ԱՐՋԵՐ ՊԱՀՈՂ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ՄԱՐԶՊԵՏՆ ՈՒ ՆՐԱ ԴՈՒՍՏՐԸ «ՏՈՅՈՏԱ»-ՆԵՐՈՎ ԵՆ ՄԱՆ ԳԱԼԻՍ
Արխիվ 12-16ԱՐՋԵՐ ՊԱՀՈՂ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ՄԱՐԶՊԵՏՆ ՈՒ ՆՐԱ
ԴՈՒՍՏՐԸ «ՏՈՅՈՏԱ»-ՆԵՐՈՎ ԵՆ ՄԱՆ ԳԱԼԻՍ
Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովից «Իրավունքը» տեղեկանում է, որ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը դրամական մեծ միջոցների տեր է:
Հիշեցնենք` մարզպետը լրատվամիջոցներին հայտնի դարձավ արջեր պահելու իր սովորությամբ, ինչպես նաեւ նախորդ տարի Տավուշի մարզի Կողբ գյուղում բացված «Սուրբ Հովհաննես» եկեղեցուն առնչվող զավեշտալի իրողությամբ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Սուրբ Հովհաննես» եկեղեցու «Խորհրդավոր ընթրիք» նկարում պատկերված առաքյալներից մեկի եւ մարզպետի դիմագծերի նմանությանը:
Ի տարբերություն մյուս պաշտոնյաների, որոնք խնամքով փորձում են թաքցնել ոչ միայն իրենց, այլեւ իրենց հետ համատեղ ապրող ընտանիքի անդամների ունեցվածը, ՀՀԿ-ական պաշտոնյան բարեխղճորեն ներկայացրել է թե՛ իր, թե՛ կնոջ ու երեխաների ունեցվածքը:
Տավուշի մարզպետի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 31,300,000 դրամ, 110.000 դոլար, ինչպես նաեւ աշխատանքից ստացվող վարձատրություն` 2,583,328 դրամ:
Կենդանասեր Հովիկ Աբովյանը հայարարագրել է նաեւ 7.5.000.000 մլն դրամ արժողությամբ «TOYOTA LAND CRUISER 100 4.5 I» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնյան, սակայն, չի զլացել եւ եւս մի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա իր դստեր` Անուշ Աբովյանի համար է գնել, որն, ի դեպ, ավելի թանկ արժե` 15.000.000 դրամ TOYOTA RAV 4 2.0 GAS ավտոմեքենա:
Հայկական ընտանիքին ու մտածողությանը բնորոշ արտահայտություններից մեկը` տղես ամենալավը պտի քշի, իսկը Հովիկ Աբովյանի որդու` Աշոտ Աբովյանի համար է ասված: Որդին եւս թանկարժեք ` 20.000.000 մլն դրամ MERCEDES-BENZ G55 AMG է հատարարագրել:
Մարզպետի կինը`Աննա Ազատյանն էլ նախորդ տարի 101,000,000 դրամ եւ 400,000 եվրո է հայտարարագրել:
Հ.Գ. Հարց է առաջանում` որտեղի՞ց Տավուշի մարզպետին այսքան մեծ գումարներ: Պատասխանը գտնում ենք նրա կենսագրությունում. մինչ մարզպետ դառնալը, Հովիկ Աբովյանը երկար տարիներ աշխատել է մաքսային եւ հարկային ծառայություններում, որոնք, ինչպես հայտնի է, «ձախ» եկամուտներ կուտակելու լավագույն միջոցներից են: Հավանաբար, հենց այս տարիներին է Հովիկ Աբովյանը օգտվել իրեն ընձեռված «յուղոտ» հնարավորությունից եւ տեղը տեղին հարստություն դիզել: Մնում է պարզել` այդ դիզածի քանի՞ տոկոսն է արդար աշխատանքի շնորհիվ:








ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

