ՆԱԽԱՐԱՐԸ` ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ.«ԳԱՄ ԷՍՏԵՂ, ԿՄԿՄԱՄ, ՈՐ ՁԵԶ ԴՈՒՐ ԳԱ՞Մ»
Արխիվ 12-16ՆԱԽԱՐԱՐԸ` ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ. «ԳԱՄ ԷՍՏԵՂ, ԿՄԿՄԱՄ, ՈՐ ՁԵԶ ԴՈՒՐ ԳԱ՞Մ»
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին ասաց, որ նա այնպես է խոսում, կարծես ամեն ինչ լավ է, մինչդեռ իրավիճակն բոլորովին այլ է: Մուրադ Ռաֆայելյան վարժարանը փակվեց, մեր հրաշք օբյեկտները ոչնչացրինք, մենք հիմա խոսում ենք հայապահպանությունի՞ց: «Հայապահպանությունը ծրագիր է, Հայաստանը եթե հրատապ միջոցառումներ չձեռնարկի սիրիահայերին տարհանելու համար, մի տարի հետո դուք կխոսեք, թե ինչ դաժան, անարդար աշխարհ էր, ինչպես ոչնչացվեց մեր համայնքը: ԱԳ նախարար Էդիկ Նալբանդյանը չգիտեմ եկել է, ինչ եք որոշել: Մեր խմբակցությունով փակ նամակ ենք գրել: «Արի տուն» ասելով` խնդիրը չի լուծվի»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:
Ի պատասխան` նախարարն ասաց. «Ի՞նչ անենք, գործ չանե՞նք, ձեռքներս ծալենք, նստե՞նք: Գամ, էստեղ նստեմ, կմկմամ, որ Ձեզ դուր գա՞մ»:
Որպես կառավարության անդամ` սփյուռքի նախարարության առջեւ, ըստ Հրանուշ Հակոբյանի, խնդիր է դրված ծրագրեր իրականացնել: «Մենք չենք տապալում ծրագրերը, սփյուռքի հետ կռիվների մեջ չենք մտնում: Սփյուռքը մեզ վստահում է»,- վստահեցրեց գործադիրի անդամը:
Հրանուշ Հակոբյանն Արամ Մանուկյանին հիշեցրեց, որ Մուրադ Ռաֆայելյան վարժարանը փակվել է 1996-ին, Մելքոնյան վարժարանը` 2003-2004 թթ-ին, հետեւաբար սփյուռքի նախարարությունը որեւէ բան անել չէր կարող այդ ժամանակ, քանի որ նախարարություն չկար:
Արամ Մանուկյանն էլ հակադարձեց` Մուրադ Ռաֆայելյան վարժարանը փակվել է 1999-ին` Ռոբերտ Քոչարյանի տարիներին: Հրանուշ Հակոբյանն էլ ասաց, որ գուցե վարժարանի փակման թիվը ճիշտ չասի, բայց այդ ժամանակ Արամ Մանուկյանը կրթության հանձնաժողովի նախագահն էր. «Թույլ չտայիր, որ փակվեր, ինչ ասեմ»:
Անդրադառնալով ԱԳ նախարարի վերադարձին Սիրիայից` Հրանուշ Հակոբյանն ասաց, որ քննարկումներ կլինեն Սիրիայում տիրող իրավիճակի մասին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

