Նախորդ տարվա հունիսի 1-ին Նուբարաշենում դանակահարված 22-ամյա Վանուշ Ալեքսանյանի դանակահարության մեջ մեղադրվող Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` Սեդրակ Օսիպյանի "կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարների ելքային եւ մուտքային հեռախոսազանգերի վերծանումների փորձագիտական պատասխանները պատրաստ են: Այժմ քննիչը լրացուցիչ հարցաքննում է այն անձանց, ովքեր մասնակցում են հեռախոսային զրույցներին:
Քննչական որոշակի գործողությունների ավարտից հետո Սեդրակ Օսիպյանը կներկայանա իրավապահ մարմիններին",- մեզ հետ զրույցում ասաց Սեդրակ Օսիպյանի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը: Մնում է հուսալ, որ բավականին պրիմիտիվ այս գործը քննողները նախաքննության երկրորդ տարվա ավարտին մոտ կհասցնեն գոնե մեկ-երկու մատնահետք վերցնել. այ դա կլիներ տիտանական աշխատանք: Ի դեպ հիշեցնենք, որ դեպքից շատ չանցած Վ. Օսիպյանն ասել էր. "Ես որոշել եմ լրատվամիջոցների հետ չխոսել, մինչեւ որ քննությունը չավարտվի...": Ու երեւում է, որ փոխոստիկանապետի այդ "լռության ուխտը" դեռ մի երկու տարի էլ կարող է տեւել... Չնայած ասում են, որ համաներում է լինելու: Իսկ այդ դեպքում, թերեւս, սա կդառնա հերթական աղմկահարույց գործը, որի արդյունքում որեւէ մեկը չի պատժվի: Եվ նորից մնում է տալ նույն հարցը. նախաքննությունն այսքան "ջանասիրաբար" կաշխատե՞ր, եթե գործով անցնողը չլիներ Երեւանի փոխոստիկանապետի եղբորորդին: Դե ուրեմն, կեցցե բոլորի համար հավասար օրենքը: