ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ. «ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ ԹՈՂ ԳՆԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳԻՐԿԸ»
Արխիվ 12-16ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ. «ԸՆԴԴԻՄԱԴԻՐ
ՈՒԺԵՐԸ ԹՈՂ ԳՆԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳԻՐԿԸ»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համագումարից հետո «Իրավունքը» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանին մի քանի հարց ուղղեց` կուսակցության անելիքների եւ քաղաքական այլ ուժերի հետ հետագա համագործակցության մասին:
Պրն Միքայելյան, քաղաքական որեւէ ուժի կամ ուժերի հրավիրե՞լ եք մասնակցելու համագումարին:
– Ո՛չ, ոչ մեկին:
– Անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն չեք հրավիրել մասնակցելու կուսակցության համագումարին...
– Ոչ, ասում եմ` ոչ մեկին: Ինչի Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչո՞վ է տարբերվում ուրիշներից: Մեր կուսակցության մեխն էլ հենց դա էլ եղել, որ ոչ մեկին չհրավիրենք, ոչ մեկին չմիանանք: Դե գիտեք, դաշինքներ, միավորումներ… Բերել եւ ժողովրդին հասցրել են էս վիճակին:
– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գործելու է ընդդիմադիր դաշտո՞ւմ:
– Ընդդիմադիր դաշտը ո՞րն է…
– Լավ, ոչ իշխանական…
– Չէ՛, հենց ընդդիմադիր, մենք ով ենք, որ ոչ իշխանական… Էդ ինչ ես մեզ կպցնում: Ես դա չեմ հասկանում` «ոչ իշխանական»` նոր լեքսիկոն է մտել քաղաքականության մեջ: Կամ ընդդիմություն ես, կամ` իշխանություն: Մենք միտում չունենք երկար մնալու ընդդիմություն: Մենք ցանկանում ենք ձեւավորել համահայկական կառույց, որը կկարողանա փոխել մեր ներքաղաքական մթնոլորտը:
– Որպես ընդդիմադիր ուժ` ընդդիմադիր ո՞ր ուժերի հետ է «Քաղաքացիական պայմանագիրը» համագործակցելու:
– Առայժմ ոչ մեկի հետ: Թող ինձ ներեն բոլորը... Նոր ձեւավորված ընդդիմադիր քաղաքական ուժերից չգիտեմ… Մենք նոր ենք ձեւավորվում, ո՞ւմ հետ համագործակցենք: Եթե ընթացքում կլինեն ուժեր, մենք կհամագործակցենք, բայց ոչ հիմա: Ինչքան համախմբում եղել է, միանգամից փլվել է:
– Բայց այն ընդդիմադիր ուժերը, որոնք տարիների պատմություն ունեն…
– Դե, թող գնան պատմության գիրկը, եկել ենք` նրանց ուղարկենք պատմության գիրկը:
– Նկատի ունեմ` ինչո՞ւ նրանց ընդդիմություն չեք համարում:
– Իրենց գործունեության համար: Պիտի էդպես անեին, որ մեր երկրում այս իրավիճակն ու այս մթնոլորտը չձեւավորվեր:
– Իշխանափոխություն պահանջելո՞ւ է կուսակցությունը:
– Անկասկած:
– «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության հետ համագործակցելո՞ւ է «Քաղաքացիական պայմանագիրը»:
– Եկեք այդ հարցին հիմա չպատասխանեմ: Նոր կուսակցություն է ձեւավորվել, ընթացքում կորոշենք:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

