«ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆՆ ԻՆՉ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԱՐԱ, ԾՆՈՒՄ Է ՆՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ»
Արխիվ 12-16«ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆՆ ԻՆՉ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԱՐԱ,
ԾՆՈՒՄ Է ՆՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ»
Ընդդիմության ղեկն իրենց ձեռքը վերցնելու համար շարունակում են պայքարել մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր: Այս մրցապայքարում անգամ չեն խնայում սեփական կուսակիցներին ու «եռյակ»-«քառյակի» ոչ վաղ անցյալի գործընկերներին: Միեւնույն ժամանակ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` տեղի են ունենում առավել լուրջ համաշխարհային մակարդակով գործընթացներ: Հենց վերոնշյալ հարցերի շրջանակում էլ «Իրավունքը» ներքին եւ արտաքին քաղաքականության մասին զրուցեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր, աստվածաբան ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ, ով դժբախտաբար, թե բարեբախտաբար ժամանակին հեռացվել է նախ «Ժառանգություն» կուսակցությունից, ապա ՍԴՀԿ-ից:
ԲՀԿ-Ն Ի ՎԻՃԱԿԻ ԿԼԻՆԻ՞ «ՄՆԱԼ ՋՐԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻՆ
ԵՎ ՉՍՈՒԶՎԵԼ»
–Պարոն Խաչատրյան, վերջին շրջանում ԲՀԿ-ում տեղի ունեցած փոփոխություններն ու իրադարձություններն ինչպե՞ս կգնահատեք:
– Գնահատում եմ որպես ընթացող գործընթաց, որը բավական լուրջ վերանայումների, վերահաշվարկումների, վերադասավորումների կարիք ունի: Արդյո՞ք այդ կազմակերպությունը ի վիճակի կլինի այդ ամենն անել, մնալ ջրի մակերեւույթին եւ չսուզվել, բավականին դժվար է ասել: Ի վերջո, այնտեղ կան շատ լուրջ խնդիրներ, որոնք առաջին ընթացքից, առաջին քայլից լուծվող չեն:
– «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն ասում է, թե չկա քաղաքականության մեջ Գագիկ Ծառուկյանը, չի կարող լինել նաեւ ԲՀԿ-ն, համամի՞տ եք այս մտքի հետ:
– Իսկապես, երբ առանցքային գործիչը, որի շուրջ ձեւավորվել է ուժը, այսօր այլեւս քաղաքականության մեջ չէ, կան շատ լուրջ վերակազմակերպման եւ վերագնահատման խնդիրներ: Իսկ դրանք կհաջողվի իրականացնել, թե` ոչ, այդ միայն ժամանակը ցույց կտա:
«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՇԱՏ ԼԱՎ ՀԻՇՈՒՄ Է...»
–Ներքաղաքական այս իրավիճակում, ըստ Ձեզ, կկարողանա՞ «Օրինաց երկիրը» լիդերի դեր գրավել ընդդիմադիր դաշտում:
– Չեմ կարող ասել: Համենայնդեպս, պետք է փորձեն... Իմ կարծիքով` դա շատ դժվար է լինելու, եթե ոչ անհնարին:
– Նրանց լծակնե՞րը չեն հերիքի, թե՞ պարզապես ՕԵԿ-ին որպես ընդդիմություն չեք տեսնում:
– Ոչ, ուղղակի, հայերը յուրահատուկ ժողովուրդ են, մասսայական գիտակցության մեջ գոյություն ունեցող գնահատականները դժվար են փոխվում: Բոլոր դեպքերում, ժողովուրդը, ըստ էության, շատ լավ հիշում է, ինչ է եղել ՕԵԿ-ը, ու այդ տեսակետից կան հարցի շուրջ բարդություններ, թե արդյոք հնարավոր կլինի դա իրականացնել: Իմ գնահատմամբ, այնուամենայնիվ, բավական ցածր է հավանականությունը:
«ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՄ»
–Վերջին շրջանում ՀՀ նախագահը հանդիպումներ ունեցավ տարբեր քաղաքական ուժերի հետ ու խոսեց սահմանադրական բարեփոխումների մասին: Ի՞նչ կասեք այս, ինչպես նաեւ որոշ քաղաքական գործիչների հնչեցրած այն տեսակետների մասին, թե ովքեր գնացին այդ հանդիպմանը, Բաղրամյան 26-ի հաճախորդներն են...
