ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ` ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԵԼՈՒՅԹՈՎ ՈԳԵՎՈՐԵՑԻՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ` ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԵԼՈՒՅԹՈՎ ՈԳԵՎՈՐԵՑԻՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ
Այս տարի ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության Գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնի կողմից իրականացվող «Հնչիր շեփոր հաղթական» խորագրով փողային նվագարանների հանրապետական շքերթ փառատոնն այս անցկացվեց Սյունիքի մարզում: Երեւանի եւ Հայաստանի տարբեր մարզերի 16 փողային նվագախմբերի 500 անդամներ Գորիս քաղաքում, հարակից մի քանի համայնքերում եւ Գորիսի N զորամասում հանդես եկան ռազմահայրենասիրաան կատարումներով: Էրեբունու տարածքային բաժանմունքի պատանի փողային նվագախումբը Շինուհայրում ելույթ ունենալուց հետո, այցելեց N զորամաս եւ իր կատարումներով ոգեւորեց զինվորներին:
Զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Հ. ԲԱԲԱՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ բանակ –հասարակություն կապը գնալով ավելի է ամրապնդվում, քանի որ հասարակության բոլոր շերտերը ներգրաված են բանակում անցկացվող մշակութաժամանցային միջոցառումների մեջ. «Ողջունելի է, որ այս միջոցառմանը մասնակցում են նաեւ մեր պատանի երկրապահները, որոնք ապագա զինվորներ են եւ որոշ չափով իրազեկված են բանակային կյանքի մասին: Վաղը, եթե այդ պատանիները զորակոչվեն բանակ, ապա շատ լավ կկարողանան իրականացնել իրենց զինվորական պարտականությունները»,-նշեց փոխգնդապետ Բաբայանը եւ ավելացրեց, որ զորամասի շնորհալի զինվորների եւ ինքնագործ խմբերի շնորհիվ յուրաքանչյուր տոն եւ կիրակի օրերին զորամասում տեղի են ունենում մշակութային միջոցառումներ:
Պատանի երկապահների փողային նվագախմբի ղեկավար ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ համերգի ավարտին զորամասի լավագույն զինվորներից տասին շնորհեց պատվոգրեր. «Զինվորներից յուրաքանչյուրին պետք է խարախուսես, որպեսզի տեսնի, որ իր թիկունքում ժողովուրդն է: Մեր պարտքն ենք համարել այս մեկ օրը նվիրել մեր զինվորներին եւ նրանց ոգեւորել պատանիների ստեղծագործություններով: Բացի այդ, սա նաեւ պատանի երկրապահների համար է ոգեւորող, սա դաս էր բաց երկնքի տակ»,-շեշտեց Ս.Խաչատրյանը:
«Հնչիր շեփոր հաղթական» փողային նվագարանների հնարապետական շքերթ փառատոնը հիմնադրվել է 2005 թվականին: Սկզբում փառատոնըն անցկացվել է Երեւանում, այնուհետեւ կամակերպիչները ընդգրկել են նաեւ մարզերը եւ Արցախը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

