ԳԱՐՆԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ ՀԱՂԹԱԿԱՆ ՇԵՓՈՐԸ ՀՆՉԵՑ ԳՈՐԻՍՈՒՄ
Արխիվ 12-16ԳԱՐՆԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ ՀԱՂԹԱԿԱՆ ՇԵՓՈՐԸ ՀՆՉԵՑ ԳՈՐԻՍՈՒՄ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապետանեկան կենտրոնը 2005 թվականից սկսած Հայաստանում անցկացնում է «Հնչիր շեփոր հաղթական» խորագրով փողային նվագախմբերի հանրապետական շքերթ –փառատոն: Սկզբնական շրջանում փառատոնն անցկացվել է միայն Երեւանում, այնուհետեւ ընդլայնելով իր աշխարհագրությունը, տարածվել է ինչպես ՀՀ մարզերում, այնպես էլ Արցախում: Փառատոնի նպատակն է նպաստել դպրոցականների եւ երիտասարդների գեղագիտական եւ հայրենասիրական դաստիարակությանը, աջակցել փողային նվագախմբերի զարգացմանը, ինչպես նաեւ խթանել փողային նոր նվագախմբերի ստեղծմանը: Փառատոնին մասնակցում են հանրապետության գրեթե բոլոր հանրակրթական, միջնակարգ մասնագիտական, բարձրագույն եւ կրթադաստիարակչական ուսումնական հաստատություններում գործող փողային նվագախմբերը:
Նախորդ տարիներին հաղթական շեփորը հնչել է Ստեփանակերտում, Գյումիրում, Ստեփանավանում, Դիլիջանում, Սիսիանում, իսկ այս տարի շեփորի հնչունները տարածվեցին Գորիսում եւ Շինուհայր, Վերիշեն, Քարահունջ համայնքներում ինչպես նաեւ Գորիսի N զորմասում: Երեւանի եւ մարզերի 16 փողային խմբերի 500 անդամներ գարնան վերջին օրը իսկական տոն դարձրեցին գորիսցիների համար: Գորիսի փոխքաղաքապետ ԳԵՎՈՐԳ ԲՈԼՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ Գորիսում առաջին անգամ է անցկացվում նման մեծամասշտապ մշակութային միջոցառում. «Միջոցառումը ոգեւորել է քաղաքի մանուկներին եւ ողջ բնակչությանը, քանի որ նրանց օրը տոն դարձավ: Ողջունում եմ բոլոր մասնակիցներին եւ մաղթում հաջողություններ, ակնկալում եմ, որ այս միջոցառումները շարունական կլինեն: Գորիսը եւս ունեցել է փողային մեծ խմբեր, սակայն դրանց ղեկավարներն անցել են թոշակի եւ խումբը ընդհանուր ծրագրից հետ է մնացել: Մենք կադրերի պակաս ունենք, սակայն կան շնորհալի երեխաներ: Նպատակ կա հետագայում եւս ստեղծել խումբ, որը կնպաստի մեր քաղաքի զարգացմանը»,-նշեց Գ. Բոլյանը:
ԿԳ Գեղարվեստական դաստիրարակության եւ մշակույթի մանկապետանեկան կենտրոնի գեղարվեստական ղեկավար ՍԱՄՎԵԼ ԲԱԼՈՅԱՆԻ խոսքով`2005 թվականին, երբ առաջին անգամ անցկացվել է փառատոնը, մասնակցության հայտ է ներկայացրել ընդհամենը 5 մասնակից, այսօր արդեն արդյունավետ աշխատանքի շնորհիվ փողային նվագախմբերի մասնակցության թիվը եռապատկվել է .«Փառատոնը Գորիսում հաջող անցավ: 2011 թվականից սկսած փառատոնը սկսեցինք անցկացնել մարզերում, որպեսզի մարզերի բնակիչները եւս մասնակից դառնան փառատոնին: Մեզ համար փողային նվագախմբի որակը կարեւոր չէ, կարեւորը մասնակցությունն է: Փառատոնը երեխաների մեջ դաստիարակում է հայրենասիրություն, խանդավառություն»,-ընդգծեց պարոն Բալոյանը:
Նշենք, որ այս տարի փառատոնը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