– Անձամբ` պառլամենտական հանրապետության կողմնակից եմ եւ ոչ թե այն պատճառով, որ, ուղղակի, ուզում եմ պառլամետական լինի երկիրը: Տնտեսական վերելքի, կայունության, առաջընթացի առումով, նախագահական երկրներից աշխարհում միայն ԱՄՆ-ն է, որ աչքի է ընկնում դրական դինամիկայով, իսկ ինչ վերաբերում է մնացած երկրներին` այդ դինամիկան, իհարկե, հիմնականում դրսեւորում են պառլամենտական հանրապետությունները: Այդ տեսակետից կիրառական առումով համարում եմ, որ համեմատաբար ավելի ճիշտ է պառլամենտական համակարգը: Բայց այստեղ գալիս է ուրիշ խնդիր եւս: Հայաստանը, անկախ իր կամքից, պարբերաբար գնում է ռիսկայնության այնպիսի դաշտ, որ ամեն վայրկյան կարող է սկսվել պատերազմ: Եվ այս դեպքում, պետք է դիտարկել, թե որքանով է հնարավոր գլխավոր հրամանատարի կամ որոշում կայացնողի հարցը նախագահից վերաբաշխել ուրիշ անձանց, պաշտոնյաների կամ քաղաքական կազմակերպությունների վրա: Այդ դեպքում, եթե պառլամենտը պետք է որոշում ընդունի, ինչպես հասկանում ենք, բավականին բարդ կլինի:
– Նկատի ունեք այն, որ կոնկրետ խորհրդարանական մի քանի խմբակցություններում հակասություններ կան, էլ ուր մնաց, թե միասնական որոշումնե՞ր կայացնեն:
– Եվ ոչ միայն դա, այլ նաեւ այն, որ կոլեկտիվ կարծիքի ձեւավորումը ժամանակ է պահանջում: Այդ դեպքում, եթե կոլեկտիվ կարծիք է ձեւավորվելու, այդ էլ խնդրահարույց է լինելու, բայց այստեղ պետք է դիտարկել, թե քննարկումների ժամանակ ինչպիսի առաջարկներ կան եւ ըստ այդմ շարժվել:
«ՉԵՄ ԳՏՆՈՒՄ, ՈՐ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԼԻՆԻ ԱՅԴ ՀԱՐՑԵՐԻ
ՄԵՋ ԽՈՐԱՆԱԼԸ»
–Այնուամենայնիվ, սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ողջունո՞ւմ եք իշխանությունների երկխոսությունը ընդդիմադիր ուժերի հետ, թե` ոչ:
– Այս կամ այն քայլերը ողջունելուց առաջ պետք է նայենք, թե դրա արդյունքն ինչ է եղել: Դեռեւս դրա արդյունքը չեմ տեսնում: Միակ բանը, որ տեսնում եմ, հնարավորինս արագացված թափով տարածվող ասեկոսեներն են: Բայց թե ստեղծվում է համակարգային ընդդիմություն, չի ստեղծվում, իշխանության եւ ընդդիմության հարաբերությունները ինչպիսի կոռեկցիայի են ենթարկվում, այս ամենը դիտարկելուց հետո կարող ենք ասել, թե որքանով է դրական եւ ինչ վտանգներ էր իր մեջ պարունակում: Իհարկե, ցանկալի կլինի, որ ՀՀ-ում ամեն ինչը նպաստի հնարավոր խաղաղությանը կամ պատերազմի դեպքում միասնական գործողություններին:
– Ի դեպ, Դուք խոսեցիք ասեկոսեների մասին, բայց կոնկերտ հայտարարություններ էլ հնչեցին, օրինակ` «Ժառանգությունում» միմյանց դեմ: Արդյունքում այս կուսակցությունում ձեւավորվեց Ռուբեն Հակոբյանի, Արմեն Մարտիրոսյանի ու Զարուհի Փոստանջյանի կողմնակիցների թեւեր:
