«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԹԱՏՐՈՆԸ»` ԿԹԵՐԹԻ ՀԱՅ ՕՊԵՐԱՅԻ ԱՆՑԱԾ 80 ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԹԱՏՐՈՆԸ»` ԿԹԵՐԹԻ ՀԱՅ ՕՊԵՐԱՅԻ ԱՆՑԱԾ 80 ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր ժամը 19:00-ին-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Հայաստանի գլխավոր թատրոնը» խորագրով գալա-համերգը, որի ընթացքում թատրոնի արտիստները կներկայացնեն խաղացանկային ներկայացումներից հատվածներ եւ կթերթվեն թատրոնի անցած ավելի քան ութսուն տարվա պատմության էջերը: «Հայաստանի գլխավոր թատրոնը» խորագրով համերգը նաեւ թատրոնի վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների յուրատեսակ հաշվետվություն է:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի ստեղծագործական անձնակազմն իր բարձր կատարողական արվեստը բազմիցս է ներկայացրել Հայաստանի սահմաններից դուրս, միջազգային ասպարեզում՝ հանրահռչակելով հայ դասական կոմպոզիտորական եւ կատարողական արվեստի նվաճումները: Վերջին տարիներին ծավալել է նաեւ հանրապետության մարզերի բնակչությանը դասական արվեստին հաղորդակցելու գործունեություն:
Ինչպես նաեւ Համաշխարհային մեծության օպերային աստղեր, բալետային հեղինակավոր խմբեր մեծագույն հպարտությամբ են ներկայանում հայաստանյան թատրոնի բեմում: Հայաստանի օպերային եւ բալետային արտիստներն էլ իրենց հերթին պարբերաբար ներկայանում են համաշխարհային լավագույն բեմերում՝ ներկայանալով ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային կոմպոզիտորների լավագույն գործերով: Դա է փաստում նաեւ վերջերս Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնում Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետի փայլուն ներկայացումը, որի մասին ճանաչված բալետային քննադատները բացառապես հիացմունքի խոսքեր են հայտնել:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

