ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ. «ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ ԹՈՂ ԳՆԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳԻՐԿԸ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ. «ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ
ԹՈՂ ԳՆԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳԻՐԿԸ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համագումարը:
«Իրավունքը» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանին մի քանի հարց ուղղեց կուսակցության անելիքների եւ քաղաքական այլ ուժերի հետ հետագա համագործակցության մասին:
- Պրն Միքայելյան, քաղաքական որեւէ ուժի կամ ուժերի հրավիրե՞լ եք մասնակցելու համագումարին:
- Ո՛չ, ոչ մեկին:
- Անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանին չեք հրավիրել մասնակցելու կուսակցության համագումարին...
- Ոչ, ասում եմ ոչ մեկին: Ինչի Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչո՞վ է տարբերվում ուրիշներից: Մեր կուսակցության մեխն էլ հենց դա էլ եղել, որ ոչ մեկի չհրավիրենք, ոչ մեկի չմիանանք: Դե գիտեք, դաշինքներ, միավորումներ… բերել եւ ժողովրդին հասցրել են էս վիճակին:
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գործելու է ընդդիմադիր դաշտո՞ւմ:
- Ընդդիմադիր դաշտը ո՞րն է…
- Լավ, ոչ իշխանական…
- Չէ,՛ հենց ընդդիմադիր, մենք ով ենք, որ ոչ իշխանական… էդ ինչ ես մեզ կպցնում: Ես դա չեմ հասկանում` «ոչ իշխանական» նոր լեքսիկոն է մտել քաղաքականության մեջ: Կամ ընդդիմություն ես, կամ իշխանություն: Մենք երկար միտում չունենք մնալու ընդդիմություն: Մենք ցանկանում ենք ձեւավորել համահայկական կառույց, որը կկարողանա փոխել մեր ներքաղաքական մթնոլորտը:
- Որպես ընդդիմադիր ուժ` ընդդիմադիր ո՞ր ուժերի հետ է «Քաղաքացիական պայմանագիրը» համագործակցելու:
- Առայժ ոչ մեկի հետ: Թող ինձ ներեն բոլորը... նոր ձեւավորված ընդդիմադիր քաղաքական ուժերից չգիտեմ… մենք նոր ենք ձեւավորվում, ո՞ւմ հետ համագործակցենք: Եթե ընթացքում կլինեն ուժեր, մենք կհամագործակցենք, բայց ոչ հիմա: Ինչքան համախմբումն եղել է, միանգամից փլվել է:
- Բայց այն ընդդիմադիր ուժերը, որոնք տարիների պատմություն ունեն…
- Դե թող գնան պատմության գիրկը, եկել ենք նրանց ուղարկենք պատմության գիրկը:
- Նկատի ունեմ` ինչո՞ւ նրանց ընդդիմություն չեք համարում:
- Իրենց գործունեության համար: Պիտի էնդպես անեին, որ մեր երկրում այս իրավիճակն ու այս մթնոլորտը չձեւավորվեր:
- Իշխանափոխություն պահանջելո՞ւ է կուսակցությունը:
- Անկասկած:
- Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության հետ համագործակցելո՞ւ է «Քաղաքացիական պայմանագիրը»:
- Եկեք այդ հարցին հիմա չպատասխանեմ: Նոր կուսակցություն է ձեւավորվել, ընթացքում կորոշենք:
Մանրամասները` տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

