Վրաստանի մայրաքաղաքում` Թբիլիսիում` "Հայարտանը", տեղի ունեցավ վերջերս լույս տեսած` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի "Անանյան-Հովնանյանների ոտնահետքերով" գրքի շնորհանդեսը: Միաժամանակ ներկայացվեցին նաեւ Թբիլիսիի հայկական կյանքի գիտակ Սարգիս Դարչինյանի "Թիֆլիս. հայկական ճեպանկարներ" գրքի ռուսերեն հրատարակությունը եւ "Կարծիք" ստեղծագործական խմբի պատրաստած "Անանյան-Հովնանյաններ. մոռացված ոտնահետքեր" տեսաֆիլմը:
Բարի ավանդույթ են դարձել "Լոռվա ձոր" հայրենակցական միության եւ Վիրահայոց թեմի կազմակերպած համատեղ միջոցառումները, որոնք առնչվում են վիրահայությանը եւ Լոռվա աշխարհին: Շնորհանդեսը սկսվեց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնության եւ գնահատանքի խոսքով: Նա ընդգծեց, որ լույս տեսած գրքերը եւ նկարահանված տեսաֆիլմը արժեքավոր են նախեւառաջ թիֆլիսահայ պատմության էջերը պեղելու եւ նոր, մեծ վաստակ ունեցող գործիչներին սերունդներին ներկայացնելու առումով: Նա նաեւ նշեց, որ հեղինակներին հաջողվել է մոռացությունից փրկել մի ամբողջ գերդաստանի պատմություն: "Վրաստան" թերթի խմբագիր Վան Բայբուրթը նշեց, որ Սերգո Երիցյանին հաջողվել է ստեղծել փաստավավերագրական, հանրամատչելի մի ինքնատիպ պատմություն` մի ամբողջ գերդաստանի մասին` ամենատարբեր զեղումներով: "Մի շնչով այդ գիրքը կարդացի,- ասաց նա,- ու հասկացա, որ մենք հենց այսպիսի գրքերի, ասել է թե, պատմությունների կարիք ունենք":