ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՈՒ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԽՈՍԻ ՖԻԼՄԻ ԼԵԶՎՈՎ
Արխիվ 12-16ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՈՒ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԽՈՍԻ ՖԻԼՄԻ ԼԵԶՎՈՎ

Ռեժիսոր ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «Թեւանիկ» ֆիլմը շարունակելով իր արտասահմանյան շրջագայությունները` վերջերս հասել էր Ավստրալիա, ապա` ԱՄՆ, հետո Հունաստան:
«Իրավունքի» հետ զրույցում Ջիվանը պատմեց օտարերկրյա հանդիսատեսից ստացած տպավորությունների ու մրցանակների, ինչպես նաեւ առաջիկա ծրագրերի մասին: Ջիվանի խոսքով շատերը տեսնելով ռեժիսորին` մրցանակը ձեռքին, չեն էլ պատկերացնում, թե ինչ բարդություններ ու անքուն գիշերներ է հաղթահարել. «Հաճախ կարող է տեսնեն "Թեւանիկի" շրջագայությունը ու պատկերացնեն, որ ամեն բան ուղղակի հալած յուղի պես է: Չեմ ուզենա պատմել բարդությունների, անքուն գիշերների ու դժվարությամբ դրամ հայթայթելու մասին: Միշտ ասում եմ` ով միտք ունի, կհասկանա, եթե սարի գլխին կամ քաղաքի կենտրոնում դրված անշունչ պարզ քարը այդքան սիրես եւ ջանք թափես, թեւեր կառնի ու կթռչի»,- վստահեցրեց ռեժիսորն ու պատմեց. «Քիչ չեն դեպքերը, երբ դիմում են, թե ֆիլմը տամ, որ ընտանիքի հետ դիտեն այն, ասում են` DVD-ն ի՞նչ է, որ չես տալիս նայենք տանը: Բայց երբ այդ մարդուն դիմես, թե ինձ օգնիր որոշակի հարցով, գուցե մերժի: Բայց բոլորը չէ, որ մերժում են, այլապես առաջ չենք գնա»:
«ԱՌԱՋԻՆ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆ ԷԻ, ՈՐ ՍՏԱՑԱ ԱՅԴ ՀՈՒՇԱՄԵԴԱԼԸ»
- Բացի շրջագայություններից, «Թեւանիկը» վերջերս մրցանակների ու պատվոգրերի պակաս չունեցավ:
- Այո, Աթենքում 2 հրաշալի ցուցադրություն եղավ` 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում, եւ հենց «Թեւանիկ» ֆիլմով տրվեց այդ միջոցառումների մեկնարկը: Այնտեղ Նյու Սմյուռնիայի քաղաքապետարանի կողմից ինձ տրվեց ոսկե հուշամեդալ: Ուշագրավն այն էր, որ 17 տարվա պատմություն ունեցող այդ հուշամեդալը տրվել է 5 հոգու, 5-ն էլ եղել են Հույն երեւելի մարդիկ: Առաջին օտարերկրացին էի, որ ստացա այդ հուշամեդալը` «Թեւանիկ» ֆիլմի համար: Ես ԱՄՆ-ում էի, երբ իմացա, որ երիտասարդական հիմնադրամի կողմից ֆիլմը ստացել է հատուկ մրցանակ` «Տարվա լավագույն ֆիլմ», որը հանձնել է հենց երկրի նախագահը: Մինչ այդ, «Իրավունք» թերթի կողմից «Թեւանիկը» համարվեց «Տարվա լավագույն ֆիլմ»: Լավ է, որ ֆիլմը նման ճակատագիր ունի, որ յուրաքանչյուր ոք կարեւորում ու գնահատում է քո աշխատանքը: Հարցրեք այն գյուղի ժողովրդին, որտեղ ֆիլմը նկարահանում էինք` բանվորներից չէինք տարբերվում: Հաճախ քո ձեռքերով հող ես քանդում եւ ամենածանր իրը դու ես վերցնում, որովհետեւ աշխատանքի