– Ոչինչ չէի ցանկանա ասել, որովհետեւ ինքս անձամբ չեմ խորացել այդ հարցերի մեջ: Եվ չեմ գտնում, որ բարոյական կլինի իմ կողմից խորանալը այս հարցերի մեջ: Իսկապես չգիտեմ, թե այնտեղ, ինչ նրբություններ կան կողմնորոշումների մեջ, կան այդպիսի հակասություններ ներսում, թե` ոչ: Այնպես որ, այդ առումով տեղյակ չեմ:
«ՔՐԻՍՏՈՆԵԻՑ ՏԱՐԱԾՔԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՅԼԵՎՍ
ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»
–Անդրադառնանք նաեւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ Ձեր մտորումներին...
– Իմ կարծիքով` ավելի ցանկալի կլիներ, որ իրենցից հասարակական կշիռ ներկայացնող ֆորումներ լինեին, որում ընդհանուր քննարկման կդրվեին կոնցեպտուալ խնդիրներ, թե Մեծ եղեռնը, որպես քաղաքականություն, ինչ է եղել, եւ այդ քաղաքականության պատժելիության աստիճանը ինչ է եղել: Եվ արդյո՞ք դրանով չեն պայմանավորված ներկայիս ցեղասպանությունները, որոնք ծավալվում են մոտավորապես նույն տարածաշրջանում եւ գրեթե նույն ժողովուրդների դեմ: Մենք այս կապը` անցյալի եւ ներկայի միջեւ, այնուամենայնիվ, խնդիր ունենք զգալիորեն ավելի խորը ընդգծելու եւ աշխարհին ի ցույց դնելու: Այնպես է ստացվել, որ թուրքական քաղաքականության արդյունքում ցեղասպանության ենթարկված այդ ժողովուրդներից, ինչպես ասորիներն են, հույներն են, եզդիներն են, համեմատաբար ավելի ուշ քրդերն են, միայն հայերին է հաջողվել, դա` որպես լուրջ խնդիր, բարձրացնել աշխարհի առաջ: Այս առումով նաեւ մեր պատասխանատվությունն է` նորից այս հարցը ներկայացնել եւ ցույց տալ, որ անպատժելիությանն ինչ ուզում ես արա, ծնում է նոր հանցագործություններ եւ նոր հավակնություններ:
– Նախ ԵԺԿ-ն, ապա Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը բանաձեւեր ընդունեցին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված: Իրականում այս ամենը մեր փոքրիկ հաղթանակնե՞րն են, թե՞ 100 տարի անց Եվրոպան սկսել է «մեղքերը քավել»:
– Իմ կարծիքով, երկուսն էլ կա: Մի կողմից մենք հետամուտ ենք եղել այդ հարցերում եւ շատ դեպքերում ոչ թե Հայաստան պետությունը, այլ հայկական սփյուռքը: Եվ կա երկրորդ հանգամանքը, որ համանման խնդիրներ դեռեւս հեռու այդպիսի զանգվածայնությունից, ինչպիսին եղավ 20-րդ դարի սկզբներին, բախում են Եվրոպայի դռները: Նրանք պետք է արձագանքեն այդ ամենին, որովհետեւ այսօր, պայմանական ասած, քրիստոնեից տարածքը Եվրոպայում այլեւս գոյություն չունի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

