ԵՎ ՆՈՐԻՑ ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ԹԵՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆՈՒՄ Է
Արխիվ 12-16ԵՎ ՆՈՐԻՑ ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ԹԵՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆՈՒՄ Է

Այն, որ Վրաստանի նախկին վարչապետ Միխայիլ Սահակաշվիլուն Օդեսայի նահանգապետ նշանակելն ամենեւին էլ պահատական չէր ու խոստանում էր Ուկրաինայի շուրջ իրավիճակի նոր սրացումներ, վերջին օրերին հատկապես ռուսական վերլուծական հանրությունը շատ է խոսել: Բացատրությունն էլ ավելի քան պարզ է. հակառակ դեպքում ինչո՞ւ ամերիկյան հին «շպիոն» ու իր ռուսաֆոբիայով ուկրաինական բենդերականներից էլ առաջ անցած Սահակաշվիլուն պետք է հանձնեին իր ռազմավարական նշանակությամբ այդքան առանձնացող Օդեսան:
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆԶԻՆԱԴԱԴԱՐԸ ՎԵՐՋԱՑԱ՞Վ
Ռուս վերլուծաբանների գնահատմամբ՝ Սահակաշվիլին Օդեսայում պետք է լուծի մի քանի առանցքային խնդիրներ: Առաջինը. արագորեն կազմակերպի եւ կյանքի կոչի Օդեսայի նավահանգիստը ամերիկյան ընկերություններին մասնավորեցնելու գործընթացը, ու այս առումով հաստատ պատահական չէր Եվրոպական բանկի մի խումբ ղեկավարների այցն այդ կարեւորագույն ռազմավարական օբյեկտ՝ Սահակաշվիլու նշանակումից հաշված օրեր անց: Երկրորդը. չճանաչված Մերձդնեստրի հանրապետությունը գտնվում է Օդեսայից հազիվ 100 կմ հեռավորության վրա: Ուկրաինան եւ Մոլդովան վերջին ժամանակներս ակտիվորեն փորձում են այդ հանրապետությունն ու այնտեղ դեռ 1990-ականների սկզբներից խաղաղասիրական առաքելություն իրականացնող ռուսական զորախումբը մեկուսացնել, փակել մատակարարումների բոլոր ուղիները: Այսինքն՝ Սահակաշվիլին կարող է ոչ միայն Օդեսայի ուղղությամբ եւս փակել մատակարարումների ճանապարհները, այլ նաեւ հնարավորություն ունի խոշոր պրովոկացիաներ կազմակերպել ինչպես Մերձդնեստրի, այնպես էլ՝ Ղրիմի ուղղությամբ:
Իհարկե՝ ռուսական քաղաքագիտական հանրության այդ մտահոգությունների մեջ տրամաբանություն դժվար չէ տեսնել. արդեն երկար ժամանակ է` ԱՄՆ-ն Ուկրաինայում՝ Դոնբասում փորձում է ՌԴ-ին առաջին դեմքով ներքաշել ռազմական առճակատման մեջ, սակայն այդպես էլ չի ստացվում: Մինչդեռ եթե Մերձդնեստրում պատերազմը վերսկսվի, ռուսական զորքերը ուզած-չուզած` կռվելու են: Ընդ որում, եթե պատերազմը թեկուզեւ մի փոքր ձգձգվի, ապա Մոսկվան, եթե իհարկե չի ուզում կորցնել Մերձդնեստրն ու մահացու վտանգի ենթարկել վերջինիս բնակիչներին, ովքեր, ի դեպ, հիմնականում արդեն ՌԴ քաղաքացիներ են ¥չմոռանանք նաեւ, որ Ռուսաստանն իր քաղաքացիների կյանքը, որտեղ էլ որ լինեն, պաշտպանելու սահմանադրական պարտավորություն ունի¤, ստիպված է նույնիսկ ուժային միջոցներով դեպի այդ չճանաչված հանրապետություն մատակարարումների ճանապարհ բացել: Մինչդեռ Մերձդնեստրը գտնվում է Ուկրաինայի ու Մոլդովայի արանքում, այսինքն՝ ցամաքից եւ օդից փաստացի