ԱԼԻԵՎԻ ՆՈՐ, ԲԱՅՑ ՍՊԱՍՎԱԾ ԽԱՂԸ
Արխիվ 12-16ԱԼԻԵՎԻ ՆՈՐ, ԲԱՅՑ ՍՊԱՍՎԱԾ ԽԱՂԸ

Օրերս բավականին հետաքրքիր խոստովանությամբ հանդես եկավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Խոստովանություն, որն անգամ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ գնահատեցին միանգամայն անսպասելի, եւ որը կարող է էական ճշգրտումներ մտցնել Բաքվի արտաքին եւ, մասնավորապես, տարածաշրջանային քաղաքականության մեջ:
ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՎԱԽՃԱ՞ՆԸ
Այսպես՝ ադրբեջանական haqqin.az-ն Ալիեւի այդ անսպասելի հայտարարությունը գնահատում է այս կերպ. «Առաջին անգամ Ի. Ալիեւը խոստովանեց, որ TAP գազատարի («Տրանսադրիատիկ գազատար», որն ադրբեջանական գազը Թուրքիայից Եվրոպա հասցնելով՝ պետք է հանդիսանար Ադրբեջանից Թուրքիա գազ տեղափոխող «Տրանսանատոլիական գազատարի» (TANAP) ծրագրի շարունակությունը: Միասին՝ «Հարավային գազային միջանցք»- հեղ.) նախագծի իրականացման հարցում, որը պետք է ադրբեջանական գազը հասցնի Եվրոպա, կան լրջագույն քաղաքական խնդիրներ: Նախագահը նաեւ հուշեց քաղաքական այդ լաբիրինթոսից դուրս գալու ուղին. եթե նոր աշխարհաքաղաքական կոշտ առճակատման արդյունքում տորպեդահարվի նախագիծը, ապա Ադրբեջանին ոչինչ չի մնա, քան գազն արտահանել միայն Թուրքիա»: Սակայն լրատվամիջոցն անգամ Իլհամ Հեյդարովիչի առաջարկած այդ ելքը ռեալ չի համարում. «Ռուսական «Գազպրոմը» պատրաստվում է «Թուրքական հոսք» գազատարով մատակարարել 63 մլրդ խմ գազ` արդեն 2018թ., այսինքն՝ շատ ավելի վաղ, քան Ադրբեջանը կկարողանա իր գազը մատակարարել»: Բացի այդ. «Ռուսաստանը ծրագրում է այդ 63 մլրդ խմ-ից 10-13-ը վաճառել թուրքական շուկայում... Եթե նույնիսկ ենթադրենք, որ Ադրբեջանին կհաջողվի թեկուզեւ մինչեւ Թուրքիա կառուցել TAP-ը, մեկ է, թուրքական շուկայում բախվելու է ծանր մրցակցության»: Ընդ որում, լրատվամիջոցը «տակից» նաեւ ակնարկում է, որ «ծանր մրցակցություն» ասվածը շատ մեղմ է. ադրբեջանական բավականին բարձր ինքնարժեքով գազը, այն էլ՝ խողովակաշարով ընդամենը 8-10 մլրդ խմ տեղափոխելու դեպքում որեւէ շանս չունի դիմակայել ՌԴ-ից Թուրքիա հասնող մոտավորապես նույն երկարությամբ, բայց արդեն 63 մլրդ խմ տեղափոխող խողովակաշարի հետ մրցակցությանը: ստիեւ՝ haqqin.az-ն ամփոփում է. «Ի. Ալիեւի այդ հայտարարության նույն օրը «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն ասաց. «Նախ այդ նախագծի մասնակիցները խոսում էին, թե կսկսեն գազ մատակարարել 2017-ին, հիմա խոսում են 2021-ից: Այսինքն՝ չորս տարի շարունակ նրանք ամեն տարի բացումը հետաձգում են եւս մեկ տարով, եւ ինչպես հաստատում են փորձագետները, այդ միտումը կպահպանվի»»: Դա առավել քան պերճախոս ակնարկ է, որ ադրբեջանական վերլուծական հանրությունը բավականին մեծ թերահավատությամբ է վերաբերվում արդեն ոչ թե Եվրոպա, այլ նույնիսկ Թուրքիա գազ հասցնելու հեռանկարներին, ընդ որում, այդ մռայլ տրամադրությունը վերագրելով նաեւ իրենց իսկ «սուլթանին»: Ընդ որում, Ի. Ալիեւը արդեն տարիներ շարունակ իր ողջ պետական քաղաքականությունը կառուցում է հենց այս՝ Եվրոպա գազ հասցնելու երազանքի վրա, եւ եթե այդ երազանքների հանդեպ նման ոտնձգություններից հետո որեւէ մեկին չեն կացնահարել, մնում է ընդունել, որ Ալիեւն իրոք սկսում է գոնե տեսանելի ապագայում հրաժարվել դեպի Եվրոպա տանող, այսպես ասած, «Հարավային գազային միջանցքի» գաղափարից:
Այլ հարց է, թե ինչու Ի. Ալիեւն սկսեց նման կասկածանքով վերաբերվել այն ծրագրին, որի հեղինակն ու գլխավոր ոգեշնչողը հենց իրեն է համարում, եւ որը քանիցս համարել է Եվրոպայի համար փրկօղակ: Ընդ որում, հրաժարվել հենց այն պահին, երբ ինչպես Եվրամիության չինովնիկությունը, այնպես էլ՝ ԱՄՆ-ը այս նախագծի մասին լավատեսական քարոզչությունը հասցրել են գագաթնակետին:
ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻ՞Ն
Այն, որ Ադրբեջան-Եվրոպա գազատարի շուրջ այս վերջին աղմուկ-աղաղակը հիմնականում քաղաքական հարթությունում էր, հայտնի էր ի սկզբանե: Ավելի կոնկրետ՝ սա դեպի Թուրքիա ռուսական գազ տեղափոխող «Թուրքական հոսքի» քաղաքական պատասխանն էր, որը թափ առավ հատկապես այն բանից հետո, երբ Վաշինգտոնին, չնայած ակտիվ ճնշումներին, չհաջողվեց ստիպել Անկարային՝ հրաժարվել իր համար բավական ծանրակշիռ արդյունքներ խոստացող ռուսական այդ առաջարկից: Ընդ որում, բացի Թուրքիայից, կար նաեւ Եվրոպայի հարցը. ռուսական գազի այլընտրանքային ուղիներից հրաժարվելու դիմաց ԱՄՆ-ը պետք է տար նաեւ այն հարցի պատասխանը, թե այդ դեպքում Եվրոպան ինչպես է մի քանի տարուց լուծելու իր էներգետիկ պահանջարկի հարցը: Առավել եւս, որ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է եվրոպական հիմնական՝ ուկրաինական գազային ուղուց առաջիկայում ամբողջովին հրաժարվելու մասին: Ռեալ առաջարկ, ակնհայտ է, որ ԱՄՆ-ը չունի, ուստիեւ ադրբեջանական բազմիցս ծեծված եւ մերժված տարբերակին վերադառնալը նույնիսկ մեխանիկորեն օրակարգ եկավ: Բայց մի բան է խողովակաշարերից խոսելը, միանգամայն այլ բան՝ միջազգային էներգետիկ ընկերություններին այդ նախագիծը շահութաբեր ներկայացնելն ու նրանց ներդրումներն ստանալը: Իսկ փաստն այն է, որ այդ նույն էներգետիկ ընկերությունները ընդամենը երկու-երեք տարի առաջ մեկը մյուսի ետեւից հրաժարվեցին «Հարավային գազային միջանցքի» գրեթե նույն տեսքն ունեցող «ՆԱԲՈՒԿԿՕ» նախագծից, եւ անգամ եվրաչինովնիկությունը, 2013-ին պաշտոնապես այդ ծրագիրը համարելով փակված, այն ճանաչեց նաեւ տնտեսապես չհիմնավորված: Եվ հիմա էլ բոլորը մեկ պարզ բան գիտակցում են. եթե անգամ ադրբեջանական աղբյուրներն են խոսում, որ նույնիսկ Թուրքիայում չեն կարող ռուսների հետ մրցակցել, ապա ի՞նչ է լինելու եվրոպական շուկայում: Իսկ այդ պարագայում ո՞ր մի խելքը գլխին էներգետիկ ընկերությունը կհամաձայնի մի քանի հազար կիլոմետրանոց խողովակաշարի վրա ներդրումներ անել, երբ տեսանելի ապագայում չկա անգամ ներդրումները ետ ստանալու ¥դեռ շահույթը մի կողմ թողած¤ որեւէ շանս: Միգուցե Ալիեւը հույսը դրել էր նրա վրա, որ հանուն քաղաքականության՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան չեն նայի ծրագրի տնտեսական աննպատակահարմարությանը, իսկ խողովակաշարի կառուցումից հետո, երբ միաժամանակ կմերժվի նաեւ ռուսական ծրագիրը, արդեն հնարավոր կլինի գին թելադրել: Ու այդ ընթացքում էլ կարելի է ռուսների հետ եղբայրություն խաղալ՝ խողովակաշարային այդ պատերազմում առաջին պլանում թողնելով ԵՄ-ին ու ԱՄՆ-ին: Սակայն գազն այն ապրանքը չէ, որ եվրոպական պրակտիկ տնտեսությունը համաձայնի դրա հետ քաղաքական խաղեր խաղալ: Իհարկե՝ քաղաքական շոու կարելի է սարքել, բայց այլ բան, երբ գալիս է խողովակաշար կառուցելու հերթը: Փոխարենը՝ ռուսներն արդեն իսկ հայտարարում են պրակտիկ շինարարությունն սկսելու մասին, որից հետո արդեն տարաբնույթ TAP-երի ու TANAP-ների մասին հազիվ թե որեւէ մեկը հիշի:
Այս իրավիճակը, թերեւս, Ադրբեջանի ԱԳ նախարարին էլ են հավելյալ անգամ բացատրել՝ Մոսկվա կատարած վերջին հայտնի այցի ժամանակ: Միգուցե նաեւ հուշելով, որ շարունակելով TAP-երի ու TANAP-ների ուղղությամբ «քյալլա տալ», միակ բանը, որին կհասնեն, ռուսների թշնամիների ցուցակում հաստատուն տեղ գտնելն է: Եվ այս առումով, հաստատ պատահական չէր, որ հենց այդ այցից հետո Ի. Ալիեւն սկսեց իր երազանքների գազատարի հետ կապված այդպես «անսպասելիորեն» «լրջագույն քաղաքական խնդիրներ» տեսնել:
Բայց այս ամենով հանդերձ՝ մեկ այլ գործոն եւս աչքաթող չանենք: Եթե Ալիեւն իրականում վերջնականապես հաշտվի Եվրոպայի գազամատակարարը դառնալու այդ երազանքների ծրագրերից հրաժարվելու մտքի հետ, ապա դա կարող է լրջորեն անդրադառնալ նաեւ Բաքվի արտաքին քաղաքական նախապատվությունների վրա: Ի վերջո դեռ 1993-ին իշխանությունը վերցնելով՝ Հեյդար Ալիեւը հենց այդ՝ Ռուսաստանը շրջանցող ճանապարհով Եվրոպա էներգակիրներ մատակարարելու գաղափարի վրա էլ կառուցեց ոչ միայն Ադրբեջանի արտաքին քաղաքական վեկտորը, այլեւ ղարաբաղյան խնդրի լուծման իր ծրագրերը: Ճիշտ է՝ 1990-ականների վերջերին նաեւ հասկացավ, որ Ռուսաստանի հետ պետք է քիչ թե շատ հավասարակշռված մոտեցում ունենալ, սակայն նրանից հետո էլ Ի. Ալիեւը հենց նույն ուղղվածությամբ էլ շարունակում էր շարժվել: Ու եթե հիմա սկսում է եվրոպական էներգետիկ ուղղությունից հիասթափվել, էլ չասած, որ Արեւմուտքն էլ մի գլուխ բռնապետ է ասում, ապա դա արդեն կարող է Բաքվին տանել նոր քաղաքական ուղղվածությամբ, որի մասին, ի դեպ, քիչ-քիչ նաեւ «մեծ եղբայրն» է մտածում: Իսկ դա արդեն բոլորովին նոր իրողություններ կարող են առաջ բերել ինչպես ողջ հարավկովկասյան գոտում, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական հակամարտությունում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

