ՓԱՍՏԱԲԱՆ. «ԳՈՐԻՍԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՉՔԸ ՄՏՆԵԼ»
Արխիվ 12-16ՓԱՍՏԱԲԱՆ. «ԳՈՐԻՍԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՉՔԸ ՄՏՆԵԼ»
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Գորիսից մեծամասնական ընտրակարգով ընտրված Հայկ Գրիգորյանը «Իրավունքին» տված հարցազրույցում հայտարարել էր, որ երբ 2013 թ-ին Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցավ ողբերգական իրադարձությունը, սպանվեց Ավետիք Բուդաղյանը, Բուդաղյաններն այդ ժամանակ պաշտպանության կարիք չունեին:
«Իրավունքն» այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանից: «Ես կարծում եմ, որ մարդու կարծիքը ձեւավորվում է այն բանի ազդեցության տակ, որ մի կողմում Սյունիքի մարզպետն է, մյուս կողմում` շարքային մի ընտանիք: Գուցե դրա համար էլ տարբերակված մոտեցում է ցուցաբերում պատգամավորը»,- մեկնաբանում է փաստաբանը:
Անդրադառնալով Հայկ Գրիգորյանի այն հայտարարությանը, թե Բուդաղյաններին պաշտպանելու կարիք ընդհանրապես չկար, քանի որ հանրության ընդդիմադիր հատվածը, կանգնած էր նրանց կողքին, Հայկ Ալումյանի խոսքով` հանրության որոշակի հատված ոչ թե կանգնած է Բուդաղյանների կողքին, այլ արդարություն է ցանկանում, ցանկանում է` մի օր այդ անպատժելի ընտանիքին հաղթեն: «Անպատժելիությունը ծնում է նորանոր հանցագործություններ, մարդիկ չեն ցանկանում նորանոր հանցագործությունների զոհ դառնալ»,- կարծում է պրն Ալումյանը:
Գորիսի պատգամավորը նաեւ ասել էր` ինքը տեղեկատվություն ունի, թե Սուրեն Խաչատրյանի որդին չի հարվածել Հարություն Զաքարյանին: Հայկ Ալումյանը, սակայն, կարծում է, որ պատգամավորը ոչ մի տեղեկություն էլ չունի, պարզապես Սյունիքի մարզպետին ցանկանում է աջակցել ինչ-որ կերպ, պարզապես նրա աչքը մտնել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

