Ա.ԲԱՂԴԱԴՅԱՆ. ՄԵՐ 7 ՄԱՐԶԻԿՆԵՐՆ ԷԼ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ
Արխիվ 12-16Ա.ԲԱՂԴԱԴՅԱՆ. ՄԵՐ 7 ՄԱՐԶԻԿՆԵՐՆ ԷԼ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ
ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ
Մարտի 24-29-ը Լեհաստանում կանցկացվի մինչեւ 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի անդրանիկ առաջնությունը: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը օրեր առաջ հրապարակեց աjն կազմը, որը կմասնացկի այս ստուգատեսին: Հայաստանի մարզական պատիվը Լեհաստանում կպաշտպանեն Արտակ Հովհաննիսյանը(57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Իշխան Պողոսյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (84 կգ) եւ Վիկտոր Կազիշվիլին (96 կգ): Իսկ մինչ այդ`մարտի 5-7-ը, Հայաստանի ըմբիշները Մինսկում հանդես եկան Գրան Պրի մրցաշարերի շարքին դասվող Ալեքսանդր Մեդվեդի մրցանակների 45-րդ խաղարկությանը, որտեղ ոսկե մեդալակիր դարձավ Վոլոդյա Ֆրանգուլյանը:
Մինսկի մրցաշարի արդյունքների եւ Եվրոպայի առաջնությունից ունեցած սպասելիքների մասին "Իրավունքի" հետ խոսեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ԱՐԱՅԻԿ ԲԱՂԴԱԴՅԱՆԸ:
-Ինչպե՞ս կգնահատեք մեր թիմի ելույթները Մինսկում:
- Գոհ եմ միայն Վոլոդյա Ֆրանգուլյանից, շատ լավ գոտեմարտեր անցկացրեց եւ վստահ հաղթանակներ տարավ: Իսկ մյուս մարզիկների ելույթներից դժգոհ եմ:
- Կային մարզիներ, որ պարտվեցին հենց մեկնարկում: Ի՞նչը խանգարեց նրանց լավ դրսեւորվել:
- Ըմբշամարտում եւ առհասարակ` սպորտում այնպես չէ, որ միշտ նույն մարդիկ պետք է հաղթեն: Տարբեր պատճառներ կային, մեկի մոտ քաշային կարգի փոփոխության խնդիր կար: Օրինակ` Գարիկ Բարսեղյանը երկու լավ գոտեմարտ անցկացրեց եւ պարտվեց հավասար պայքարում: Բացի այդ, մենք այս մրցաշարին չէինք մասնակցում` լավագույն արդյունքները ցուցադրելու համար: Այս մեկը` այլ կարեւոր մրցաշարերից առաջ, նախապատրաստական բնույթ էր կրում: Դեռ շատ ժամանակ կա մինչեւ աշխարհի առաջնությունը, կհասցնենք լավագույնս պատրաստվել:
- Դավիթ Սաֆարյանից մշտապես սպասելիքները առավելագույնն են: Ի՞նչ կասեք նրա ելույթների մասին:
- Դավիթը թեեւ մի քաշ բարձր էր հանդես գալիս, սակայն սպասվում էր, որ այդ քաշային կարգում էլ լավ ելույթներ կունենա: Լավ գոտեմարտեր անցկացրեց եւ էլի հավասար պայքարում զիջեց մրցակցին 1/8 փուլում:
- Իսկ Վոլոդյա Ֆրանգուլյանից ի՞նչ սպասելիքներ կան` արդեն Եվրոպայի առաջնությունում:
- Բոլոր այն մարզիկներից, ովքեր մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը սպասելիքներ կան: Իսկ Վոլոդյայից մեդալի ակնկալիքները, իհարկե, ավելի շատ են:
- Այս պահին ինչպե՞ս կգնահատեք թիմի մարզավիճակը:
- Նորմալ, ուսումնամարզական հավաք չենք անցկացրել, ամենօրյա մարզումների մեջ ենք: Բոլոր 7 մարզիկները, ովքեր ներկայացնելու են Հայաստանը, մեկնում են մեդալների համար պայքարելու:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

