«ԱՇԽԱՐՀԻ ՎԱՇԽԱՌՈՒՆ ՈՒ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ ՆԱ Է, ՈՎ ԻՄ ՎՐԱ ՆՄԱՆ ԲՈՂՈՔ Է ԳՐԵԼ»
Արխիվ 12-16«ԱՇԽԱՐՀԻ ՎԱՇԽԱՌՈՒՆ ՈՒ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ ՆԱ Է,
ՈՎ ԻՄ ՎՐԱ ՆՄԱՆ ԲՈՂՈՔ Է ԳՐԵԼ»

Երեկ Գլխավոր դատախազությունը կարճել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, հայտնի գործարար Գոհար Ենոքյանի հանդեպ հարուցված քրեական գործը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Հիշեցնենք, որ 73-ամյա Գոհար Ենոքյանը մեղադրվում էր ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ի շարքերը վերջերս լքած Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո) սպանել պատվիրելու մեղադրանքով: Քր.գործի դադարեցման փաստը տիկին Ենոքյանը մեզ հետ զրույցում մեկնաբանեց այսպես.
Ես մի վայրկյան անգամ չէի կասկածում, որ էս շոուն էդպես էլ կավարտվեր: Նրանք ընդամենը մեծ ախորժակ ունեին` ինձ անհիմն մեղադրել, վախեցնել: Դատախազությունը մեղադրանքի սկզբի օրվանից էլ գիտեր, որ դա շանտաժ է, իրենց ձեռքի արածը: Նրանք նպատակ ունեին, ինձ նեղը գցելով, իմ հիմնարկը տալ նրանց, ովքեր որ աչք ունեն դրա վրա: Հաշվի չառան, որ ես այն մարդն եմ, ով ամբողջ կյանքում ապրել է ճշտով, որեւիցե մի սխալ բան չեմ արել, որի համար հետո ամաչեմ: Ես գիտեի, որ ես արդար եմ, չի եղել նման հանդիպում, խոսակցություն, ես` ուր մարդասպանությունը` ուր, ուղղակի իրանց սցենարը շատ չհղկված ու հիմար ձեւի էր կառուցած: Կարծում եմ` հասկացան, որ մեծ աղմուկ բարձրացավ, եւ դա է պատճառը, որ իրենք իրենց սուտը որոշեցին չեղյալ համարել: Աշխարհի վաշխառուն ու մարդասպանը նա է, ով իմ վրա նման բողոք է գրել. սաղ գիտեն, թե ես ով եմ, նա ով է:
Մենք փորձեցինք կապվել նաեւ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի հետ, ով սակայն չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ՝ ասելով. «Ինձ չի հետաքրքրում վաբշե»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

