«ՊԵՏՔ Է ԱՊՐԵԼ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅՈՎ, ՈՉ ԹԵ ԿԱՐԻՃ ԴԱՌՆԱԼ ՈՒ ԽԱՅԹԵԼ ՄՏԵՐԻՄԻՆ»
Արխիվ 12-16«ՊԵՏՔ Է ԱՊՐԵԼ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅՈՎ,
ՈՉ ԹԵ ԿԱՐԻՃ ԴԱՌՆԱԼ ՈՒ ԽԱՅԹԵԼ ՄՏԵՐԻՄԻՆ»
Նախորդ կիրակի Վրաստանի մայրաքաղաքը կրկին վերածվել էր փոքրիկ Հայաստանի: Վիրահայերը` վրացիների ու Թբիլիսիում ապրող այլ ազգությունների ներկայացուցիչների հետ հավաքվել էին Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու հրապարակում` նշելու ավանդական դարձած սայաթնովյան Վարդատոնը: Տոնակատարությանը ներկա էր նաեւ «Իրավունքը» եւ տոնի, մեծ սիրերգակի ու սայաթնովյան գաղափարախոսության մասին էլ զրուցեց թիֆլիսաբնակ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, Վրաստանի գրողների միության «Կամուրջ» հայալեզու տարեգրքի խմբագիր ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ, ով, ի տարբերություն շատ մտավորականների, մինչեւ վերջ մնաց տոնակատարությանը` միեւնույն ժամանակ, հասցնելով գնալ նաեւ մեկ այլ գրական միջոցառման:
«ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ՄՆԱԼ ՄԱՐԴ»
-Տիկին Բոստանջյան, անդրադառնանք թիֆլիսյան, բայց ի վերջո հայկական այս միջոցառմանը:
- Սրբազան օր է ինձ համար այս օրը: 1974 թվականից տոնակատարությանը գործուն մասնակցություն եմ ունենում` խոսքով, ելույթով, առաջին տարիներին նաեւ ասմունքով, մի երկու անգամ նաեւ գեղարվեստական մասը վարելով: Սա ինձ համար մի ուրիշ տոն է եւ ոչ թե երգ լսելու օր: Իհարկե, հավանում եմ ժողովրդական այս տոնախմբությունը, բայց ասել, թե անձամբ գերապատվություն եմ տալիս այս կերպ Սայաթ-Նովայի հիշատակին խոնարհումի` ոչ: Կուզեի, որ այն դառնար մարդ մնալու, մարդակերտման սայաթնովյան օր եւ ոչ թե զուտ ժամանցի վայր, որտեղ երգ են լսում, ոգեւորվում ու հուզվում են, իսկ մի օր անց մի վատ բան անում... Այսինքն` պետք է ապրել Սայաթ-Նովայով եւ ոչ թե կարիճ դառնալ ու խայթել մտերիմին: Հենց Սայաթ-Նովան է ասել` «Յիս մարդ մարթ իմ` նամարդութին չիմ ուզում»: Իսկ կա՞ մի օր, որ չլսենք ինչ-որ մեկի ինչ-որ մեկին արած «նամարդության» մասին: Խոսքն իմ եւ քո, կամ էլ մեկ ուրիշի մասին չէ, այլ այս երեւույթը մարդկության մեջ` հենց հայերիս մեջ դեռ չի մեռնում, ու դա փաստ է: Պետք է սրբորեն ապրել, մարիփաթով, այսինքն` շնորհքով` «մարթուս զարթըն էլ նրա մարիփաթըն է» ասում է նա ու հորդորում մարդուն` «միխկըտ սըրփե, հոգիտ արդար, սուրփ պահե...»:
- Ձեզ համար Սայաթ-Նովան մեծ սիրերգա՞կ է, փիլիսոփա՞, թե...
