ԵՐԵՎՈՒՄ Է, ՈՐ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԸ ՉԵՆ ԷԺԱՆԱՑՆԻ
Արխիվ 12-16ԵՐԵՎՈՒՄ Է, ՈՐ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԸ ՉԵՆ ԷԺԱՆԱՑՆԻ

Վերջին օրերին գնալով սրվում է գյուղացիներից մթերվող կաթի գները նվազեցնելու շուրջ աղմուկը: Սակայն՝ որքան էլ մթերումների գներն ընկնում են, մեկ է՝ դա որեւէ կերպ չի անդրադառնում կաթնամթերքի գների վրա. դրանք մնում են դեռ ձմռանը հաստատված մակարդակում, երբ կաթը մթերվում էր ձմեռային գերթանկ գներով: Թե ինչով է պայմանավորված կաթնամթերքի շուկայում գործող գերբարձր գները, փորձեցինք պարզել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԻՑ, ով բավական տարօրինակ պատասխան տվեց.
Կաթնամթերքի գնագոյացման վրա ազդում են բազմապիսի գործոններ, եւ հանձնաժողովը նախկինում էլ է մի շարք ուսումնասիրություններ իրականացրել: Բայց երեկ մենք Ագրարագյուղացիական միավորման նախագահ պարոն Բերբերյանից գրություն ենք ստացել, որ զբաղվում է գյուղատնտեսական ոլորտի խնդիրներով, մենք գրությունը կուսումնասիրենք եւ այդ թեմայի վերաբերյալ եթե ասելիք ունենանք, ապա կներկայացնենք հանրությանը: Ուզում եմ մեկ անգամ եւս կրկնել, որ կաթնամթերքի գնագոյացման վրա բազմաթիվ գործոններ են ազդում, եւ այս պահին ես չեմ կարող ասել, թե կոնկրետ որն է կաթնամթերքի գների բարձր լինելու պատճառը: Մենք այսօրվանից ուսումնասիրություններ ենք սկսել, արդյունքների մասին կտեղեկացնենք Ձեզ:
- Պարոն Շաբոյան, ի՞նչ բազմաթիվ գործոնների մասին է խոսքը, երբ կաթնամթերքը, որի արտադրման հիմնական բաղադրիչը կաթն է: Եվ այն, ինչպես գյուղացիներն են ահազանգում, մթերվում է ջրի գնով, սակայն կաթնամթերքի գինը շարունակում է բարձր մնալ:
- Բազմաթիվ գործոններ ասելով, նկատի ունեմ առաջարկը, պահանջարկը, ինքնարժեքի վրա ազդող բազմաթիվ տարրեր: Մեր հանձնաժողովի իրավասությունը հետեւյալն է` մենք վերահսկում ենք այնքանով, որքանով կարող են մրցակցության սահմանափակման երեւույթներ լինել, հակամրցակցային գործողություններ լինել, որոնք կարող են ազդել գնագոյացման վրա: Չէ՞ որ գների վրա ազդում են` առաջարկը, պահանջարկը, ինքնարժեքը, նամանավանդ տվյալ ոլորտում, որը սեզոնային ոլորտ է իրենից ներկայացնում, ուստի կան բազմաթիվ գործոններ եւ տնտեսվարողների հակամրցակցային գործողությունները կարող են ընդամենը դրանց մի փոքր մասը կազմել: Այսինքն մենք պատասխանատու ենք նրա համար, թե կա՞ն արդյոք տնտեսվարողների հակամրցակցային գործողություններ, որոնք ազդում են գների վրա: Մեր երկրում, ինչպես ամբողջ աշխարհում, գների պետական կարգավորում, գների վերահսկողություն չի իրականացվում, այսինքն գները ձեւավորվում են ազատ շուկայական տնտեսության պայմաններում` առաջարկի, պահանջարկի ներքո, եւ մեր դաշտում գտնվում է միայն այն խնդիրը, թե կա՞ն արդյոք հակամրցակցային գործողություններ, որոնք հանգեցնում են գների բարձրացման: Այս տեսակյունից մենք կնայենք եւ ասելիք ունենալու դեպքում` արդյունքները կներկայացնենք:
- Նախնական որեւէ ասելիք դեռ չունե՞ք:
- Ոչ, քանի որ մենք երեկ ենք գրություն ստացել այս թեմայով` պարոն Բերբերյանից: Ես առավոտյան արդեն հանձնարարել եմ այս ուղղությամբ ուսումնասիրություններ իրականացնել:
