Կոտայքի մարզի Զառ գյուղում երիտասարդի հերթական ինքնասպանության դեպք է գրանցվել: Գյուղի տներից մեկում 18-ամյա տղային հայտնաբերել են առաստաղից կախված, մինչ կհասցնեին հիվանդանոց, նա արդեն մահացել էր: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Զառ գյուղի գյուղապետ Մուրադ Բաբախանյանը:
-Շատ լավ երեխա էր, անմիջական, ժողովրդական խոսքով ասածª աֆերիստ էրեխա էր: Ոչ մեկս չի հասկանում Անդրանիկի հոգեբանությունը, նա ոչ հոգեկան հիվանդ էր, ոչ առողջական խնդիրներ ուներ: Ապրում էր հոր եւ խորթ մոր հետ: Դեպքից առաջ էլ շատ լավ տրամադրություն է ունեցել, հորից ծխախոտի գումար է ուզել, գնացել է ծխախոտը գնել, հետո գնացել է հարեւանի տուն` ասել-խոսել: Թե ինչ էր մտել գլուխը, որ նման օյին խաղաց բոլորիս գլխին, չենք կարողանում հասկանալ: Իսկ ահա տղայի հայրը` Մարկոսը, արտասվելով հազիվ հետեւյալն ասաց. - Չգիտեմ, ոչ մեկս չենք կարողանում հասկանալ Անդոյիս արարքը: "Թարսի պես" էդ օրն էլ էնքան բարձր տրամադրություն ուներ` գործից գալուց հետո նստեցինք մի ժամվա չափ խոսեցինք` դեսից-դենից, ապագայի հետ պլաններ շատ ուներ: Անդոս միշտ ինձ դուխ էր տալիս, հենց մի քիչ նեղվում էի, բայց էսօր... Ընկերների, հարեւանների, ում հետ, որ ինքը շփվում էր հարցրել եմ, թե ոչ մի արտառոց բան չե՞ն նկատել, ասում ենª չէ: Ոչ ոքի ոչինչ չի ասել, ոչնչից չի դժգոհել, որեւէ մեկը չի նկատել, որ Անդոս ինչ-որ բանից անհանգստացած կամ վախեցած լինի: Դեպքի օրը ով տղուս տեսել է, ասում էª ոնց որ ամեն օր, այդպես էլ էդ օրն էր` անմիջական, ասող-խոսող: - Կան խոսակցություններ, որ այդ արարքն ինչ-որ կերպ կարող էր կապված լինել տարիներ առաջ իրեն լքած մոր հետ: Այդ մասին մտածե՞լ եք: - Էս տասը տարի կլինի, որ ինքն իր մորը ոչ տեսել է, ոչ էլ կապ է ունեցել: Էն, ինչ որ կատարվեց տղայիս հետ, ինձ համար այդպես էլ մութ կմնա: Ո՞ւմից իմանամ. ինքը պետք է ասեր, ինքն էլ արդեն չկա ու չի ասի...