Զարմացած է
Արխիվ 12-16
Ի՞նչ կարծիքի եք, կան արդյոք հայեր Հյուսիսային բեւեռում: Մի շտապեք ժխտական պատասխան տալ, քանզի նախ` հայեր կան ամենուրեք, եւ երկրորդը` կա հայ նավապետ ՎԱԼԵՆՏԻՆ ԴԱՎԻԴՅԱՆՑ, ում հիմնական գործերից մեկն էլ ատոմային սառցահատով զբոսաշրջիկներին Հյուսիսային բեւեռ հասցնելն է: Եվ ահա նրա վկայությամբ. «Հետաքրքրությունը միշտ էլ մեծ է եղել, այն դեպքում, որ ուղեգրերը բավականին թանկ են` միջինը 30 հազար դոլար: Փոխվել է զբոսաշրջիկների կազմը: Երբ 1990թ.-ին «Ռոսիա» սառցահատն առաջին անգամ զբոսաշրջիկներ տեղափոխեց Հյուսիսային բեւեռ, ապա այնտեղ հիմնականում թոշակային տարիքի ամերիկացիներ էին»:
Բայց նավապետի վկայությամբ` ամենուրեք ներկա լինելու հանգամանքով մենք մրցակիցներ ունենք` ի դեմս չինացիների. «Իսկ վերջին տարիներին, իմ կարծիքով, այցելում են գործարարները, հիմնականում` Ասիայի հարավ-արեւելքից, շատ են չինացիները: Առաջին չինացիները տարեցներ էին, իսկ հիմա նրանք էլ չեն այցելում: Այժմ հիմնականում երիտասարդներն են: Ասեմ, որ չինացիները գնում են ամենաթանկ ուղեգրերը: Նրանց տնտեսությունը դինամիկ կերպով զարգանում է: Կարող են իրենց նման հաճույք թույլ տալ»:Այժմ իշխանափոխությանը ոչ ոք չի հավատում: Բացառությամբ մի զարմանալի անձնավորության` ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ: Այդ քյառթու ՀՀՇ-ականը իրոք երջանիկ է, քանզի պնդում է իշխանափոխությունը եւ հավատում իր պնդումներին. «Շտապ պետք է իրականացվի իշխանափոխություն: Ժողովրդի դեմ այսպիսի հանցագործություններ կատարող եւ կատարած իշխանությունն արդեն իր էությունը ցուցադրել է»: Դե ինչ, թեեւ Երջանիկ Աբգարյանի դիրքորոշումը մեզ զարմացնում է, սակայն լավ է, որ նա կա իր տեսակետով: Չէ՞ որ ամենուրեք անհրաժեշտ են վերջին մոհիկանները, եւ քաղաքական դաշտն այդ առումով բացառություն լինել չի կարող:Ի դեպ, զարմանալիորեն արագ իշխանափոխության գաղափարին սկսել են այնքան էլ չհավատալ այդ ուղղության ծայրահեղ ներկայացուցիչները` ի դեմս «Հիմնադիր խորհրդարանի»: Սույն աստվածահաճո հիմնարկության նախագահ ԳԱՐԵԳԻՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԸ հայտարարել է. «Կոնկրետ ժամանակահատված չկա իշխանություններից ազատվելու համար, մենք կարծում ենք, որ դա կլինի այս տարվա ընթացքում: Մենք սկսել են քաղաքական կոնսուլտացիաների շրջան բոլոր այն ուժերի հետ, որոնք այս ընթացքում աջակցել են մեզ»: Դե ինչ, դարձավ ճիշտ ու ճիշտ ժողովրդական ասացվածքը` էշ մի սատկիր, գարուն (ավելի ճիշտ աշուն) կգա:
Իսկ Տնտեսագիտական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ, Նժդեհագետ Արամ Սարգսյանը պնդում է, որ մեր վերնախավում լեփ-լեցուն են այնպիսիք, ովքեր ՆԺԴԵՀԻՆ համարում են ռասիստ եւ ֆաշիստ. «Ցավալի է, բուհերից մեկում մենք ուզում ենք Նժդեհի ցեղակրոնությունը մտցնել հատուկ ուս: Որպեսզի այդ հատուկ ուսը մտցնենք, պետք է հաստատենք գիտական խորհրդում: Գիտական խորհրդում այդպես էլ չկարողացանք հաստատել, որովհետեւ մեծամասնությունն այն կարծիքին է, թե Նժդեհը ռասիստ է, ֆաշիստ է, եւ ճիշտ չէ Նժդեհի միջոցով երիտասարդությանը ռասիզմ եւ ֆաշիզմ քարոզելը»: Եթե գիտնականը չի չափազանցնում, ապա զարմանքով եւ դառնությամբ պետք է արձանագրենք, որ մեր գիտությունը սխալ ձեռքերում է, եւ ընդհանրապես պարզել` այդ խորհրդի անդամները արդյո՞ք իրական հայ են, թե` ոչ: Սակայն, անգամ եթե պնդումը չափազանցություն չէ, բարեբախտաբար, նույնիսկ այդպիսի որոշում ընդունողներն ի զորու չեն համացանցի եւ տեղեկատվության ազատ փոխանակման դարում Նժդեհի գաղափարների դեմն առնել, առավել եւս, որ դա ոչ միայն իշխող կուսակցության պաշտոնական գաղափարախոսությունն է, այլեւ ակտիվ երիտասարդները Նժդեհով շատ են հետաքրքրվում:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

