ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ ԻՐ "ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՆ"
Արխիվ 12-16ԹՈՒՐՔԻԱՆ
ՉԻ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ ԻՐ "ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՆ"
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` Թուրքիան ավելի է ուժեղացրել իր հայատյաց քաղաքականությունը: Հերթական անգամ այս երկիրը վայրագություններ է դրսեւորում հայկական շինությունների կամ այն կառույցների նկատմամբ, որոնք վերականգնվել են հայերի ձեռքով: Արեւմտյան Հայաստանի հայկական խաչքարերի, եկեղեցիների, հնագույն կառույցների եւ մշակութային այլ կոթողների կողքին նրա աչքից չի վրիպել այն շինությունները, որոնք վերականգնել է պոլսահայ լեզվաբան, լրագրող Սեւան Նշանյանը` Շիրինջե գյուղում: Այդ շինությունները, չգիտես ինչու, թուրքական իշխանությունները որակել են որպես "ապօրինի" եւ պատրաստվում են քանդել:
Սա այն դեպքում, երբ Ս. Նշանյանը 16 տուն վերականգնել է սեփական միջոցներով եւ ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:Երկու տարի առաջ իշխանություններն այդ շինությունների պատճառով, ինչպես նաեւ Մուհամեդ մարգարեին "ծաղրելու" համար ձերբակալեցին Ս. Նշանյանին եւ դատապարտեցին 2 տարվա ազատազրկման:
Ապա Թուրքիայում բնակվող հայ լեզվաբանից կարողացան իրենց հին սովորությամբ ազատվել` զրկելով մարդուն փաստեր ներկայացնելու հնարավորությունից: Դե, բնական է, եթե Թուրքիայի իշխանությունները կարողանում են անմարդկային ձեւով հաշվեհարդար տեսնել ծագումով թուրք մտավորականների հետ, ովքեր այս կամ այն ձեւով հիշեցնում են Հայոց ցեղասպանության փաստը, ապա հայ մտավորականին բանտ նետելու համար ոչնչի առջեւ կանգ չեն առնի: Մանավանդ այն դեպքում, երբ Նշանյանն ավելի վաղ իր վերակառուցած տները նվիրատվություն էր արել թուրք գրող Ազիզ Նեսինի անվան հիմնադրամին:
Բացի այն, որ Թուրքիան չհիմնավորված ձերբակալել է Ս. Նշանյանին, նաեւ պահում է անմարդկային պայմաններում. ինչպես տեղեկացնում են Ս. Նշանյանի մտերիմները` բանտում նրա համար քնելու պայմաններ չկան: Թե որքան կշարունակվի այս ճնշումները Ս. Նշանյանի նկատմամբ, դժվար է ասել, որովհետեւ Թուրքիայի վայրագությունների դեմ միջազգային հանրությունն աչք է փակում, ինչն էլ այդ երկրին տալիս է լայն հնարավորություն` ոչնչացնել այն ամենը, ինչ հայկական է:
Կույտը մշակեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

