«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ»
Արխիվ 12-16«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ»
Մարտի 16-ին կայացած շնորհանդեսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հավանությանն արժանացավ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որը հետայսու հասանելի է նաեւ հանրությանը: Այս փուլում սահմանադրական բարեփոխումների հարցը շարունակում է հուզել միայն քաղաքական գործիչներին, մասնավորապես թեման ծավալվում է խորհրդարանական համակարգի անցնել-չանցնելու բանավեճերով: Իսկ թե երբ այն բովանդակային առումով կներկայացվի հանրության լայն շերտերին, եւ որոնք են լինելու բարեփոխումների առանցքային խնդիրները, «Իրավունքը» փորձեց պարզել քաջատեղյակ մասնագետներից` ներկայացնելով տեսակետները կլոր սեղանի ձեւաչափով:
«ԱՅՍ ՊԱՀԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
ԿԱՐԾԻՔ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»
Ինչպես նշեց «ՀՀ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, ՀՀ ԱԱ թղթակից-անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆԸ, ով ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ է, այս պահին խոսել դրա մասին վաղ է, բայց շուտով կլինի համահավաք կարծիք.
«Պայմանավորվածությունը դա է, յուրաքանչյուրս չենք կարող արտահայտել մի բան, որը չի քննարկվել հանձնաժողովում: Այս փուլում Ձեզ որեւէ մեկը ավելին չի ասի: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն արդեն հրապարակային ներկայացված է: Դրանից դուրս ավելի մանրամասն լուծումներ` տարբեր ինստիտուտների, տարբեր գլուխների վերաբերյալ եւ այլն, որեւէ մեկը չի ասի, որովհետեւ քննարկում չի եղել, եւ այս պահին հավաքական կարծիք գոյություն չունի որեւէ հարցի շուրջ»: Պարոն Ղազինյանը նաեւ հավելեց, որ որոշ գլուխներ, մասնավորապես մարդու իրավունքների բաժինը այս պահին շրջանառության մեջ է հանձնաժողովի ներսում, եւ երբ դրանք որոշակի կարգավիճակով պատրաստ լինեն, այն կներկայացվի հրապարակայնորեն:
Սահմանադրական բարեփոխումների կարեւոր շեշտադրումներին, ինչպես նաեւ դրա բովանդակությունն ավելի լայն շերտերին հասանելի դարձնելուն անդրադառնալով` ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆՆ ասաց. «Նախագահ Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքնանպատակ չէ սահմանադրական բարեփոխումները, եւ հանդիպելով քաղաքական լայն շրջանակների հետ` նաեւ ապահովեց կոնսոլիդացիա ասածը: Այսինքն` զրուցել, հասկանալ, թե մեծամասնությունը որ ուղղությամբ է գնում: Եվ մենք տեսանք, որ վերջնահանգույցը եղավ այն, որ պատրաստ է արդեն իսկ նախագիծը, մասնագիտական խումբը»: Իսկ թե ո՞րն է լինելու հաջորդ
քայլը, Հ. Սահակյանը մանրամասնեց. «Մենք պետք է ունենանք այսօրվա գործող սահմանադրության բարելավված տարբերակը, որից հետո նախագահ Սարգսյանը նորից քննարկումների արդյունքում, կարծում եմ` ավելի հստակություն կմտցնի: Խնդիրը մեկն է, համակարգային փոփոխություններ` չվտանգելով մեր երկրի արտաքին եւ ներքին անվտանգությունը, այն բոլոր գործընթացները, որ մենք սկսել ենք` ժողովրդավարության զարգացումից մինչեւ մեր սահմանին կանգնած զինվորի անվտանգությունը: Հետեւաբար, այդ ամենը պետք է ձեւակերպել ավելի նուրբ, ավելի կազմակերպված աշխատանքների արդյունքում, ինչն էլ այսօր արվում է: Երբ արդեն իսկ բարեփոխված սահմանադրության այս նախագիծը պատրաստ կլինի, կդրվի քվեարկության, ու մենք ավելի մանրամասն կարող ենք դրա շուրջ խոսել եւ տեսակետներ հայտնել»:
Իսկ իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գ. Ղազինյանը կրկին անդրադառնալով տեսակետներ արտահայտելուն ու բարեփոխումների նախագծի հրապարակայնացմանը` հավաստեց. «Այնպես չէ, որ պիտի սպասենք, ամբողջ սահմանադրական բարեփոխումների նախագիծը պատրաստ լինի, նոր մամուլին տրվի տեղեկատվություն: Ըստ գլուխների կամ ըստ ինստիտուտների հենց ձեւավորվեց որոշակի կարծիք, անպայման կներկայացվի հանրությանը, որպեսզի տեղեկացված լինեն: Այնպես որ, այդ ժամանակ կարող ենք տեսակետներ հնչեցնել ու խոսել այդ մասին»:
«ԱԺ-ՈՒՄ ԿՈՒՆԵՆԱՆՔ
ԵՐԵՔԱՄՍՅԱ ՔՆՆԱՐԿՈՒՄ»
Այնուամենայնիվ, թե արդյոք սահմանադրական բարեփոխումների առանցքը կլինի խորհրդարանական համակարգին անցնելը, թե առավել կարեւոր կետեր կան ամրագրված, Հ. Սահակյանը չշտապեց տեսակետ հայտնել. «Մի մասը ճիշտ է համարում խորհրդարանական կառավարման ձեւը, իսկ մի ավելի ստվար զանգված այսօրվա սահմանադրության ավելի բարեփոխված տարբերակին է հակված, որպեսզի դրվի քննարկման, այնուհետեւ հանրաքվե անցկացվի: Հետեւաբար, այս պահի դրությամբ, իմ որեւէ տեսակետ հայտնելը ճիշտ չի լինի: Մասնագիտական խումբը աշխատում է այս ուղղությամբ, երբ պատրաստ կլինի, նախագահը կներկայացնի նաեւ իր դիրքորշումը: Եվ դրանից հետո մենք կունենանք երեքամսյա քննարկում Ազգային ժողովում, որտեղ կարծում եմ ավելի բովանդակային եւ շատ ավելի առարկայական կքննարկենք հարցը քաղաքական ուժերի հետ, ու պարզ կդառնան իրենց տեսակետները»:
Ի վերջո, սահմանադրական բարեփոխումների ֆոնին, թե արդյոք նշմարվում են նաեւ այն քաղաքական ուժերը, որոնք կլինեն 2017 թվականին խորհրդարանում, այս զուգահեռների հետ չհամաձայնեց պարոն Սահակյանը. «Համամիտ չեմ, որովհետեւ 2017 թվականի թե՛ խորհրդարանական ընտրությունները, թե՛ 2015 կամ 2016 թվականների սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ու դրա արդյունքները որոշողը մեր ժողովուրդն է: Այսօր կարող են բազմաթիվ անձինք, քաղաքական ուժեր ակտիվ գործունեություն ծավալել: Բայց կյանքը ցույց է տվել, որ ընտրությունների ժամանակ ժողովուրդը կարող է իր քվեով այս կամ այն քաղաքական ուժին մտցնել խորհրդարան կամ խորհրդարանում եղած քաղաքական գործչին հանել այնտեղից: Այնպես որ, բացառապես սա մեր ժողովրդի քննարկելու կամ որոշելու խնդիրն է»: 
ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ, ով վերջերս հայտարարեց, որ 2017-ին իրենց ընդդիմադիր կուսակցությունը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին, լինելով կողմ սահմանադրական բարեփոխումներին, վերոնշյալի մասին պարզաբանեց. «Ով սահմանադրական բարեփոխումների կողմնակից է եւ գտնում է, որ ճիշտ է խորհրդարանական համակարգը, ասում են` ըհը, իշխանության ծախվածն է: Տրամաբանությունը ո՞րն է, չեմ կարողանում հասկանալ: Մեր գաղափարախոսության մեջ սեւով սպիտակի վրա գրված է, որ Հնչակյան կուսակցությունը կողմ է ուղղակիորեն խորհրդարանական կառավարման համակարգի ձեւավորմանը: Եթե որեւիցե քաղաքական կազմակերպություն կողմ է դրան, եւ օրվա իշխանությունները գնում են խորհրդարանական կառավարման համակարգի փոփոխության, պետք է ասենք` այս իշխանությունների բարեփոխումները չենք ուզում, մյուս իշխանությունները լինեն, նոր կուզե՞նք: Սա, բառիս բուն իմաստով, աբսուրդ է, ոչ ոք իրավունք չունի նման բանի մեջ մեզ մեղադրելու»:
Ի դեպ, սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ «Իրավունքը» փորձեց զրուցել նաեւ ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, Արդարադատության նախկին նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ, սակայն վերջինս դեռ նախարարի պաշտոնի ազդեցության «շորշոփի» տակ անգամ չլսեց, թե ինչին են վերաբերում հարցերը ու մարաթոնյան վազքով շտապեց իր աշխատասենյակ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