մեջ դու ես ռիթմ թելադրողը: Ինչպես դնես առաջին երկու օրվա ռիթմը, այնպես էլ մնացած բոլոր օրերը կգնան` մի քիչ բարկացած, մի քիչ սիրալիր, մի քիչ ձայնդ բարձրացրած, 3 հոգու տեղ աշխատելով... Կարծես, ամեն ֆիլմից հետո դու մի կյանք ապրել ես: Ամեն ֆիլմից հետո, երբ գնում եմ վարսավիրանոց մազերս կտրելու, ինձ թվում է եւս մի կյանք ապրեցի, քայլում եմ` ինչպես մի նոր մարդ, ու ինձ ոչ ոք չի ճանաչում, որովհետեւ մինչ այդ, մազերս երկար էր, մորուքս շատ, իսկ հիմա տարբերվում եմ նախորդ մարդուց: Հաճախ հետ եմ նայում, լավ, ե՞րբ էր, որ ես գնացել ու քեֆ եմ արել` չմտածելով գործի մասին: Եղել է, որ Ղարաբաղում ընկերներիս հետ քեֆ եմ արել, բայց նրանց առաջադրանքներ եմ տվել, ինձ մեքենա է պետք, այս անգամ պիտի հարմար գներով ճարել, անցյալ անգամ, կարծես թե, իմ սրտով չէր: Մյուսին ասում եմ` բոմբ ճարի, որ պայթեցնենք, ասում է` որտեղի՞ց, ասում եմ` դա էլ քո խնդիրն է... Նշանակում է, որ դու աշխատում ես, կապ չունի, թե ինչ սեղանի շուրջ ես, քո ապրելն էլ դա է:
«ՈՉԻՆՉ, ՈՐ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՈՒՄ` ՈՐՊԵՍ ԲԻԶՆԵՍ, ՊԱՐՏՎԵՑԻՆՔ»
- Հայաստանում, կարծես թե, քիչ կյանք ունեցով ֆիլմը կինոթատրոնում: Ի՞նչ է, այսօր կոմեդիաներն են հետաքրքրում մարդկանց:
- Ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում 3 ամիս ցուցադրվեց: Հաճախ ասում են` հանդիսատեսը դա է ուզում, չեմ քննադատում, ուղղակի իմ կյանքն այլ կերպ եմ ապրում, ուզում եմ իսկապես ստեղծել արվեստի գործ, ինքս դրա կարիքն ունեմ: Մեկ անգամ ես ապրում, եթե կարողացար այնպիսի բան ստեղծել, որ սերունդներ կհիշեն, ուրեմն` վերջ: Հիմա դա կարող է կոմեդիայի, դրամայի ժանրում լինի, էական չէ` դու կլացացնես, թե կծիծաղեցնես, հարցն այն է, որ ստեղծես մնայուն ֆիլմ: Եթե «Թեւանիկը» տասը տարի հետո դիտելու են, ուրեմն` վերջ, ինձ համար արդեն բավական է: Սփյուռքի հայերն այլ կերպ կնայեն, իսկ Հայաստանում` ավելի զգայական: Գուցե չեն գնացել կինոթատրոն` ֆիլմը դիտելու, որովհետեւ ապրել են այդ դժվարին ժամանակները, ղարաբաղյան կռիվը... Եվ, հետո, գուցե մենք գովազդի պակաս ունեինք` ֆիլմը չգովազդեցինք, որովհետեւ միջոցներ չունեինք: Ոչինչ, որ մենք կինոթատրոնում որպես բիզնես, պարտվեցինք, մենք այդպես էլ գիտեինք: Ֆիլմը ստեղծել ենք, որ սերունդները դիտեն, ոչինչ, որ հիմա Հայաստանի չափանիշներով` ֆիլմը, ցավոք, դրամարկղային չէ:
«ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ ՊԻՏԻ ԱՆՊԱՅՄԱՆ ՀՐԵՇ ԿԱՄ ԴԻՆՈԶԱՎՐ ՍՊԱՆԵ՞Ր»
- Ջիվան, ֆիլմի պրեմիերայից հետո եղան նաեւ հակասական կարծիքներ:
- Ինչ լավ է, ես սիրում եմ, որ մարդիկ խոսում են ու քննարկում:
- Հիմնականում ասվում էր, որ ֆիլմում միայն գյուղացիներն են կռվում, իսկ ո՞ւր մնացին երեւանցի այն զոհված տղաները...
- Բոլորովին այդ միտումը չունի, ֆիլմում ասվե՞ց, որ կռիվը Արցախում է տեղի ունենում: Այստեղ երեւանցու, արտասահմանցու ու ղարաբաղցու խնդիրը չէ, ֆիլիպինցու համար մեկ էր, այն տղան երեւանցի էր, գավառեցի, թե գյումրեցի: Ինչ-որ դետալների, հուշման դեպքում կգնար Կանադայի կողմերը, որովհետեւ Կանադայի դրոշ կար մանկության լուսանկարների մեջ, ֆլեշ կար` վրան Կանադա գրված: Այդ դեպքում Երեւանի բարբառով մեկը խոսեր, կասեին` գյումրեցիներն ո՞ւր են բա, գյումրեցի լիներ, վստահ եմ, գավառեցիք անպայման կբողոքեին: Մեկ էլ ասում են` ինչո՞ւ աղջիկ սպանեց հրամանատարին, կներեք, մեր հրամանատարին պիտի անպայման հրեշ կամ դինոզավր սպանե՞ր, որ ասեինք արժանի հակառակորդ էր:
«ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԻՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՖԻԼՄ ԱՊՐԻ ԻՆՁՆԻՑ ԱՆԿԱԽ»
- Միշտ ասում եք, որ ուզում եք «Թեւանիկը» թեւեր ունենա...
- Կարծում եմ «Թեւանիկի» թեւերը դեռ փոքր են, բայց մեծ թեւեր էլ կունանա: Ինձ համար կարեւոր է, որ իմ ցանկացած ֆիլմ ապրի ինձանից անկախ: Իհարկե, դա չի նշանակում, որ ով երբ ուզի «Թեւանիկը» կինոթատրոնում ցուցադրի: Բայց կարեւոր է, որ մարդիկ անընդհատ ցանկանում են քո ֆիլմը դիտել, դա երազանք է` ցանկացած ռեժիսորի համար: «Թեւանիկն» օր օրի աշխարհագրությունն ավելի է ընդլայնում, ֆիլմ, որն իր կյանքն ունի: Ինչպես է մարդու որդին մեծանում, անկախանում ու սկսում ինքնուրույն գործել:
«ՄՆԱՑԵԼ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՐԴԱԳՈՒՅՆ ՀԱՐՑԸ»
- Ձեր «Ընդհատված մանկություն» ֆիլմն էլ ազդեցիկ է ու արցախյան կռիվների
մասին, բայց, կարծես, այդքան հնչեղություն չունեցավ:
- «Ընդհատված մանկությունն» ի սկզբանե մի խնդիր ուներ` դատապարտված էր, քանի որ կարճամետրաժ էր: Այն 5 երկրում ցուցադրվեց, եւ, կարծես թե, իր գործունեությամբ ու եղելությամբ սպասարկել է «Թեւանիկին»: Իսկ «Թեւանիկը» սպասարկում է հաջորդին:
- Իսկ հաջորդն ի՞նչ փուլում է:
- Վերջապես ընթացքի մեջ է, դեռ շատ գաղտնիքներ չեմ ուզում բացել, բայց որ սցենարն ունենք, աշխատում ենք եւ փորձում Սովետի փլուզման, ղարաբաղյան ազատամարտի, սումգայիթյան դեպքերի մասին խոսել ֆիլմի լեզվով, դա փաստ է: Ֆիլմի կոմպոզիտորը կլինի Սերժ Թանկյանը, ֆիլմը կնկարենք Ղարաբաղում, միտում ու ցանկություն ունեմ, որ այն նկարահանեմ իմ պապական Չախմախչի գյուղում: Կարելի է ասել` մնացել են կադրից դուրս աշխատանքն ու ֆինանսական բարդագույն հարցը:
Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

