"ՄԵՐ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ԾԱՅՐԱՀԵՂ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ"
Վերջին շրջանում հաճախ է ասվում, որ չկա հայկական շոու-բիզնես, փոխարենը շոու-բիզնեսից մնացել են մասնիկներ, որոնք էլ իրենց ուսերի վրա լուռ տանում են այդ ծանր պարտականությունը: Կոմպոզիտոր ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ "Իրավունքի" հետ զրույցում ոչ միայն փաստեց, այլեւ պնդեց, որ հայկական շոու-բիզնես գոյություն չունի:
"ՉԿԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ"
-Ըստ Ձեզ, ի՞նչ վիճակում է այսօր գտնվում հայկական շոու-բիզնեսը: - Առհասարակ չի գտնվում, չկա հայկական շոու-բիզնես, կա մի շարք սեկտանտների, անբարոյականների, սիրեկաններով կարիերա ստեղծող անճաշակ անտաղանդների մի ոհմակ: Փառք Աստծո, նրանց կողքին կան մի քանի տաղանդավոր անհատներ, որոնք ամեն օր կյանքի եւ մահու կռիվ են տալիս, որ վերջնականապես չկորչի այն ամենը, այն գեղեցիկը, որի կարիքը մարդիկ այդքան ունեն: - Ի դեպ ասում են` դադարել եք ստեղծագործել հայ կատարողների համար, եկամտաբեր չէ՞ հայկական շոու-բիզնեսը: - Ահավոր ձանձրալի է, իսկ եկամտաբերության մասին կասեմ, որ մեր արտիստները, գրեթե բոլորը, գտնվում են ծայրահեղ աղքատության մեջ: Հատկապես, երբ խոսքը գնում է երաժիշտներին, երգահաններին եւ ռեժիսորներին վճարելու մասին: ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