"ԵԹԵ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉԷՐ ԲԱՑԱՌՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌԵՄ ՀԱԿ-ՀՀՇ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ"
Արխիվ 12-16"ԵԹԵ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉԷՐ ԲԱՑԱՌՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ,
ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌԵՄ ՀԱԿ-ՀՀՇ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ"
Օրեր առաջ "Իրավունքը" հղում տալով իր աղբյուներին` տեղեկացրել էր, որ ՀՀՇ-ի, "Ժառանգության" ու "Ազատ դեմոկրատներ" կուսակցությունների հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ` սահմանադրական բարեփոխումների հարցի քննարկման համար դրական չի ընդունվել "Ժողովրդավարական հայրենիք", Պահպանողական ու ԱԻՄ կուսակցությունների կողմից:Հիշեցնենք, որ վերջին շրջանում վերոնշյալ կուսակցությունները հանդիպումներ են ունենում եւ փորձում ստեղծել արեւմտամետ ճակատ: "Իրավունքն" այս եւ մի քանի այլ հարցերի ճեպազրույց ունեցավ ՀՀՇ վարչության նախագահ ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ հետ:
-Պրն Զուրաբյան, մեր տեղեկություններն այն մասին, թե "Ժողովրդավարական հայրենիք", ԱԻՄ ու Պահպանողական կուսակցություններին դուր չի եկել ՀՀՇ-ի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, իրականությանը համապատասխանո՞ւմ են:
– Ես, ճիշտն ասած, որեւէ տեղեկություն չունեմ դրա վերաբերյալ, ասեմ, որ քաղաքական կոնսուլտացիաներ մենք իրականացնում ենք ոչ միայն չորս-հինգ ուժերի հետ: Քաղաքական այլ կոնսուլտացիաների մասին շատ հաճախ չենք էլ տեղեկացնում:
– Դուք երբեւէ վերոնշյալ ուժերի հետ կոնսուլտացիաների մասնակցե՞լ եք:
– Ես երբեւէ չեմ մասնակցել, բացակայում էի ՀՀ-ից: Մեզանից մի անգամ մասնակցել է Ալեքսանդր Արզումանյանը: Նա կարող է հստակ պատասխանել:
– Պարոն Զուրաբյան, ճի՞շտ են այն տեղեկությունները, որ ՀԱԿ-ից արտահոսք կա դեպի ՀՀՇ:
– Գիտեք ինչ, եկեք էս հարցը հանենք:
– Պարոն Զուրաբյան, մենք ցանկանում ենք տեղեկանալ` շրջանառվող լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե` ոչ:
– Ես որեւէ տեղեկատվություն չունեմ` որտեղից են մեզ մոտ գալիս: Անդամագրությունը շարունակական գործընթաց է: Մենք մարդաորսով երբեւէ չենք զբաղվել: Չենք փորձել այլ քաղաքական ուժից մարդկանց բերել մեզ մոտ:
– ՀԱԿ-ի հետ համագործակցություն ՀՀՇ-ն հնարավոր համարո՞ւմ է` հաշվի առնելով ընդդիմության դաշտում տեղի ունեցող վերադասավորումները:
– Չեմ ուզում համեմատվել մոհիկանների հետ, բայց անգամ մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց` չի բացառում որեւէ օր համագործակցի Ռոբերտ Քոչարյանի հետ: Եթե նա չէր բացառում Ռ. Քոչարյանի հետ համագործակցությունը, ապա ինչու ես պետք է բացառեմ ՀԱԿ-ի հետ համագործակցությունը: Մի բան արձանագրենք. նույն ՀԱԿ-ը, այլ քաղաքական գործիչներ` ԲՀԿ-ի ու նրա ղեկավարի վերաբերյալ, շատ վատ արտահայտություններ են արել` ընդհուպ մեղադրելով մարտի 1-ի սպանդի համար:
– Իսկ Դուք ընդունո՞ւմ եք ԲՀԿ-ի հասցեին ուղղված այդ մեղադրանքները:
– Երբ տեղի է ունեենում մարտի 1, կարծում եմ, որ դրա հիմնական մեղավորն այն մարդն է, որը ղեկավարում է երկիրը: Թե ովքեր են մասնակցել, ովքեր` ոչ, պատասխանը կտա օբյեկտիվ քննությունը, որի հնարավորությունից զրկված են եղել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

