ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ` ԱԺ-ՈՒՄ. «ՀԻՄԱ ԴԱԳԱՂԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ ԸՆԴՈՒՆԵ՞ՆՔ»
Արխիվ 12-16ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ`ԱԺ-ՈՒՄ. «ՀԻՄԱ
ԴԱԳԱՂԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ ԸՆԴՈՒՆԵ՞ՆՔ»
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում առաջարկեց ուժը կորցրած ճանաչել ձայնասկավառակների մասին օրենքը, մասնավորապես, դրոշմապիտակավորումը վերացնել, մտածել նոր մեխանիզմ հեղինակային իրավունքի պաշտպանության: «Առանց այդ էլ ձայնասկավառակների բիզնեսը մահանում է, վերանում»,- ասաց պրն Եղիազարյանը:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ ասաց. «Դե մահացողի վրա ինչի՞ ենք օրենք դնում»:
«Դե մահացողի վրա ինչի եք լրացուցիչ սահմանափակում դնում: Դե թողեք իր համար մեռնի»,- արձագանքեց կառավարության ներկայացուցիչը:
«Հիմա օրենք ընդունենք դագաղի մասի՞ն»,- զարմացած եւ կատակով հարցրեց Վարդան Այվազյանը:
«Դե ձայնասակավառակների բիզնեսը ինքն իրեն վերանում է, մի քիչ հեշտացնենք»,- ասաց Եղիազարյանը:
Վարդան Այվազյանն ընդունում է` դաշտում խնդիր կա. երգիչները դեռ ձայնասկավառակ չթողարկած իրենց արտադրանքը զարտուղի ճանապարհներով հայտնվում է վաճառքում: «Համապարփակ լուծում առաջարկեք խնդիրը լուծելու համար»,- ասաց Վարդան Այվազյանը: Նա նաեւ առաջարկեց հարցն օրակարգ մտցնել եւ քննարկել:
Ի դեպ, «Իրավունքը» Արմեն Եղիազարյանից, կառավարության ներկայացուցչից փորձեց հստակեցնել` դրոշմապիտակներ չամրացնելը ձայնասկավառակների վրա, սակայն համոզիչ պատասխան այդպես էլ չլսեցինք: «Դե հանենք սահմանափակումները, թող ինքն իրեն մեռնի»,- եզրափակեց Եղիազարյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