Ու տեսնես այդ ինչի՞ց է, որ հենց պարոն Շաբոյանին նման հարց տալու առիթ ենք ունենում, պարզվում է, որ նա հենց նույն օրը հանձնարարել է խնդրով զբաղվել: Բայց դա մի կողմ. կաթնամթերքի արտադրության ոլորտում կա մենաշնորհ, այնպես որ՝ այս անգամ առնվազն անհասկանալի է պարոն Շաբոյանի կողմից՝ իր ղեկավարած հանձնաժողովի լիազորություններից այդքան երկար-բարակ խոսելը: Կաթի գների թեման միանշանակ հանձնաժողովի լիազորությունների դաշտում է, իսկ այն, որ կաթի մթերումների գների անկումը միանշանակ պետք է ազդեր շուկայում կաթնամթերքի գների վրա, հազիվ թե մեկը կասկածի: Եվ, վերջապես, անգամ ՀՀ գյուղնախարարությունն է ֆիքսել, որ մթերումների ու Հայաստան ներկրվող կաթի փոշու գների էական անկում կա, այսինքն՝ ՏՄՊՊՀ-ն ոչ թե այսօր, այլ շաբաթներ առաջ պետք է հարցն ուսումնասիրեր: Իսկ որ դա չի արել, փաստ է եւ այելորդ հիշեցում` սույն կառույցի աշխատանքային «որակի» մասին:
«ՈՐՈՇ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐ
ՇԱՀՈՒՅԹՈՎ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ», ԲԱՅՑ...
Ինչեւէ՝ պարոն Շաբոյանի հետ մեր զրույցը շարունակեցինք մեկ այլ թեմայի շուրջ, որով ժամանակին հանձնաժողովն էլի խոստացել էր «լրջորեն զբաղվել»:
- Վերջերս մենք մեկ այլ մտահոգիչ հարցով էինք դիմել Ձեր հանձնաժողովին: Խոսքը Երեւանի եւ մարզերի գազալցակայաններում գազի գների էական տարբերությունների մասին է, որը պարզ ակնարկ է մայրաքաղաքում հակամրցակցային համաձայնության մեծ հավանականության մասին: Դուք նշել էիք, որ ուսումնասիրություններ եք իրականացնում: Դեռ չե՞ն ավարտվել Ձեր կողմից իրականացվող ուսումնասիրությունները:
- Մենք, իհարկե, Ձեր լրատվամիջոցի կողմից բարձրացված հարցադրումների վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացրինք եւ պարզեցինք հետեւյալը. գնագոյացման արդյունքները ցույց տվեցին, որ` այո, գազի գները մարզերում բավականին ցածր մակարդակի վրա են գտնվել: Եվ որոշակի ժամանակահատվածում տնտեսվարողների մոտ մոտավորապես զրոյական շեմի վրա է եղել շահույթը: Բայց դա տեւել է ընդամենը մի քանի ամիս, որից հետո գները նորից բարձրացել են: Խոսքն այն մասին էր, թե կա՞ն արդյոք որոշ տնտեսվարողների կողմից հակամրցակցային գործողություններ, դեմպինգային երեւույթներ: Ամեն դեպքում, մեր հանձնաժողովը բացահայտեց հետեւյալը, որ որոշ տնտեսվարողներ շահույթով են աշխատել, իսկ որոշ տնտեսվարողների մոտ շահույթի մակարդակը եղել է զրոյական մակարդակի վրա (ինչ է, խելագարվե՞լ էին- հեղ.):
Բայց այնուհանդերձ ոլորտը մրցակցային է, եւ այս տեսանկյունից չի կարող խոսք լինել գերիշխող դիրքի չարաշահումների կամ շուկա մուտքի խոչընդոտ կազմակերպելու մասին (իսկ հակամրցակցային համաձայնության մասին կարող է- հեղ.):
Այս մի թեման էլ «մեռավ»: Վստահեցնում ենք՝ ինչպես ամիսներ առաջ, այնպես էլ այս պահին մի շարք մարզերի գազալցակայաններում 1 խմ գազը վաճառվում է 160-170 դրամով, եւ ոչինչ, մարդիկ էլի բավականաչափ շահույթ ունեն ու չեն բողոքում: Բայց ահա Երեւանում՝ 190-200 դրամ սակագինը ստանդարտ է, ու ինչքան էլ պարոն Շաբոյանը չտեսնի հակամրցակցային համաձայնությունը, մեկ է՝ մարզերի համեմատ` 30-40 դրամով կամ 20-25 տոկոսով թանկ գազ վաճառելը հենց այդ մասին է վկայում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

