"ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՆԵՐԳԱՂԹԱԾՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԳԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՎԵՆ"
Արխիվ 12-16"Իրավունքը" առիթ ունեցել է անդրադառնալու պատերազմական թատերաբեմ դարձած Ուկրաինայից Հայաստան փախած մեր հայրենակիցների եւ այստեղ նրանց ունեցած դժվարությունների թեմային: Ամենամեծ խնդիրը, ինչպես մեզ հետ զրույցում նշել են գրեթե բոլոր ուկրաինահայ մեր զրուցակիցները, աշխատանքի ու բնակտարածքի բացակայությունն է: Իսկ թե ինչ են մտածում մեր պատկան պետական կառույցներն այդ մասին եւ, առհասարակ, ուկրաինահայերին վերաբերող մյուս հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի հայկական համայնքների հետ կապերի բաժնի պետ ԷԴԳԱՐ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ.
-Այս պահի դրությամբ քանի՞ ուկրաինահայեր կան Հայաստանում, ովքեր ներգաղթել են հայտնի իրադարձություններից պատճառով:
- Նախ ուզում եմ նշել, որ Ուկրաինայից դեպի Հայաստան ներգաղթածներից շատերը մեզ մոտ պարզապես չեն ներկայացել, ուստի ես կարող եմ խոսել միայն այն մարդկանց մասին, ովքեր եկել եւ գրանցվել են: Մեզ մոտ այսօրվա դրությամբ գրանցվել է 150 մարդª 43 ընտանիք: Այդ իսկ պատճառով շատերին պարզապես հորդորում ենք, որ գան եւ մեզ մոտ գրանցվեն, որովհետեւ բավականին օգնություն ենք ցուցաբերում` թե՛ կրթական, թե՛ սոցիալական եւ թե՛ բժշկական:
- Գրանցվածների թիվը այդքան էլ մեծ չէ, բայց ում հետ առիթ ենք ունեցել խոսելու, հիմնականում նշել են, որ կանգնած են մի շարք խնդիրների առաջ: Մասնավորապեսª աշխատանքի հետ կապված: Ի՞նչ է արվում կոնկրետ խնդրի ուղղությամբ:
- Մենք համագործակցում ենք բազմաթիվ ՀԿ-ների հետ, որոնք զբաղվում են Հայաստան վերադարձած քաղաքացիների աշխատանքի տեղավորման խնդիրներով: Ուկրաինահայերի աշխատանքի տեղավորման հարցով մենք դիմում ենք նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Պետք է նշեմ նաեւ, որ շատ դեպքերում առաջարկվող աշխատանքի վարձատրության հետ իրենք ուղղակի չեն համաձայնում եւ հրաժարվում են:
- Ձեր նշված 150 մարդուց քանի՞սն են այսօր աշխատանքով ապահովված:
- Հիմա հստակ թիվ նշել չենք կարող, քանի որ նրանք դուրս են գալիս, նորից վերադառնում: Այդ իսկ պատճառով նման վիճակագրություն պարզապես չենք կարող պահել:
- Իսկ, ինչպե՞ս է լուծվում նրանց բնակարանային հարցը, քանի որ դա եւս ուկրաինահայերի կողմից ամենաշատ բարձրացվող խնդիրներից մեկն է:
- Շատերը ստացել են ժամանակավոր կացարան: Այդ խնդրով մենք դիմել ենք նաեւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարինª առաջարկելով փախստականների բնակարանների բնակվարձը ժամանակավոր հատուցելու ծրագիր: Այժմ սպասում ենք պատասխանին:
- Իսկ Սփյուռքի նախարարությունից ուկրաինահայերը ի՞նչ աջակցություն են ստանում:
- Մեզ դիմում են բազմաթիվ հարցերով` թե՛ սոցիալական աջակցության, թե՛ իրավաբանական եւ այլն: Մենք միջնորդում ենք Երեւանի քաղաքապետարանին, մարզպետարաններին: Այսինքնª նախարարությունը, այսպես ասած, միջնորդի դեր է կատարում, իսկ քաղաքապետարաններից, մարզպետարաններից ու նախարարություններից ամեն մեկն իր չափով լուծում է տալիս ուկրաինահայերի խնդիրներին: Տարբեր ծրագրերով նրանք ստանում են նաեւ դրամական, հագուստի, մթերքի տեսքով օգնություններ...
