ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ VS ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ԻՆՁ ՀԵՏ «ԴՈՒՔ»-ՈՎ ԽՈՍԵՔ…»
Արխիվ 12-16ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ VS ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ԻՆՁ ՀԵՏ
«ԴՈՒՔ»-ՈՎ ԽՈՍԵՔ…»
Այսօր տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ու ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը բանավիճեցին: Հարցը վերաբերում էր գազի ժամանակավոր հանձնաժողովի հայտնաբերած խախտումները և չարաշահումները դատախազություն ուղարկելուն: «Դուք ասում եք` մի դեպքում կիրառել են 1,5 գործակից, մի դեպքում չեն կիրառել: Ես ասում եմ` փաստեր ունե՞ք: Գոնե մի փաստ բերեք»,- առաջարկեց Վարդան Այվազյանը:
Հաղորդում, ըստ Վարդան Այվազյանի, պետք է ներկայացնի իրավաբանական անձը: «Դե գնացեք, ասեք, ինչի եք մեզ ներքաշում: Ես չեմ ուզում ասեմ»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Վարդան Այվազյանը ՀԱԿ պատգամավորին ասաց, որ դատախազությունը կարող է կայքից վերցնել հանձնաժողովի եզրակացությունն ու քրեական գործ հարուցել: Բացի այդ` ԱԺ-ի մյուս խմբակցությունները որոշել են ստեղծել մոնիտորինգի աշխատանքային խումբ, բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ ՀԱԿ-ի, միացել են նախաձեռնությանը:
Արամ Մանուկյանն էլ հիշեցրեց Այվազյանին, որ ինքը ցուցմունք տվող չէ, հետաքննիչ չէ: Ինքը ԱԺ-ում երեւույթն է քննարկում ու բարձրաձայնում:
ՀԱԿ-ը, ըստ պատգամավորի, գազի հանձնաժողովի եզրակացությունն ուղարկելու է դատախազություն: «Եթե մենք սխալ ենք, թող դատախազությունը ջարդի մեր փաստարկները, ասի, որ Արամ Մանուկյանը հերյուրանքով է զբաղված: Պարզապես այլ բան է, երբ եզրակացությունն ուղարկվում է դատախազություն ԱԺ-ի կողմից, այլ բան է, երբ դա ուղարկվում է պատգամավորի կամ կուսակցության կողմից»,- մանրամասնեց պրն Մանուկյանը:
Բանավեճն այսքանով չավարտվեց: Բանը հասավ միմյանց սաստելով եւ կոչ անելով իրար հետ հարգանքով խոսելուն:
Արամ Մանուկյան- «Ես ձեզ արդեն որերորդ անգամ զգուշացնում եմ՝ ինձ հետ հոգնակիով խոսել: Մենք հանձնաժողովի նիստի ենք, կարող եք առանձին դու-ով խոսել:
Վարդան Այվազյան- Ես ձեզ հետ դուք-ով եմ խոսում. Ձեզ, որ ասում եմ պարոն-Դուք, դա հոգնակի է, շարահյուսականը հիշեք:
Ի վերջո, Արամ Մանուկյանի առաջարկը ոչ դրական եզրակացություն ստացավ, որից հետո պատգամավորը լքեց նիստերի դահլիճը:
Ի դեպ, հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ Հունիսի 12-ին` ժամը 12:00-ին, կազմակերպվելու են ընդլայված լսումներ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հոսանքի սակագնի թանկացման հայտի վերաբերյալ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