շրջափակված է ամերիկյան ազդեցության գոտով: Այսինքն՝ նման ծայրահեղ իրավիճակում ռուսները ստիպված են լինելու կա՛մ ողջ Ուկրաինայով մեկ ճանապարհ բացել, կա՛մ անցնել ամենակարճ ուղով՝ Սեւ ծովից Օդեսայի մարզը կիսող Դնեստր գետի ծովախորշով հասնել Մերձդնեստրի հանրապետություն ¥տե՛ս քարտեզը¤: Բայց այս սխեմայով եւս Օդեսայի մարզում Ուկրաինայի տարածքը հատելու ու վերջինիս հետ ռազմական հակամարտության մեջ մտնելու անհրաժեշտությունն է առաջ գալիս: Իսկ թե ինչ կլինի, եթե սրա հետ միասին պայթի նաեւ Դոնբասը, դժվար չէ պատկերացնել:
Հենց այս օպերացիա՞ն է Վաշինգտոնը սկսել, երիցս փչացած կադրին՝ Սահակաշվիլուն Մերձդնեստրի ուղղությամբ կողտոտ պրովոկացիայի համա՞ր են Օդեսա գործուղել. համենայնդեպս այս պահին փաստ է, որ նախ՝ Մերձդնեստրի շրջափակման գործընթացը եւ այդ չճանաչված հանրապետության շուրջ լարվածությունը վերջին ժամանակներս անշեղորեն աճում են: Երկրորդը. նախօրեից Դոնբասում ուկրաինական բանակը վերսկսել է ակտիվ հարձակողական գործողությունները: Դա նշանակո՞ւմ է, որ ուկրաինական զինադադարը վերջացավ, ու սկսվում է Մերձդնեստրով համեմված ուկրաինական պատերազմի երրորդ փուլը, այս անգամ արդեն ՌԴ-ի ուղղակի մասնակցությամբ. այ, սրան արդեն կասկածելի է, որ Վաշինգտոնն իրականում կգնա: Մերձդնեստրի հաշվին Մոսկվային փակուղու մեջ դնելը Վաշինգտոնին պարզապես կարող է հաշված օրերի ընթացքում զրկել այն ձեռքբերումներից, որոնք ունեցել է վերջին 25 տարում: Այսինքն, եթե ռուսներին պարտադրեն կռվել, ապա հաշված շաբաթների, եթե ոչ հաշված օրերի ընթացքում ռուսական զորքերը կհասնեն Մոլդովայի արեւմտյան սահմանը: Արեւմտյան ուղղությամբ Ռուսաստանը եւս հասցրել է համապատասխան քանակի ու որակի ուժեր կենտրոնացնել, այդ թվում՝ վերջերս նույնիսկ հայտարարվեց տանկային բանակի վերստեղծման մասին: Իսկ նման զորախմբերը նախատեսված են մեծ տարածությունների վրա խոր սեպային ճեղքումներ իրականացնելու համար, եւ խորհրդային տարիներին ռազմավարական պլաններով ենթադրվում էր նման օպերացիաներ իրականացնել ողջ Եվրոպայով մեկ՝ մինչեւ Ատլանտիկա: Ներկայումս առավելագույն խնդիրը կարող է դառնալ Մոլդովան, եւ կասկածելի է, որ նման գործողության պարագայում ՆԱՏՕ-ն կփորձի խառնվել. ԱՄՆ-ը վերջին ժամանակներս թեեւ մի գլուխ հայտարարում է ՆԱՏՕ-ի արեւելաեվրոպական ուժերն ավելացնելու, կրկնապատկելու մասին, սակայն եթե անգամ կռվելու ցանկություն ունենա, անհրաժեշտ ուժերի անգամ 5-10 տոկոսն այս հատվածում չկա: Չկա նաեւ ուժերն էականորեն ավելացնելու տարբերակը, քանի որ վերջին շաբաթներին ԱՄՆ-ն իր հիմնական ռազմական ուշադրությունն ուղղել է դեպի Խաղաղ օվկիանոս:
ԱՄՆ-Ի ԹՇՆԱՄԻՆ
ԱՐԴԵՆ ՉԻՆԱՍՏԱՆՆ Է
