ԽՈՒԼԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ՈՐՋԻ՞
Արխիվ 12-16ԽՈՒԼԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ՈՐՋԻ՞
Հայ առաքելական սուրբ եկեղեցու տոնացույցը կրկին հայտնվել է ինչ-որ անհայտ ծագմամբ ու բովանդակությամբ իրենց կրոնական կազմակերպություն հռչակած մարդկանց թիրախում: Պարզվում է` Խուլերի մշակույթի եւ սպորտի հանրապետական պալատը դարձել է հոգեորսության թատերաբեմ: Այս օրերին քաղաքում լայնորեն տարածվում են թռուցիկներ, թե վերոնշյալ կառույցում նշվելու են Ծաղկազարդն ու Սուրբ Զատիկը, եւ լինելու է մեծ միջոցառում, իսկ թե ում կողմից` կազմակերպիչները գաղտնի են պահում ու չեն նշում նույն թռուցիկների վրա:
Ավելին` նույն կոնտակտային տվյալներով մեկ այլ թռուցիկներ էլ են տարածվում, թե մարդկանց հրավիրում են բժշկության աղոթքի ու կոնկրետ նշում, թե որ հիվանդությունները կբուժեն: Եթե դեռ որեւէ մեկի համար պարզ չդարձավ, ապա նշենք, որ այս միջոցառումները որեւէ աղերս չունեն Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ: Սակայն, ի զարմանս մեզ, բարձրացված խնդրից անտեղյակ էին Խուլերի մշակույթի եւ սպորտի հանրապետական պալատում, մինչդեռ նախատեսված միջոցառման վտանգների մասին իրազեկված էին շատերը:
ԽՈՒԼ ՈՒ ՀԱՄՐԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ
Խուլերի մշակույթի եւ սպորտի հանրապետական պալատ ՓԲԸ-ի նախագահի խոսքը մեզ փոխանցած ԱՆՈՒՇ.
-Ներողություն, բայց մենք ընդհանրապես կապ չունենք իրենց հետ: Ճիշտն ասած, մենք հիմա ձեզ չենք կարող պատասխանել, կճշտենք եւ մի քանի օրից կպատասխանենք: Եթե դա Ձեզ հետաքրքրում է, տեսնենք ովքեր են, հեռախոսահամար կվերցնենք ու կփոխանցենք Ձեզ:
«ԾԱՂԿԱԶԱՐԴԸ ԵՎ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՊԵՏՔ Է ՆՇԵԼ
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՄՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ»
«Դիալոգ» ՀԿ նախագահ ԱԼՄԱՍՏ ՄՈՒՐԱԴՅԱՆ.
-Այս հրավիրատոմսը բաժանվում է Կենտրոնի տարածքում, որի վրա չի նշված ո՛չ կազմակերպչի անվանումը, ո՛չ էլ միջոցառման հստակ բովանդակությունը: "Դիալոգ" ՀԿ-ի կամավորների խաչաձեւ հարցերի արդյունքում հաջողվեց պարզել, որ միջոցառումը "հոգեւոր" բնույթ ունի: Սկզբում, ինչպես միշտ ասում են, որ մեր հայկական եկեղեցին է կազմակերպում, հետո դառնում է ընդհանուր քրիստոնեական եկեղեցի, իսկ մնացած բոլոր հարցերի դեպքում առաջարկում են զանգահարել նշված հեռախոսահամարով: Անգամ, եթե հստակ չիմանայի, թե ով է թաքնված այս հրավերի տակ, միեւնույնն է խիստ կասկածելի մոտեցում է: Նորից պարզաբանեմ, թե ինչ է սպասվելու այս միջոցառմանն այցելողներին` "տոնական միջոցառումը" աղանդավորական "հոգեւոր" հավաքույթ է, "կենդանի ձայն եւ անհատ կատարողները"` անորակ ինքնագործ ստեղծագործություններ եւ ինքնակոչ երգիչներ... Այս ամենի նպատակը մեկն է` ամեն գնով միջոցառմանն այցելողներին դարձնել տվյալ կազմակերպության անդամ: Ուզում եմ դիմել բոլորին, հարգելի՛ ծնողներ եւ քաղաքացիներ, այս կազմակերպությունները, տեսնելով մարդկանց սոցիալական ծանր վիճակը եւ օգտագործելով այն փաստը, որ մարդիկ բաց են քրիստոնեական տոների հանդեպ, օգտվում են դրանից եւ բաժանում են այսպիսի հրավիրատոմսեր, որոնք անգամ նեղություն չեն քաշել նորմալ տպագրել եւ ձեւավորել: Եվ եթե մի կազմակերպություն անգամ հրավիրատոմսի վրա չի ներկայանում, արդեն պարզ է, թե ինչ հոգեւոր կեղծիք է թաքցնում իր ներսում: Եթե իսկապես հոգեւոր ձգտումներ ունեք, ապա ե՛ւ Ծաղկազարդը, ե՛ւ Սուրբ Հարության տոնը պետք է նշել Հայ առաքելական սուրբ եկեղեցում, որտեղ կա ե՛ւ կենդանի ձայն, ե՛ւ աստվածային օրհնություն, ե՛ւ զորություն: Ընդ որում, կարիք էլ չկա շեշտելու, որ մուտքն ազատ է: Պետք չէ խաբվել` մեկ անգամվա այցելությունը կարող է ճակատագրական դառնալ ձեզ, մանավանդ ձեր երեխաների համար եւ կորստյան մատնել մարդու հոգին: Զգուշացե՛ք եւ զգուշացրե՛ք ձեր բոլոր ծանոթներին:
Ներկայացրեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