- Կապի մե՞ջ ոք Ուկրաինայի հայկական համայնքի հետ, ինչպե՞ս է այնտեղ մնացած հայերի վիճակը:
- Կոնկրետ Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում բնակվող հայերի վիճակը, բնականաբար, լավ չի կարող լինել: Մինչդեռª մինչեւ պատերազմը Դոնեցկի մարզում բնակվում էր ութսուն հազար հայ, իսկ Լուգանսկի շրջանումª շուրջ քսան հազար: Հիմա այնտեղ մնացել է երեւի տասից-տասնհինգ հազար հայ. մեծ մասը հիմնականում գնացել է ՌԴ, մի մասն էլª Հայաստան: Մենք խոսել ենք Դոնեցկի մարզի հոգեւոր հովիվի հետ, ով մեզ մեկ անգամ եւս հավաստիացրեց, որ հայերի եւ, ընդհանրապես, մյուս բոլորի վիճակն էլ այնտեղ, մեղմ ասած, լավ չէ: Մնացողները պարզապես չեն ուզում իրենց տները լքեն եւ հեռանան, դրա համար դուրս չեն գալիս: Բայց հիմա հարաբերական խաղաղության փուլ է, եւ որոշ դրական միտումներ կան: Իսկ հեռացածներից շատերն ասում են, որ եթե այնտեղ իրավիճակը հանդարտվի` կվերադառնան:
- Պարոն Հովսեփյան, մենք միշտ խոսում ենք, որ ամեն ինչ պետք է անենք, որ արտագաղթի դեպքերը նվազեն: Փաստորեն այս պահին Ուկրաինայից ներգաղթ է նկատվում: Ի՞նչ է արվում, որպեսզի այդ մարդիկ մտածեն Հայաստանում մնալու եւ ոչ թե նորից հեռանալու մասին:
- Հիմնականում այդ ամենը բախվում է ֆինանսական միջոցների հետ: Գիտեք, որ Հայաստանը այնքան էլ, այսպես ասած, հարուստ չէ, որպեսզի կարողանա փախստականներին իրենց ուզած չափով օգնություն ցուցաբերի: Բայց ես կարող եմ ասել, որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանով մենք հատուկ ուշադրության կենտրոնում ենք պահում ուկրաինահայերին, որպեսզի կարողանանք նրանց մաքսիմալ պահել հայրենիքում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔ 2014-2015ԹԹ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂ` ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իսկ ահա ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը ուկրաինահայերի հետ կապված մեզ տրամադրեց հետեւյալ տեղեկանքը.
Ապաստանի հայց.
74 դիմում ¥141 անձ¤, որից 2015թ.` 14 դիմում ¥26 անձ¤:
Բավարարվել է` 32 դիմում ¥58 անձ¤. ճանաչվել են փախստական եւ ստացել ապաստան:
Կարճվել է 2 դիմում ¥2 անձ¤. ապաստանի հայցից հրաժարվել հիմքով:
Կասեցվել է 13 դիմում ¥29 անձ¤. հարցազրույցի չներկայանալու հիմքով:
Մերժվել է 1 դիմում ¥1 անձ¤. մշտական բնակության վայրը Դնեպրոպետրովսկ:
17 անձ միաժամանակ հանդիսանում է ՀՀ քաղաքացի – փախստական չեն ճանաչվել
Ազգային պատկանելությունը.
17 ուկրաինացի, 7 ռուս, մյուսները` հայ:
Կացարանով ապահովում.
"Հատուկ կացարան" ՊՈԱԿ-ում տեղավորվել է 19 անձ:
"Հանրակացարաններ" ՊՈԱԿ-ի տնօրինության Մոլդովական 29/1 հանրակացարանում` 1 ընտանիք ¥6 անձ¤:

