ԽԱՌԱՏՅԱՆԸ «ԿԿԱԶՄԱԿԵՐՊԻ» ՆԱՐԵԿԱՑՈՒ ՈՒ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Արխիվ 12-16ԽԱՌԱՏՅԱՆԸ «ԿԿԱԶՄԱԿԵՐՊԻ» ՆԱՐԵԿԱՑՈՒ ՈՒ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո տեղի կունենա «Զույգ արեգակներ» բալետային ներկայացման պրեմիերան: Նոր բալետային ներկայացման նպատակն է ամբողջության մեջ մատուցել այն համամարդկային արժեքները , որոնցով հայ ազգն իր մասնակցությունն է ունեցել համաշխարհային արվեստի հարստացման գործում: Գրիգոր Նարեկացու վերերկրյա խոսքը, Թորոս Ռոսլինի մանրանկարչության կոմպոզիցիան ,Արշիլ Գորկու ինքնատիպ մտածողությունը կթելադրեն ժամանակակից խորեոգրաֆիկ լեզուն, որոնք ներկայացման մեջ կուղեկցվեն Նարեկացու, Մաշտոցի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի , Ա. Տերտերյանի եւ Ա. Արիյաի երաժշտության ուղեկցությամբ: Ներկայացման սցենարի եւ բեմադրության հեղինակ ՀՀ ժողովրդական արտիստ ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆԻ խոսքով` Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» թեմայով բալետային ներկայացման դժվարին եւ «խելառ» միտքն առաջացել է տարիներ առաջ.«Տարիներ շարունակ աշխատեցի եւ հասկացա որ իմ ցանկությունը շատ քիչ է`պետք են գիտելիքներ: Նարեկացին ինձ ստիպեց, որ մտնեմ շատ գաղտնիքների մեջ, կարդամ եւ այսպես շարունակ 20 տարուց ավելի: Բալետի համար գրել եմ 3 սցենար, առաջին անգամ բալետը գրեթե ավարտված էր, այնուհետեւ 2006 թվականին Վաշինգտոնում գրեցի բալետի երկրորդ լիբրետոն, իսկ վերջինը`2013 թ.-ին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռ. Խառատյանը: Ըստ նրա`ներկայացման մեջ չկա երեկ եւ այսօր, քանի որ այստեղ հանդիպում են Նարեկացին եւ Արշիլ Գորկին, ինչը հնարավոր է ոչ թե ֆիզիկական, այլ հոգեւոր աշխարհում.«Նրանք երկուսով հանդիպում են, որովհետեւ նրանք հայաշինության մեջ ամրացրել են հայկական ոգին: Նրանցով է, որ մենք այսօր կարողանում ենք ներկայանալ աշխարհին»,-շեշտեց բալետմասերը եւ ավելացրեց, որ ներկայացման մեջ ընդլայնելով բալետային հնարավորությունները օգտագործվել են ե′ւ դասական ե′ւ հիփ-փոփ պարեր:
«Զույգ արեգակներ» բալետային ներկայացումն իրականացվում է «Բալետ2021» հիմնադրամի, ինչպես նաեւ «Հրայր եւ Աննա Հովնանյաններ» հիմնադրամի աջակցությամբ: Նախագծի իրականացման համար «Բալետ2021» հիմնադրամը 8-ամյա ժամկետով Ճապոնիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից , Հունաստանից եւ Իսրայելից հրավիրել է 8 արտիստի:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

