ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՐԴԵՆ ՀՈԳՆԵԼ Է…
Արխիվ 12-16ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՐԴԵՆ ՀՈԳՆԵԼ Է…
Այսօր տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համագումարը: Բացման խոսքով հանդես եկավ կուսակցության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նախ համագումարն իր անցկացման ձեւով ինչ-որ առումով տարբերվում էր մինչ օրս տեղի ունեցած համագումարներից: Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունը վարչության կազմն ընտրելու համար ընտրական փոքրիկ գործընթաց էր կազմակերպել` քվերակողները մոտենում էին հանձնաժողովին, գրանցվում, մոտենում քվեատուփին եւ այդտեղ գցում քվեաթերթիկը: Երկրորդ` համագումարին ներկա չէին քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ:
Ուշագրավ է, սակայն, կուսակցության պարտավորություններից մեկը` առանց ժամկետների սահմանափակման հետամուտ լինել անկախությունից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրությունների արդյունքների կեղծված լինելու վերաբերյալ հայտարարությունների անաչառ գնահատականին: Փաստորեն, «Քաղաքացիական պայմանագիրը» հետամուտ է լինելու նաեւ ՀՀՇ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման օրոք 1995-1996 թթ.-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներին տալ անաչառ եւ օբյեկտիվ գնահատական: Ինչպես է դա անելու կուսակցությունը, եթե նրա անդամներից երկուսը` ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու ՀԱԿ շարժման անդամ Սասուն Միքայելյանը, որոնք կարելի է ասել, կուսակցության առանցքային դեմքերն են, ժամանակին սատարում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժումը: Այս եւ այլ հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ պրն Փաշինյանից, վերջինս, սակայն, ասաց, որ հոգնած է եւ այլեւս չի ցանկանում ոչ մի հարցի պատասխանել:
Հետաքրքիր է, եթե քաղաքական գործիչը այդքան շուտ է հոգնում եւ կարծես թե զլանում է լրագրողի հարցերին պատասխանել, ինչպես է հետագայում`համապետական ընտրությունների լարված շրջանում, դիմակայելու եւ ընտրողների հետ բազմաթիվ հանդիպումներ ունենալու:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