- Երջանիկ եմ, որ Թիֆլիսում եմ ծնվել ու շնչում եմ այն օդը, որը շնչել է Սայաթ-Նովան: Ինձ համար նա` մեծ բեզարածը, ինչպես Պարույր Սեւակն է անվանել, մնում է այն մեծությունը, որից սովորում եմ ամբողջ կյանքում: Ամեն կերպ փորձում եմ ապրել` Սայաթ-Նովային լսելով: Ավելին` ինձ թվում է, որ նրանից ավելի մեծ ուսուցիչ չունենք, որովհետեւ նա ե՛ւ խոսքով, ե՛ւ երգով, ե՛ւ նվագով, ե՛ւ իր ամբողջ կյանքով օրինակ է մեզ համար: Կյանքի փորձս բերեց այն համոզման, որ հանճարեղ սիրերգակ լինելով հանդերձ` Սայաթ-Նովան ամենից առաջ մեծ փիլիսոփա է: Նրա ամեն բառը մի աշխարհ է, մի դաս: Նա պատահական ոչ մի տող չի գրել, ու բոլորն էլ ուղղված են մարդուն մարդ դարձնելու նպատակին, մարդու հոգեւոր աշխարհը ամուր պահելու նպատակին` «հոգուտ տունը շինե ամուր, հիմնավոր, Նոյի նըման հեղեղիցն էլ ահ չըգա»:
«ՆԱ ԻՐ ՀԱՅ ԼԻՆԵԼԸ ՉԻ ՉԱՐԱՇԱՀԵԼ ԵՐԲԵՔ»
-Սայաթ-Նովայի ազգային պատկանելության հարցը մշտապես հարեւան երկրների համար բանավեճի թեմա է եղել, քանի որ Սայաթ-Նովան ստեղծագործել է հայերեն, վրացերեն, թուրքերեն: Ի՞նչ կասեք այս մասին:
- Սայաթ-Նովան, քանի որ մեծ հումանիստ, ինտերնացիոնալիստ է, ապրելով Թիֆլիսում` սիրել է բոլոր ազգությունների ներկայացուցիչներին: Առավել եւս` մինչեւ 30 տարեկան գրել է վրացերեն: Ասում են նաեւ, թե նա չի նշում, որ հայ է: Այդպես չէ, սակայն: Պարզապես սա պայմանավորված է նրանով, որ Սայաթ-Նովան այն մարդասերն էր, այն հումանիստը, որն իր հայ լինելը չի չարաշահել կամ շահարկել երբեք եւ ամեն պահի չի ասել` ես հայ եմ: Ինձ թվում է` հայրենասիրությունը սրա մեջ չէ, որ ամեն րոպե բարձրաձայնեն այդ մասին: Սակայն, տեսեք, այդ հարցի պատասխանը հենց ինքն է տվել` ասելով. «Սայաթ-Նովեն ինքը հայ է` իր հավատքին ամուր կանգնած» եւ ընդգծելով. «Միռնիլուս համա չիմ հոքում, ցի՛ղի համա իմ լալի»: Այս երկու տողն արդեն բավական է, որ մենք կատարենք մեծ ընդհանրացում ու տեսնենք, որ ինքն իր ազգային արմատներին ամուր է կանգնած: Ուղղակի, նա այնպիսի մարդ է եղել, որը կանգնած էր «տընանգի, խեղճի, նաչարի կողքին...»:
- Ամփոփելով 101-րդ Վարդատոնը` ի՞նչ կմաղթեք մեր հայրենակիցներին` Հայաստանում, Վրաստանում եւ այլուր:
- Ուզում եմ, որ ամենքը Սայաթ-Նովա կարդան ու հասկանան, որ չի կարելի մտերիմի «տակը փորել»... Որովհետեւ ուրիշի համար փոս փորողն ինքն է ընկնում մեջը: Իսկ ով մաքուր է` խիղճը հանգիստ է: Դարձյալ վկայակոչեմ Սայաթ-Նովային` «Հոր չիմ փորիլ, վոր ընգնիմ էդ հորը յիս»: Այսօրն ինձ համար տարվա միակ օրը չէ, որ սայաթնովյան է, այլ 365 օր էլ ոտքով-գլխով, ամբողջ էությամբ ապրում եմ Սայաթ-Նովայով: Նույնիսկ երբ երկինք եմ նայում, ինձ թվում է նա վերեւից ասում է. «Հիմա նենց բան կօսիմ, վուր ամպերում կգոռա»: Այնպես որ, լսենք Սայաթ-Նովային, սիրենք Սայաթ-Նովային ու սովորենք մարդ մնալ: Նաեւ զգույշ եղեք: Չէ որ Սայաթ-Նովան զգուշացնում է մեզ. «Փուշ կա, աչկըդ փակ, վարթ քաղող չըլիս դուն»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ԹԻՖԼԻՍ-ԵՐԵՎԱՆ

