ԳԱԶԱՆԱՆՈՑՈՒՄ ԼԵՄՈՒՐՆԵՐԻ ԿՂԶԻՆ «ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԼԻՆԵԼ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾԸ»
Արխիվ 12-16ԳԱԶԱՆԱՆՈՑՈՒՄ ԼԵՄՈՒՐՆԵՐԻ ԿՂԶԻՆ
«ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԼԻՆԵԼ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾԸ»

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ` տեւական ընդմիջումից հետո հայ մանուկների համար իր դռները բացեց նաեւ Կենդանաբանական այգին: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը պատմեց, թե բավականին երկարատեւ ու թանկարժեք վերանորոգումն ինչ է տվել այգուն:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւս թոռնիկների հետ այցելել է Երեւանի կենդանաբանական այգի, եւ նրան ուղեկցող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրեց, թե՝ 2013-2015թթ. այգու վերանորոգման եւ զարգացման ծրագրով ինչ աշխատանքներ են իրականացվել: Մասնավորապես, որ նման լայնածավալ աշխատանքներ այգում չեն կատարվել հիմնադրման օրվանից:
2013 թվականից սկսած, կատարվել են շուրջ մեկ միլիարդ դրամի շինարարական եւ դիզայներական լուծումներով աշխատանքներ: Այդ թվում՝ վերանորոգվել է նաեւ այգու խորհրդանիշ համարվող ճարտարապետական քարակերտ կամարով մուտքը, որը գործառութային առումով դարձել է այգու նախամուտք: Զգալիորեն ընդլայնվել ու հարմարավետ է դարձել ավտոկայանատեղին: Կառուցվել է ժամանակակից սարքավորումներով հագեցած զոոկլինիկայի նոր մասնաշենքը: Ծրագրի շրջանակում բարեկարգվել եւ թարմացվել են այգու խորհրդանշական մուտքից մինչեւ գլխավոր անցակետ ընկած հատվածի խաղահրապարակներն ու սպասարկման օբյեկտները: Այգին կահավորվել է մանկական խաղահրապարակներով:
Մեծածավալ աշխատանք է կատարվել ազատավանդակների կառուցման եւ վերակառուցման մասով. կառուցվել են վագրերի, սայմիրների, լեմուրների, ջրասամույրների, սուրիկատների եւ լորիների ազատավանդակները: Նախկինում 100 քմ տարածք զբաղեցնող վանդակների փոխարեն այժմ վագրերի համար շուրջ 5500 քմ մակերեսով ազատավանդակ է կառուցվել: Լեմուրներն այգում իրենց յուրօրինակ կղզին ունեն, որը հավակնում է լինել աշխարհում ամենամեծը: Վերակառուցվել են նաեւ արջերի եւ ուղտերի ազատավանդակները, բարեկարգվել եւ թարմացվել են առկա վանդակներն ու շինությունները: Այգում նաեւ նոր ձիարշավարան է կառուցվել: Յուրօրինակ տեղանքն օգտագործելով` կառուցվել են արհեստական ջրվեժներ: «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի հետ համագործակցված աշխատանքի արդյունքում հիմնովին փոխվել է լուսավորության համակարգը. անցկացվել է ստորգետնյա մալուխային ցանց, յուրօրինակ գեղարվեստական ձեւավորումներով լուսատուներն աշխատում են ժամանակակից խնայողական լեդ լամպերով: Ասֆալտապատվել են այգու բոլոր ճանապարհներն ու ճեմուղիները: Այգին մաքրվել է ոչ պիտանի եւ անշուք շինություններից, կառուցվել են ճեմուղի տախտակամածներ, որոնք նաեւ որպես դիտակետեր են ծառայում: Տեղադրվել են նոր ցայտաղբյուրներ, կանաչապատվել է 7000 քմ հողատարածք, տնկվել են նոր ծառատեսակներ եւ թփեր, իրականացվել են ինքնատիպ ծաղկային ձեւավորումներ:
Իհարկե՝ Երեւանի կենդանաբանական այգուն, այն էլ՝ ժամանակին տեղի ունեցած մի քանի սկանդալային պատմություններից հետո, այս կերպ նոր շունչ տալը, ինչքան էլ որ մեծ ծախսեր են արվել, միայն ողջունելի է: Բայց չմոռանանք, որ մեդալն ունի նաեւ հակառակ կողմը. այսքանից հետո Կենդանաբանական այգին կկարողանա՞ դեպի իրեն գրավել մեծ թվով այցելուների. հակառակ դեպքում` ամեն ինչ անիմաստ կդառնա: Իսկ այցելուներին, այն էլ այս ծանր ժամանակներում, հնարավոր է հրապուրել միայն մատչելի եւ ճկուն գնային քաղաքականությամբ. ի վերջո էժան եւ շատ այցելուների պարագայում ավելի մեծ եկամուտներ են լինելու, քան՝ բարձր գների ու քիչ այցելուների: Բայց դե, կտեսնենք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

