ԲՈԼՈՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ «ԱՇՆԱՆԱՅԻՆ ՃԵՂՔՄԱՆԸ»
Արխիվ 12-16ԲՈԼՈՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ «ԱՇՆԱՆԱՅԻՆ ՃԵՂՔՄԱՆԸ»

Քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը հիմնականում տեղափոխվել է ստվեր: Հին տիտղոսային ընդդիմության քաղաքական մահը, որպես փաստ ընդունել են բոլորը, եւ բոլորը պատրաստվում են նոր ընդդիմադիր ձեւաչափեր ձեւավորելուն: Ու յուրաքանչյուրը «Ընդդիմությունը մեռավ, կեցցե ընդդիմությունը» բանաձեւը փորձում է հնարավորինս իր հագով անել եւ շահած դուրս գալ, երբ աշնանը բանակցություններից, սակարկություններից, ճշգրտումներից հետո կգա ակտիվ գործելու շրջան:
ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻԵՐԸ`
«ՀԱՅԱՍՏԱՆԱԿԵՆՏՐՈՆՈՒԹՅԱՆ» ԱՆՎԱՆ ՏԱԿ
Քաղաքական այրերը եւ տիկիններն այնքան էլ շատ չեն հրապարակավ արտահայտվում, սակայն կուլիսներում կատարվող գործընթացների մասին կարելի է պատկերացում կազմել` համապատասխան քարոզչամիջոցների վարքագծին հետեւելով: Ու այդտեղ նկատվում է հետաքրքիր զուգահեռ: Քոչարյանական քարոզչամիջոցները, «փչացնելով» գործնականում բոլորին, բացի լեւոնականներից ու «Ժառանգությունից», առաջ է տանում այն թեզը, որ ռուսամետ կամ արեւմտամետ աշխարհաքաղաքական կողմնորոշում գործիչների մոտ բացարձակ կեղծ է, եւ ռուսամետ կամ արեւմտամետ ձեւացողները պարզապես համապատասխան աջակցություն փախցնելու հույսով են դերասանություն անում:
Ու առաջ է տարվում այն միտքը, որ պետք է լինել հայաստանակենտրոն: Բայց միաժամանակ խորանալով ռուսամետների եւ արեւմտամետների «փիթրահան» անելու խորքերը, հա շեշտում են, որ արեւմտյան արժեքները «ընդամենը համամարդկային արժեքներ են»: Այսինքն` մի կողմից ասում են, որ իրենք ռուսատյաց չեն` ի տարբերություն ամենածայրահեղ արեւմտամետների, մյուս կողմից` արտահայտում են իրենց լավ վերաբերմունքը արեւմտյան արժեքներին:
Լեւոնական քարոզչամեքենան նույնպես «փչացնում» է բոլորին, բացի քոչարյանականներից եւ «Ժառանգությունից», եւ միաժամանակ անկուսակցական լինելու հանրային ձգտումը ներկայացնում որպես իշխանական մանիպուլյացիայի արդյունք եւ սովետից մնացած կարծրատիպերի մնացորդ: Նրանք խոսում են պայմանականորեն «Հայաստան» անունով կուսակցություն ստեղծելու մասին: Իսկ արեւմտյան արժեքների նկատմամբ նույնպես արտահայտում են զուսպ դրական մոտեցում եւ միաժամանակ սահմանազատվում թունդ ռուսատյացներից:
Ինչ որ մի քիչ շատ չե՞ն ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների ճամբարների հրապարակային մոտեցումների զուգահեռները: Դե, եթե դրան հավելենք նաեւ բացասական վերաբերմունքը սահմանադրական բարեփոխումների հանդեպ, գումարած նաեւ Թուրքիայում անհասկանալի ակտիվ գործունեություն ծավալած Րաֆֆի Հովհաննիսյանին չդիպչելը, բավականին հետաքրքիր եզրակացությունների տեղիք է տալիս:
Այդ երեքը` Ռոբերտ Քոչարյան, Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Րաֆֆի Հովհաննիսյան, թեեւ ահավոր վարկաբեկված են, սակայն նրանց «ծանրքաշային» համարողներ կան: Ինչպես կասեր գյումրեցին` «ինչքան էլ դավեն (ուղտը- խմբ.) սատկի, էլի կաշին մէ իշուն բեռ է»: Իսկ ով պետք է մարդ փնտրի, որպեսզի իր խաղը խաղարկի Հայաստանի տարածքում: Բնականաբար, ոչ ռուսներին, քանզի հետեւողականորեն Եվրասիական ինտեգրում իրականացնող ՀՀ իշխանությունները Մոսկվային լրիվ ձեռնտու են: Խաղ խաղալու դրդապատճառ ունեն ԱՄՆ-ն եւ Եվրոպան, քանզի նրանց շահերը ոչ մի տեղ չեն գոլորշիացել, թեեւ Ռիգայի գագաթնաժողովում փաստացի արձանագրվեց Արեւելյան գործընկերության ծրագրի մահախոսականը:
Ինչպե՞ս պետք է խաղան: Բնականաբար, այն ֆիգուրները, որոնց «կաշին մէ իշուն բեռ է», չպետք է զբաղվեն հակառուսական թունդ քարոզչությամբ, քանզի դրանով միանգամից կվանեն հայ ընտրողներին: Ռուսական «ֆրոնտում» նրանց թույլատրված է հարվածել Զորի Բալայանի տիպի գործիչներին, բայց ոչ երբեք ռուսներին անվանել «ռուսուլման» կամ «սպիտակ թուրք»: Այդ կեղտոտ աշխատանքը առանց իրենց կանեն նրանք, ում քոչարյանականներն ու լեւոնականները համառորեն պիտակում են «Բաղրամյան 26-ի հաճախորդ»:
Հա, համ էլ այդ ինչպե՞ս եղավ, որ Րաֆֆին ինչ խելքը փչի այժմ իրականացնում է Թուրքիայում, բայց թուրք իշխանությունները դա հանդուրժում են, թեեւ Րաֆֆու կուսակից Զարուհի Փոստանջյանը հանդես է գալիս այնպիսի թունդ հակաթուրքական նախագծերով, որ, երեւի թե, «Ստամբուլն արյան ծով» դարձնող դաշնակները վաղուց նախանձից կանաչել են: Արդյո՞ք «Ժառանգության» ամերիկյան «պապաները» ջանք չեն գործադրել, որ Թուրքիայում Րաֆֆուն չխանգարեն...
ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ
Իսկ այժմ` նրանց մասին, ում երկու նախկին նախագահների ճամբարները «Սերժ Սարգսյանի շպիոն» են հանում: Նախեւառաջ, խոսքն, իհարկե, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» եւ Ժիրայր Սէֆիլյանի «Հիմնադիր խորհրդարանի» մասին է: Ժիրոյենց թեկուզ բանտից բաց են թողել, սակայն քր. գործի խափանման միջոցին դամոկլյան սուրը գլխներին կախված է, ու իզուր չէր, որ ե՛ւ Տեր-Պետրոսյանին, ե՛ւ Քոչարյանին ժամանակին ծառայած Գարեգին Չուգասզյանին երկրից բաց չթողեցին: Նիկոլենք էլ դրանից դաս են առել ու այդ պատճառով գերազանցում են ծայրահեղ խոսքով հանդես չգալ եւ մեծ-մեծ չփրթել: Ու, կարծես թե, այդ երկու ուժերի միջեւ համագործակցությունը նորմալ ստացվում է: Նրանց աչքի գրողն էլ թերեւս իշխանությունից ավելի շատ երկու նախկին նախագահներն են: Ու նրանք էլ հետաքրքիր է, որ Թուրքիային գործունեություն ծավալած Րաֆֆիին չեն անպատվում: Ուրեմն ինչ, այս երկուսի շուրջ հավաքվող ճամբարն է՞լ է պայքարում քեռի Սեմի կարկանդակի համար: Ու, բնականաբար, այդ հարցում մրցակիցներն իրար ավելի շատ պետք է ատեն, քան «պաշտոնական թշնամի» հռչակված իշխանություններին:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա առաջին հայացքից քաղաքական հոգեբուժության ոլորտին վերաբերող նրա գործողությունները Թուրքիայում լավ էլ հաշվարկված են ու լավ էլ «դաբրո» ստացած Վաշինգտոնից: Զարուհի Փոստանջյանի կողմից առավել քան սուր հակաթուրքական օրինագիծ ներկայացնելը եւ դրա շուրջ աղմուկ սարքելը նույնպես նույն օղակի շարունակությունն է: Ու նման է, որ ընդդիմության այս թեւը խաղալու է ծայրահեղ ազգայնականների դեր:
Հիմա կարելի է ենթադրել, որ առաջինը խաղի մեջ մտցնում են Րաֆֆիին, Նիկոլն ու Ժիրոն ներկայացնելու են ընդդիմության արմատական թեւը, իսկ քոչարյանական ու տերպետրոսյանական ճամբարները կորդեգրեն «ծանրակշիռ ընդդիմության» գործառույթը: Հաջորդ փուլին, ըստ նպատակահարմարության` Րաֆֆին կինտեգրվի կամ նախկին նախագահների հետ, կամ արմատական Սէֆիլյան-Փաշինյան դուետին: Իսկ ճտերին կհաշվեն աշնանը, ու սահմանադրական բարեփոխումների դեմ ով ավելի արդյունավետ խոչընդոտներ կստեղծի, նա էլ կհավակնի դառնալու ապագա ԱԺ-ի ամերիկյան լոբբիստական խումբ:
Ի դեպ, շատ վտանգավոր դետոնատորի դեր կարող է խաղալ էլեկտրաէներգիայի թանկացումը: Այդ ինչո՞ւ հանկարծ «սատանի պարը» հենց կամրջին բռնեց... Ու արդյո՞ք Անատոլի Չուբայսի կապերը ամերիկյան, մասոնական եւ այլ կենտրոնների հետ հօդս են ցնդել: Կհարցնեք` ի՞նչ կապ ունի Չուբայսը սակագնի հետ: Այնքան միամիտ եք, որ համարում եք թե չունի՞:
Ամփոփենք` քեռի Սեմը աշնան համար նախապատրաստել է մեր երկրի ներսում լավ համակարգված խաղ, որի մասնակիցների դերաբաժանումը կա: Կհաջողվի՞ նրանց աշնանային 9-րդ ալիք բարձրացնել... Ինչեւէ, կարծում ենք, որ այս փուլում էլ Սերժ Սարգսյանը կապացուցի, որ միանգամայն տրամաբանորեն է ղեկավարում նաեւ Շախմատի ֆեդերացիան:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

