ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ ՊՈՐՏՈՒԳԱԼԱՑԻՆԵՐԻ ԴԵՄ ԽԱՂՈՒՄ
Արխիվ 12-16ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ ՊՈՐՏՈՒԳԱԼԱՑԻՆԵՐԻ ԴԵՄ ԽԱՂՈՒՄ

Հաշված օրեր են մնում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում կայանալիք Հայաստան-Պորտուգալիա անչափ կարեւոր հանդիպմանը: Թիմերի կազմերը արդեն մոտավորապես հայտնի են, մարզիչները ներկայացրել են հանդիպմանը հայտավորված ֆուտբոլիստների անունները:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր նորամուտը նշող Սարգիս Հովսեփյանը, թեեւ փորձել է հնարավորինս թարմացնել թիմի կազմը, բայց, հասկանալի է, որ նորից պարտադրված էր հիմնական շեշտը դնել այլ երկրներում հանդես եկող մեր ֆուտբոլիստների վրա, իսկ մեր ներքին առաջնությունից հրավեր են ստացել միայն «Փյունիկի» 7 ներկայացուցիչներն ու «Գանձասար Կապանի» պաշտպան Արթուր Ավագյանը:Հավաքականի ծանոթ կազմից բացակայում է Մինսկի «Դինամոյի» կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը: Պատճառը, սակայն, ոչ թե վնասվածքն է կամ նման բան (Եդիգարյանը մասնակցել է բելառուսական ակումբի նախորդ խաղին¤, այլ Սարգիս Հովսեփյանը կարծում է, որ նրան փոխարինողներ կան, ովքեր «գործն» ավելի լավ են անում: Գաել Անդոյանը եւս ցուցակում է, ով իր նորամուտը նշել էր Բեռնար Շալանդի օրոք` Ալբանիայի դեմ կայացած հանդիպման ժամանակ:
Թիմ է հրավիրվել նաեւ Յուրա Մովսիսյանը, ում մասնակցությունը հանդիպմանը դեռ հարցականի տակ է. վնասվածքի պատճառով Մովսիսյանը բաց էր թողել Ռուսաստանի առաջնության վերջին 2 տուրերի խաղերը, ինչպես նաեւ չէր ընդգրկվել Հայաստանի հավաքական հրավիրված արտերկրում հանդես եկող 12 ֆուտբոլիստների ցուցակում: Բժշկական շտաբը որոշում կկայացնի` Մովսիսյանի մասնակցության հետ կապված, միայն թե որքանով է ճիշտ վնասվածքից լիովին չապաքինված ֆուտբոլիստ դուրս բերել խաղադաշտ, եթե անգամ այդ ֆուտբոլիստը Մովսիսյանն է: Հատկապես որ Արթուր Սարկիսովն այս պահին բավականին լավ մարզավիճակում է:
Մովսիսյանի ակումբային խաղընկեր Արաս Օզբիլիսն էլ, ով, թեեւ արդեն հասցրել է վերականգնվել, սակայն հասկանալի է, որ լավագույն մարզավիճակին դեռ չի հասել: Այնուամենայնիվ, Օզբիլիսը հնարավորություն կստանա խաղադաշտ դուրս գալու. Սարգիս Հովսեփյանը այստեղ պարզապես այլ տարբերակներ չունի:
Բոլոր հույսերը շարունակում են կապվել Մխիթարյանի լավ մարզավիճակի հետ: Հենրիխը «Բորուսիայի» կազմում մրցաշրջանի վերջին խաղերում ապացուցեց, որ իր լավ խաղով կարող է թիմին տանել իր հետեւից եւ որոշիչ դեր ունենալ հանդիպման ընթացքի վրա: Բայց ամեն դեպքում փաստ է, որ Հովսեփյանը հավաքականի կազմի հետ կապված խնդիրներ, այնուամենայնիվ, ունի: Իսկ դա ամենեւին էլ հաճելի չէ, առավել եւս, որ այս հանդիպմանը մեծ կարեւորություն է տալիս նաեւ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը, ով նշել է. «Հայաստանի հավաքականի համար առաջիկա հանդիպումը կունենա եզրափակչի նշանակություն: Նրանք ուժեղ են եւ մոտիվացված: Քիչ կարեւոր չէ նաեւ այն, որ մրցակիցն ունի նոր գլխավոր մարզիչ: Վստահ եմ, որ իմ ֆուտբոլիստները կխաղան շատ ուշադիր, քանի որ մեզ համար եւս շատ կարեւոր հանդիպում է»:
Հիշեցնենք, որ I խմբում Պորտուգալիան 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Հայաստանի թիմը 1 միավորով վերջին տեղում է:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

