ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ՆՎԱԶԵԼ Է
Արխիվ 12-16ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ՆՎԱԶԵԼ Է
Բուռն քննական շրջանն արդեն սկսված է: Կան արդեն առաջին «պտուղները»՝ Ընդհանուր պատմություն, Աշխարհագրություն, Կենսաբանություն առարկաներից: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի մասնագետ ԳՈՀԱՐ ՉԱԼՈՒՄՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում տեղեկացրեց. «Ընդհանուր պատմություն առարկայից դիմորդների քանակը 129-ն է եղել: Միջին միավորը` 13,33: Աշխարհագրություն հանձնել է 319 հոգի: Միջին միավորը 13,95-ն է եղել: Կենսաբանություն առարկայից քննություն հանձնել է 1356 դիմորդ: Միջին միավորը 12,91-ն է»:
Տիկին Գ. Չալումյանը նշեց, որ երեք առարկաներից բացակայողների ընդհանուր թիվը 61-ն է եղել: «Ինչ-ինչ պատճառներով քննություններից բացակայած դիմորդները իրավունք ունեն կրկին հայտագրվելու եւ մասնակցելու քննություններին` երկրորդ փուլում, եթե առողջական խնդիրներ են ունեցել եւ այլն»,- ընդգծեց նա:
Խոսելով դիմորդների ընդհանուր թվի մասին, տիկին Չալումյանը նշեց, որ այս տարի առաջին փուլով հայտագրված դիմորդների թիվը հանրապետությունում փոքր-ինչ նվազել է, նախորդ տարվա համեմատությամբ (2014թ.-ին 12.500 է եղել,- հեղինակ): «Այս տարի առաջին փուլի համար հայտագրվել է 11803 դիմորդ` այդ թվում ԼՂՀ-ից», - ասաց նա:
Սակայն դիմորդների թվի նվազման ճշգրիտ պատկերը, ըստ ԳԹԿ-ի, պարզ կլինի երկրորդ փուլի արդյունքներն ամփոփելուց հետո:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

