Ռ. ՆԱԶԱՐՅԱՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԼՈՒՐՋ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՉՏՎԵՑ

Արխիվ 12-16

Ռ. ՆԱԶԱՐՅԱՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԼՈՒՐՋ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՉՏՎԵՑ

Եվ այսպես, երեկ ՀՀ ԱԺ-ում Հայաստանի էներգետիկ ոլորտի ղեկավարության ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի մասնակցությամբ տեղի ունեցավ հոսանքի թանկացման հետ կապված սպասված քննարկումը: Ճիշտ է, փակ ռեժիմով, սակայն որոշ դրվագներից կարելի է առնվազն նախնական պատկերացում կազմել, թե ինչ է սպասվում էլեկտրաէներգիայի սակագներին:

 

ՀՈՍԱՆՔԸ ԿԹԱՆԿԱՑՆԵՆ
Իհարկե, ՀԷՑ-ի տնօրենը քննարկումներն ավարտվելուն պես շտապեց, բառիս բուն իմաստով, փախչել լրագրողներից, թե չէ հաստատ ստիպված էր լինելու մի քանի «տհաճ» հարցերի պատասխանել, եւ կարող էր «անհարմար» վիճակ ստեղծվել: ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանին նույնպես շրջանցենք, հաշվի առնելով, որ նա դեռ օրեր առաջ էր հրահանգի նմանվող իր կարծիքը հայտնել. «Էլեկտրաէներգիայի թանկացման հայտը հիմնավորված է: Այլ բան է սակագնի բարձրացման չափը»: Չնայած, երեւի թե, գլխի է ընկել այդ կիքսը ու հիմա «համեստորեն» փորձում է պատասխանատվությունը գցել տարիների ընթացքում բազում թուքումուրեր կերած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ու դրա նախագահ Ռոբերտ Նազարյանի վրա, թե հանձնաժողովն ուսումնասիրում է հարցն ու կասի իր կարծիքը:
Չնայած դրան, վերջին երկու տարվա ընթացքում երրորդ անգամ էլեկտրաէներգիայի սակագների թանկացման հարցը «ուսումնասիրող» հանձնաժողովի նախագահը` Ռ. Նազարյանը, իր հերթին արդեն իսկ համոզված է` սակագինը բարձրանալու է: Թե ինչքանով` «դեռ հաշվում են», ու եթե ոչ ՀԷՑ-ի պահանջած 17 դրամով, ապա «լավության կարգով» գոնե դրա մի կես չափով կթանկացնեն:
Միայն թե, այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչի՞ համար, ի՞նչ բացատրություն կարող են այս անգամ դնել այդ թանկացման տակ: Նազարյանը որոշ ակնարկներ հնչեցրեց, թե դրամի փոխարժեքն է փոխվել. «2014թ.-ին, երբ սակագինը բարձրացվեց 10-12 տոկոսով, հաշվարկը արվել էր մեկ դոլարը 407,6 դրամ փոխարժեքով, իսկ հիմա այն հասել է 480-481 դրամի: Փոխարժեքն ազդել է միջուկային էներգիայի արժեքի վրա»: Ապա, որ. «2014թ. անբարենպաստ էր հիդրոէներգետիկայի համար»: Եվ այդպես շարունակ, բավականին աննշան պատճառներ, ավելի կոնկրետ` ընդամենը պատճառաբանություններ` ապագա թանկացումները «հիմնավորելու» համար:

ՈՒ ԱՍՈՒՄ ԷԻՆ, ԹԵ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
ՊԱԿԱՍ Է ԱՐՏԱԴՐԵԼ

Համենայնդեպս, այն, որ Ռ. Նազարյանի այս պնդումները մեկ դրամով անգամ չպետք է անդրադառնային սակագների վրա, դժվար չէ կռահել: Այդ առումով նախ` եւս մեկ անգամ հիշեցնենք ուղիղ մեկ տարի առաջ նույն ԱԺ-ում կրկին հոսանքի գները թանկացնելու մասին քննարկումների ժամանակ Ռ. Նազարյանի ներկայացրած մի քանի մտքեր. «Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացումը նպատակ ունի ծածկել ոլորտում առաջացած ֆինանսական ճեղքվածքը, որը կազմում է 17,9 մլրդ դրամ»: Ճեղքվածք, որը ըստ պարոն Նազարյանի, ուներ երկու պատճառ. «Ատոմակայանի մեկ բլոկը նախատեսվածից 88 օր ավելի ուշ միացավ ցանցին, որի հետեւանքով... ստիպված եղանք էժան էլեկտրաէներգիայի պահանջարկը լրացնել Հրազդանի ջէկ-ի արտադրած ավելի թանկ էլեկտրաէներգիայով»: Եվ երկրորդը՝ այդ տարին սակավաջուր է եղել եւ. «Որոտանի կասկադը ու Սեւան-Հրազդան կասկադը միասին մոտ 200 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա պակաս են արտադրել»: Եվ այդ բացատրությունների արդյունքում սակագինն այն ժամանակ մոտ 4 դրամով բարձրացրին: Բայց ինչքանո՞վ էր ռեալ պարոն Նազարյանի այն ժամանակվա ներկայացրած 17,9 մլրդ դրամ պարտքային կուտակումներն ու դա ատոմակայանի եւ հէկ-երի հետ կապելը: Ելնելով ներկայացված տրամաբանությունից, պետք է ընդունենք, որ անցած տարի ատոմակայանն ու հէկ-երը քիչ էլեկտրաէներգիա են փոխանցել համակարգին, իսկ ջէկ-երը` շատ: Ընդ որում, այդ 17,9 մլրդ դրամ կուտակումները պետք է որ առաջացած լինեին 2013թ. ընթացքում, հաշվի առնելով, որ հակառակ դեպքում նույն թվականին տեղի ունեցած թանկացման մեջ դրանք արդեն իսկ պետք է հաշվարկվեին: Մինչդեռ 2013թ. թանկացումը բացատրվում էր գազի թանկացմամբ եւ որոշ այլ համեմատաբար մանր գործոններով:

