"Վերահսկիչ պալատը անում է իր աշխատանքը: Այսինքնª անում է բացահայտումներ: Բայց դրանց հետագան ՎՊ-ի խնդիրը չէ: Մնացածը մեր ֆունկցիաներից դուրս է": Երեկ 2014թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումից հետո, պատասխանելով մեր հարցին, թե ինչով է պայմանավորված, որ ՎՊ-ի կատարած մի շարք բացահայտումներից շատ քիչ մասն է իրավապահներին հասնում, ասաց Վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար Արտավազդ Ներսիսյանը:
Նկատենք, որ պատասխանն առնվազն տարօրինակ է: Թեկուզեւ այն առումով, որ, այնուամենայնիվ, կան որոշ գործեր, որոնք ՎՊ-ն փոխանցել է իրավապահներին: Եթե դա ՎՊ-ի ֆունկցիաներից դուրս է, ուրեմն կստացվի, որ այդ գործերն իրավապահներին ուղարկելով` սույն կառույցն իր լիազորություններից դուրս է եկել, ինչը դատապարտելի է: Եթե դատապարտելի չէ, այսինքնª ՎՊ-ն, թեկուզ իր իրավասություններից դուրս, կարող է գործեր ուղարկել իրավապահներին, եւ մի շարք գործեր, այնուամենայնիվ, չի ուղարկել, ապա հարց է ծագում, թե նման երկակի ստանդարտը ուղղակիորեն կոռուպցիայի ճանապարհ չէ՞: Կամ այն գործերը, որ ուղարկել է` կոնկրետ անձանց եւ կազմակերպությունների "վատություն անելու" տեսք չի՞ ստանում: Ամեն դեպքում, եթե հավատանք, որ ՎՊ-ն իրոք իր բացահայտումները իրավապահներին փոխանցելու որեւէ պարտավորություն չունի, ապա այս կառույցի գոյությունն է սկսում անիմաստ ու անհեթեթ թվալ: ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