Բայց հենց այդ վերջին գործոնն է, որը միանգամայն այլ երանգ կարող է տալ Ուկրաինա-եվրոպական խաղատախտակին: Հայտնի է, որ Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ի համար մեծ գլխացավանք է դարձել Սպարտլի կղզիախմբի գոտին: Մի քանի քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածքով այս չնչին կղզիախմբի առանձնահատկությունն այն է, որ նախ՝ այս գոտում հայտնաբերվել են նավթագազային հսկայական պաշարներ: Բայց ամենակարեւորն այն է, որ կղզիախումբը վերահսկում է դեպի Հնդկական օվկիանոս տանող հիմնական ծովային առեւտրային ուղին, որտեղով տարեկան անցնում են 5 տրիլիոն դոլարի բեռներ: Եվ ահա Չինաստանը Սպարտլին համարելով իր սեփականությունը, արագորեն ամրապնդվում է այնտեղ, ինչը բառիս բուն իմաստով՝ մահացու վտանգ է ամերիկյան տնտեսության համար: Արդյունքում՝ Վաշինգտոնը հենց այս օրերին նույն ակտիվությամբ մեծացնում է իր ռազմական ներկայությունն այդ հատվածում, եւ այս ամենի արդյունքում Չինաստան-ԱՄՆ ռազմական հակամարտության խիստ մեծ հավանականության մասին այսօր խոսում են բոլորը: Ամերիկացի տխրահռչակ միլիարդատեր, «գունավոր հեղափոխությունների» կազմակերպման մեծ մասնագետ Սորոսը այս հակամարտության հետ կապված` նույնիսկ Երրորդ աշխարհամարտը չի բացառում. «Եթե Չինաստանի եւ ԱՄՆ ռազմական որեւէ դաշնակցի՝ օրինակ, Ճապոնիայի միջեւ ընդհարում լինի, մենք կարող ենք պնդել, որ գտնվում ենք Երրորդ համաշխարհայինի նախաշեմին»:
ԱՄՆ-ն իրոք պատրա՞ստ է պատերազմել Չինաստանի հետ. խաղադրույքներն այնքան մեծ են, որ պայքարից հրաժարվելը մահ է նշանակում: Ընդ որում, եթե Վաշինգտոնն ընդունի պատերազմի որոշումը, ապա դա հենց այս պահին պետք է անի. ներկայումս Չինաստանի նկատմամբ ունի ռազմածովային մեծ առավելություն: Բայց վերջերս եղավ ակնարկ, որ Ռուսաստանը Չինաստանին է փոխանցելու հակաօդային C-400, առափնյա պաշտպանության «Բաստիոն» համակարգեր եւ այլն ¥եթե արդեն չի հասցրել փոխանցել¤: Իսկ դրանք այն զինատեսակներն են, որ Սպարտլիում տեղակայելու դեպքում՝ այն կդարձնեն անխոցելի` ծովից ու օդից: Գումարած դրան, վերջերս Միջերկրական ծովում տեղի ունեցած ռուս-չինական ծովային զորավարժությունները հուշում են, որ երկու երկրները ռազմածովային համագործակցություն կարող են ծավալել նաեւ Խաղաղ օվկիանոսում, որի դեպքում ԱՄՆ-ի ռազմածովային առավելությունը զրոյանում է:
Մի խոսքով՝ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը Չինաստանին չզիջելու համար ԱՄՆ-ը նախ պետք է չեզոքացնի կամ այլ տարածաշրջաններում գոնե կաշկանդի ռուսներին: Չեզոքացնելու դիվանագիտական փորձ պետքարտուղար Քերին ձեռնարկեց ՌԴ կատարած իր վերջին այցի ժամանակ, որը կարծես թե այդպես էլ չհաջողվեց ¥եթե միայն ինչ-որ գերգաղտնի պայմանավորվածություններ չկան ասենք՝ Ուկրանիան մի կարճաժամկետ պատերազմի միջոցով ռուսական ազդեցության գոտի վերադարձնելու տեսքով¤: Իսկ կաշկանդելու տարբերակ կարող է դառնալ Ուկրաինա-Մոլդովա ուղղությունը, թեկուզեւ այդ հատվածը կորցնելու գնով: Ասենք՝ Մերձավոր Արեւելքում այս օրերին դեռ միայն բորբոքվող պատերազմը եւս կարող է ռուսներին կաշկանդելու միջոց դառնալ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

