ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ
Արխիվ 12-16ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՐԱԺՆԵՐԸ
Ինչպես հայտնի է,քաղաքական առումով ամառային սեզոնը մեզանում համեմատաբար հանդարտ է:Դե, շոգերը չեն տրամադրում բուռն հրապարակային գործունեության, իսկ մեր սիրասուն ընդդիմադիրներն իրենց կենտրոնացնում են գարնանային եւ աշնանային սեզոններին,քանզի վախենում են ե՛ւ ցրտից,ե՛ւ շոգից:Մի առիթով Ռոբերտ Քոչարյանը ասել էր, թեվատ պարողին ինքն է խանգարում,սակայն ներկայիս վիճակում այդ նույն խոսքը կարող է բումերանգով եւ իրեն վերադառնալ:
ԱՉՔԻ ԼՈՒՅՍԻՑ ԱՉՔԻ ԳՐՈՂ
Ժամանակին երկու նախկին նախագահների քարոզչամեքենաները դիֆիրամբներ էին երգում «Հիմնադիր խորհրդարանին», լեւոնականները` առավել զուսպ, քոչարյանականները` առավել խանդավառ: ՀՀ երկրորդ նախագահի քարոզչամեքենայի կողմից հատկապես առաջ էր տարվում այն թեզը, որ «տիտղոսային» ընդդիմության` «եռյակ-քառյակների» ջախջախիչ ձախողումներից հետո ժողովուրդը փնտրում է թարմ դեմք, որը չունենալով արատավորված անցյալ, հրապարակից իրեն կարող է առաջնորդել մինչեւ վերջ: Քարոզիչները հույսեր էին կապում «Հիմնադիր խորհրդարանի» վերնախավի ու հատկապես Ժիրայր Սէֆիլյանի հետ:
Սակայն Սէֆիլյանը նրանց մատուցեց դառն հիասթափություն: Չնայած այն փաստին, որ Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովն արդեն, ըստ էության, համաձայնել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, Սէֆիլյանենց հանրահավաքն ստացվեց այնքան սակավամարդ, որ հանրությունը դա նույնիսկ չնկատեց:Դե, ինչպես 19-րդ դարում գրված էր ԱՄՆ-ի «վայրի Արեւմուտքի» կովբոյական պանդոկների պատերին` «Մի՛ կրակեք դաշնակահարին, նա նվագում է այնպես, ինչպես կարողանում է»: Բայց նույն «Հիմնադիր խորհրդարանի» վրա հուսավառված քոչարյանական քարոզիչները որոշեցին «կրակել», հիմա «Հիմնադիր խորհրդարանին» եւ Ժիրայր Սէֆիլյանին անպատվում են ավելի ուժգին, քան դա կանեին սեփական ոխերիմ թշնամիների պարագայում: Տղերքը, իսկ հավանաբար նաեւ իրենց «շեֆը» չեն դիմանում հիասթափության դառնությանը: Դե, եթե իրենց սահմանած բոլոր տեսական չափանիշներին համապատասխանող Ժիրոն չկարողացավ էլեկտրաէներգիայի առաջիկա թանկացումից գազազած ժողովրդին ժողովել հրապարակում, ապա էլ ինչ ասես... Փոխարենը մեծ զանգված` դեռ մինչեւ Ռոբերտ Նազարյանի մատուցած տհաճ փաստը, կարողացել էին հավաքել, արտաքնապես լրիվ ապաքաղաքական խայտաբղետ «քաղաքացիական նախաձեռնությունները»: Դե, ինչպես չկատաղես, մեծ զանգվածին հաջողությամբ առաջնորդում են ինչ-որ 20 տարեկան «դեղնակտուցներ», ովքեր բանի տեղ չեն դնում երկու նախկին նախագահների շրջապատում հավաքված հին ու փորձված քաղաքական շնագայլերին: Այն, որ Լեւոն Ակոպիչի ճամբարակիցներին «Հիմնադիր խորհրդարանի» հետ համագործակցելու ձգտմանը խանգարում էր Նիկոլ Փաշինյանի գործոնը, դա փաստ է: Ինքը` Սէֆիլյանը, նույնիսկ հատուկ շեշտել էր դրա ցանկալիությունը: Ու, բնականաբար, դա չէր կարող ՀԱԿ-ում չհարուցել խանդի տեսարաններ: Սակայն ԼՏՊ-ն լինելով պրագմատիկ, բացասական հույզերը հրապարակավ չի արտահայտում, եւ իր քարոզչամեքենան էլ համեմատաբար զուսպ է: Դե, գոռգոռալու եւ քաղաքական հիսթերիաներ սարքելու համար Զուրաբյան Լյովիկը լրիվ բավարար է: Միեւնույնն է, քաղաքական ապագա ունենալ չի կարող, այնպես որ, ափսոս էլ չէ: Քոչարյանական ճամբարը չի թաքցնում իր անզուսպ ատելությունը ինչպես Նիկոլի, այնպես էլ (վերջին շաբաթ օրվանից ի վեր) Ժիրոյի նկատմամբ: Բայց ինքը` Նիկոլ Փաշինյանը, գերադասում է լինել զգուշավոր: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդրանիկ հիմնադիր համագումարը շատ զուսպ էր, մարդիկ նույնիսկ խուսափեցին իրենք իրենց ընդդիմություն անվանելուց: Մի կողմից` այդ բառն արդեն դարձել է լրիվ չուլ եւ այնքան էլ լավ չի ընկալվում հանրության կողմից, մյուս կողմից` ով գիտի, թե մինչեւ 2017-ի ընտրությունները ինչպես կպտտվի քաղաքական բախտի անիվը: Նիկոլ Փաշինյանը գերադասեց նույնիսկ կուսակցության վարչության նախագահ չընտրվել` այդ դերը վերապահելով հանրությանը տակավին անհայտ ինչ-որ Արայիկ Հարությունյանին: Վերջինս էլ, թերեւս, յուրահատուկ «Ֆունտի» դեր պետք է կատարի ճիշտ այնպես, ինչպես կատարում էր Իլֆի եւ Պետրովի վեպի համապատասխան հերոսը:
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը գերադասում էր պատրաստ լինել ցանկացած սցենարի` ամենակտրուկ գործողություններից սկսած, իշխանության կամ դրա որեւէ թեւի հետ համագործակցությամբ վերջացրած: Դե, կտրուկ շրջադարձերի պահերին նաեւ պետք է հանրությանն անհայտ ուրիշ անձ` որպես ֆորմալ առաջնորդ, որ եթե ինչ-որ բան թարս ստացվի, դառնության բաժակը հասնի այդ ֆորմալ առաջնորդին, իսկ եթե լավ ստացվի, ապա անկասկած, դափնիները Նիկոլը ձեռքից բաց չի թողնի:
Բայց հարց է ծագում` եթե այս ամռան սկզբին դեռ ինքը` Նիկոլը, չգիտի, թե ինչ գործելակերպ է որդեգրելու, եւ հիմնադիր համագումարի պահին կտրուկ շարժումներ չի անում, ապա ինչո՞ւ, գրողը տանի, նա այդ աստիճանի աչքի գրող է քոչարյանականների համար: Դե, Լեւոնի դեպքում հասկացանք` խանդ կա, բան կա, թեեւ «չկան հավերժական բարեկամներ եւ թշնամիներ», բայց այդ ի՞նչ քաղաքական միրաժ է երեւացել «ՀՀ ամենաերիտասարդ թոշակառուի» աչքին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

