ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՀԵՏ ՎԵՐՑՐԵՑ ՆԱԽԱԳԻԾԸ, ԲԱՅՑ…
Արխիվ 12-16ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՀԵՏ ՎԵՐՑՐԵՑ ՆԱԽԱԳԻԾԸ, ԲԱՅՑ…
Այսօր ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դռնփակ քննարկվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին նախագիծը: Մոտ մեկ ժամ տեւած քննարկումից հետո Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերին պետք է որոշում ընդունվի անցկացնել խորհրդարանական լսումներ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, որից հետո պետք է նախագիծ ներկայացվի: Լրագրողները հետաքրքրվեցին` նորից առաջ քաշվելու է վերոնշյա՞լ նախագիծը: «Միգուցե ավելացրած պահանջներով»,- ասաց պատգամավորը:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ հեղինակը որոշեց հետ վերցնել նախագիծը լրամշակման նպատակով: Հանձնաժողովն առաջարկեց աշնանը կազմակերպել լսումներ հայ-թուրքական հարաբերությունների մասին:
«Իրավունքի» դիտարկմանը, թե տիկին Փոստանջյանի նախագիծը, փաստորեն, այդքան էլ չի հակասում մեր ազգային շահերին եւ հակահայկական բնույթ չունի, պրն Զաքարյանի խոսքով` տարբեր մոտեցումներ կան նախագծի մասին. «Իմ կարծիքով նպատահարմար չէ նման խնդիր քննարկել, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ճանապարհին այս նախագիծն այն չէ, ինչ պետք է: Չեմ կարծում` խորհրդարանական մակարդակում քննարկումները կարող են դրական ազդեցություն ունենալ այս փուլում: Բայց լսումներ աշնանը կանենք»,- եզրափակեց Ա. Զաքարյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