Բայց ահա պաշտոնական վիճակագրությունը նույն տարվա համար բոլորովին այլ բան է հուշում: Այսպես, ջէկ-երը 2013-ին 2012թ. համեմատ ոչ միայն չեն ավելացրել էլեկտրաէներգիայի արտադրությունը, այլ մի բան էլ 6,6 տոկոսով նվազեցրել են` (3 399,1 մլն կՎտ/ժ-ի փոխարեն 2013-ին արտադրել են 3 173,1 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: ՀԷԿ-երը նույնպես իրենց ծավալը նվազեցրել են, մինչդեռ ատոմակայանը, որ պարոն Նազարյանի պատճառաբանությունների առանցքն էր, 2,1 տոկոսով ավելացրել է արտադրության ծավալը: Ավելի առաջ գնանք. 2014-ին 2013թ. համեմատ ջէկ-երը, ճիշտ է, 3,6 տոկոսով ավելացրին արտադրությունը, բայց նաեւ ատոմակայանն է 4,5 տոկոսի աճ ունեցել: Եվ վերջապես, ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների պաշտոնական տեղեկանքի, այս տարվա առաջին 4 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` ատոմակայանը իր արտադրությունը մոտ 629 մլն կՎտ/ժ ավելացրել եւ հասցրել է մոտ 802,8 մլն կՎտ/ժ-ի: Եվ փոխարենը նույն այդ ամիսներին «էներգետիկ ճեղքվածքի» թիվ մեկ մեղադրյալ Հրազդանի ջէկ-ը իր թանկ արտադրությունը մոտ 351,6-ից նվազեցրել է մինչեւ 194,4 մլն կՎտ/ժ: Հանրագումարում այս ամբողջ ժամանակահատվածում ջէկ-երի եւ ատոմակայանի արտադրանքի բալանսը մշտապես աճել է վերջինիս օգտին: Այսինքն` թե ատոմակայանի այդ ո՞ր պարապուրդի արդյունքում է պարոն Նազարյանի ասած ֆինանսական ճեղքվածքը գոյացել, մնում է միայն գուշակել. պաշտոնական թվերը, համենայնդեպս, նման բան ցույց չեն տալիս: Առաջ ընկնելով նշենք նաեւ, որ պարբերաբար շրջանառվում է նաեւ վարկած, թե առհասարակ հանրապետության էներգետիկ բալանսում ջէկ-երի տեսակարար կշիռն ատոմակայանի համեմատ զգալիորեն աճել է: Ճիշտ է, սակայն այդ բալանսի մեջ է հաշվառվում նաեւ Երեւանի ջէկ-ը, որը հիմնականում աշխատում է Իրանից ներկրված գազի վերամշակմամբ ու էլեկտրաէներգիան ետ փոխանցելով: Իսկ երբ դա մի կողմ ենք թողնում, ապա ընդհանուր բալանսի մեջ Հրազդանի ջէկ-ին մնում է բավականին համեստ մասնաբաժին, որը չէր կարող երբեւիցե նման ցնցումային էֆեկտներ առաջացնել:
Լավ, ընդունենք, որ այն պարտքերի հարցում պարոն Նազարյանը ճիշտ էր: Սակայն փաստն այն է, որ անցած տարում Հայաստանում ՀԷՑ-ը վաճառել է մոտ 5,5 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որն անցած տարվա մոտ 4 դրամանոց թանկացման պարագայում առնվազն 20 մլրդ լրացուցիչ գումար պետք է բերեր, ու դրանից զատ, մի 2,5 մլրդ էլ հավելյալ հարկեր: Այսինքն` անցած տարվա ճեղքվածքը լիուլի փակվել է: Ու եթե սակագները նույնն էլ մնան, ապա հավելյալ մի 20 մլրդ էլ առաջիկա տարվա ընթացքում է առաջ գալու, որը բազմապատիկ անգամ գերազանցում է պարոն Նազարյանի պատճառաբանած փոխարժեքի փոփոխություններն ու միջուկային վառելիքի գները: Բայց չէ, դեռ մի բան էլ 17 դրամով հոսանքը թանկացնելու հայտ է ներկայացնում ու լուրջ-լուրջ քննարկում: Բայց չէ՞ որ այդ 17 մլրդ դրամը տարեկան կտրվածքով մոտավորապես 100 մլրդ դրամի չափ հավելյալ փող է բերելու: Գումարած դրան, անցած տարվա 4 դրամանոց թանկացումից սպասվող եկամուտները ու կստանանք 120 մլրդ հավելյալ գումար. աստղաբաշխական գումար, որը ՀՀ պետական բյուջեի մոտավորապես 10 տոկոսն է: Եվ դրանով մեկ տարի առաջ Նազարյանի ասած17,9 մլրդ դրամ ճեղքվա՞ծքն ենք փակելու...
Իսկ թե ինչո՞ւ է պարոն Նազարյանը մտածում այդ հսկայական փողերը ՀԷՑ-ին նվիրելու մասին, էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանն էլ կողքից «պեչատում» է այդ գաղափարը, դեռ անդրադառնալու առիթ կունենանք:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում