստին զուգահեռ` գործադիրի առջեւ կրկին ակցիա էին կազմակերպել նաիրիտցիները, սակայն այս անգամ նյարդերը տեղի տվեցին: Վերջիններս մի քանի րոպեով որոշեցինք փակել փողոցը եւ միայն ոստիկանության ու ակցիան համակարգող ակտիվիստների երկարատեւ հորդորներից հետո կրկին վերադարձան կառավարության շենքի դիմաց: Տեղի ունեցածի, ինչպես նաեւ հետագա քայլերի մասին «Իրավունքը» զրուցեց «Նաիրիտի» մամուլի ծառայության ղեկավար ԱՆՈՒՇ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ.
- Այս ակցիան նշանակում էր, որ մենք էլ չենք ուզում դիմանալ, եւ հաջորդ ակցիաները կարող են լինել ավելի կոպիտ ու ավելի վատ: Համակարգող խումբն այս մարդկանց վրա այլեւս ազդեցություն չունի: Մեզ խոստացել էին, որ մինչեւ տարվա վերջ նաիրիտցիների պարտքը կփակեն: Բայց ինչպե՞ս են փակելու, եթե տարվա ավարտին ընդամենը 6 ամիս է մնացել: Իսկ եթե մինչեւ տարեվերջ մեր աշխատավարձը պիտի փակեն, ուրեմն` նվազագույնն ամեն ամիս 3 աշխատավարձ պետք է վճարվի: Կամ էլ, պետք է ասեն, որ երեք ամիս հետո միանգամից ամբողջ աշխատավարձը պետք է վճարեն, ինչը խոստացել են: Ասում էին, եթե միջպետական բանկը գույքը հանի գրավից եւ
վերադարձնի բաժնեմասը, կկարողանան փակել աշխատավարձերը: Արդեն հայտարարել են, որ գույքը գրավից հանված է, բաժնեմասն էլ վերադարձված է, հիմա մնում է միայն իրավաբանական ձեւակերպումներ անել: Չեմ հասկանում` չունե՞նք իրավաբաններ, այդ ձեւակերպումները մեկ-երկու, քանի՞ ամիս կարող է տեւել: Արդեն ամիսուկես է իրավաբանական ձեւակերպում չի լինում անել:
– Ո՞րն է լինելու նաիրիտցիների հաջորդ քայլը:
– Եթե երեքշաբթի օրը մեզ չընդունեն կառավարությունում ու մեր հարցերին դրական ու նորմալ պատասխան չտան, անցնելու ենք անժամկետ նստացույցի: Մենք ակնկալում ենք այս պահին ունենալ աշխատավարձի վճարման ժամանակացույց եւ այդ ժամանակ կնայենք` համաձայն ենք դրան, թե` ոչ: Կարող է իրենք հայտարարում են, որ դեկտեմբերին ամբողջ պարտքը փակում են, ի՞նչ անեմ, 6 ամիս սոված նստե՞մ: Ապրիլի 17-ին խոստանում են, որ մայիսի վերջին կընդունեն այս մարդկանց: 18-24 ամիս աշխատավարձ չստացած մարդկանց մի ամիս մի կերպ պահում ենք, համոզում ենք, բացատրում ենք, որ իրենք էլ պետք է ժամանակ ունենան, ձեւակերպեն, հասկանան, թե ինչպես պիտի պարտքը վճարեն: Բայց գալիս է մայիսի վերջը ու դեռ մի բան էլ այն կողմ եւ ձայն բարբառո անապատի: Ինչքա՞ն կարող է այս ժողովուրդը դիմանալ...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

