Ո՞ՒՐ ԿՏԱՆԻ ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԿԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16Ո՞ՒՐ ԿՏԱՆԻ ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԿԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Եվ այսպեսª լրացավ Ղրիմի հանրաքվեի եւ Ռուսաստանի կազմ տեղափոխվելու մեկ տարին: Թե այդ դրվագը աշխարհի մասշտաբով ինչ գլոբալ փոփոխությունների ազդակ հանդիսացավ, այս մեկ տարվա ընթացքում ինչ խորքային անցուդարձեր տեղի ունեցան եւ դեռ ունենում են, թերեւս հարկ չկա կրկնել: Ֆիքսենք միայն մեկ փաստ. Ղրիմի հանրաքվեն հենց այն կարմիր գիծն էր, որից այն կողմ անցնելն արդեն անդառնալիորեն փոխեց աշխարհի քաղաքական դիմագիծը եւ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչ նոր դիմագիծ կձեւավորվի:
ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՆՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ
Այսինքնª հենց Ղրիմն էր առիթը, որ մինչ այդ ստվերային բնույթ կրող ռուս-ամերիկյան գլոբալ հակամարտությունը ոչ միայն միանգամից դարձավ առավել քան բացահայտ, այլեւ իր սրությամբ սկսեց հիշեցնել "սառը պատերազմի" "լավագույն" ավանդույթները: Մասնավորապեսª հենց այդ առիթով էր, որ Միացյալ Նահանգները տվեց հակառուսական պատժամիջոցների մեկնարկը, ինչն էլ, ի վերջո, դարձավ այդ հակամարտության ընթացքը բնութագրող առանցքային ինդիկատորներից մեկին:
Եվ ահա այսօր այդ ինդիկատորը հուշում է, որ ռուս-ամերիկյան հակամարտությունը Ղրիմից մեկ տարի անց էլ դեռ շատ հեռու է հանգուցալուծումից: Նկատի ունենք նշված միամյակի առթիվ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյն Պսակիի այն հայտարարությունը, որ Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները կշարունակվեն այնքան, քանի դեռ Ղրիմը չի վերադարձվել Ուկրաինայի կազմ: Մինչդեռ այն, որ Ռուսաստանը ոչ մի դեպքում Ղրիմը երկրորդ անգամ Ուկրաինային չի հանձնի, հազիվ թե որեւէ ողջամիտ մարդ կասկածի: Համենայնդեպսª ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը չհապաղեց արձագանքել, թեª Ղրիմը ռուսական տարածք է, եւ այդ թեման. "Մոսկվան չի պատրաստվում որեւէ մեկի հետ քննարկել": Միեւնույն ժամանակª հազիվ թե որեւէ մեկի մտքով նաեւ անցնի, որ հնարավոր է` Ղրիմն ուժով վերցնել ռուսներից. միջուկային այն պոտենցիալը, որն ունի Ռուսաստանը, նրան դարձնում է ռազմական տեսանկյունից միանգամայն անխոցելի: Իսկ դա հուշում է, որ Ղրիմի վերադարձն Ուկրաինայի կազմ գործնականում բացառվում է, եւ եթե այս տեսանկյունից ենք մոտենում Պետդեպարտամենտի հայտարարությանը, պետք է ենթադրել, որ ամերիկյան պատժամիջոցները տարիներով կշարունակվեն, եթե, իհարկե, ինչ-որ պահի ձեռք չբերվեն աշխարհում ազդեցության գոտիների վերաբաշխման նոր պայմանավորվածություններ, ինչն էլ, ի դեպ, ռուս-ամերիկյան ներկայիս հակամարտության գլխավոր հիմքն է, եւ այդ հանգուցալուծումն էլ այս պահին դեռ տեսանելի չէ:
Բայց մյուս կողմից էլ, եթե Վաշինգտոնը պահպանում է պատժամիջոցները, ապա ունի դա պարբերաբար խորացնելու խնդիր: Ի վերջո փաստացի մինչ այժմ ընդունված պատժամիջոցներն իրենցից լուրջ վտանգ չեն ներկայացնում. դրանք հիմնականում վերաբերում են տարբեր անձանց մուտքն արեւմտյան երկրներ արգելելուն, իսկ ֆինանսատնտեսական բնույթի մի քանի արգելքները շրջանցելու տարբերակներ միշտ էլ հնարավոր է գտնել: Այսինքնª Ռուսաստանին հիմնականում հարվածում է հենց "պատժամիջոց" տերմինի առաջացրած ռեզոնանսը, որը չթարմացնելու դեպքում ժամանակի ընթացքում մարելու է, այսինքնª կորցնում է իմաստը: Ուրեմն պետք է իրավիճակը սրելու միջոցով պարբերաբար թարմացնել այդ ռեզոնանսը: Միայն թե եվրոպական պետություններին հիմնականում վաղուց է զզվեցրել այս իրավիճակը, եւ ԱՄՆ-ին գնալով ավելի մեծ դժվարությամբ է հաջողվում Հին աշխարհամասից հերթական պատժամիջոցային հայտարարությունը կորզել: Առավել եւս, որ իրավիճակն առանց այն էլ այնպիսի շիկացման է հասել, որ ամեն մի նոր սրացում կարող է միանգամայն անկառավարելի հետեւանքների տանել: Նկատի ունենք հետեւյալը. գաղտնիք չէ, որ վերջին ժամանակներս Վաշինգտոնն սկսել է փոքր-փոքր քանակներով, բայց հանրագումարումª բավականին մեծ ծավալով ռազմական տեխնիկա կենտրոնացնել Արեւելյան Եվրոպայում եւ Մերձբալթյան երկրներում, եւ հազիվ թե Ուկրաինան էլ դրանից դուրս մնացած լինի: Որպես պատասխանª Ռուսաստանը հատկապես վերջին օրերին ռազմական պատրաստության է բերել արեւմտյան ուղղությամբ իր բոլոր զորքերըª սկսած հյուսիսային ռազմական օկրուգից մինչեւ Կովկաս: Ընդ որում, այդ գործողությունների համատեքստում նախª Ղրիմն է համալրվել ստրատեգիական հրթիռակիր ավիացիայով, ապա նույն տեխնիկայի հետ մեկտեղª Կալինինգրադ են տեղափոխվում "Իսկանդեր" համակարգեր: Մինչդեռ նման զինատեսակների տեղակայումը նշված հատվածներում նշանակում է մեկ բանª Ռուսաստանն այսպիսով մինչեւ իսկ միջուկային նշանառության տակ է առնում գրեթե ողջ Եվրոպան:
Միեւնույն ժամանակª այդ բոլոր տեղաշարժերը միանգամայն տեսանելի են, ինչը, իհարկե, ռազմավարության բաղկացուցիչ մասն է. այս կերպ հակառակորդը տեղեկանում է, թե ինչի հետ կարող է գործ ունենալ, իսկ դա հաճախ զրոյականացնում է ագրեսիայի ամեն մի ցանկություն: Բայց եթե կա ագրեսիան կանխելու նպատակ, ապա դա հուշում է, որ կա նաեւ ագրեսիայի սպասելիք:
ԵՎՐՈՊԱՆ ԴԱՌՆՈՒՄ Է
ՀԱՎԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԹԱՏԵՐԱԲԵՄ
Թե ինչի կհանգեցնի ամենաարդիական ռազմական մկանների այս ցուցադրությունը, միայն ժամանակը կարող է ցույց տալ: Բայց մեկ բան հստակ է. ծայրահեղ զարգացումների դեպքում նման իրավիճակն իր ողջ ծանրությամբ կփլվի Եվրոպայի վրա, զգալի չափով էլª Ռուսաստանի, բայց քանի դեռ միջուկային ռիսկը բացառվում է, օվկիանոսից այն կողմ գտնվող ԱՄՆ-ն իրեն միանգամայն հանգիստ կարող է զգալ: Այս իրողությունը Եվրոպան նոր չէ, որ սկսել էր տեսնել, եւ հենց ուժերի նման կուտակումների հեռանկարն աչքի առաջ ունենալն էր, որ անցած ամիս Բեռլինին եւ Փարիզին պարտադրեցինª արդեն մեծ պայթյունի շեմին հասած ուկրաինական պատերազմը բանակցային հարթություն տանելու ուղղությամբ լուրջ քայլեր կատարելª ինչքան էլ դրա արդյունքում տեսանելիորեն սառեցին Վաշինգտոնի հետ հարաբերությունները: Ընդ որումª անգամ Կիեւն այդ փուլում զերծ մնաց Ղրիմի թեման շոշափելուց, թերեւս կռահելով, որ բոլոր այդ վտանգավոր հետեւանքները Եվրոպայից էլ շուտ հենց իր գլխին են կոտրվելու: Բայց ահա զենքի մատակարարումների գործընթացի փաստացի մեկնարկը տալուց հետոª նաեւ Ղրիմը դարձնելով հիմնական նախապայմանª Պետդեպարտամենտը հենց այդ բոլոր նախնական հաշվարկներն է փորձում խառնել: Համենայնդեպսª այս իրավիճակում Մերկելն ու Օլանդը պետք է նախ բացատրեն Մոսկվային, թե վերջինս հանուն ինչի կանգնեցրեց Դոնբասի բանակի թափ հավաքող հարձակումը, եթե պարզվում է, որ Դոնբասում պատերազմ լինել-չլինելը որեւէ ազդեցություն պատժամիջոցների հարցում չի ունենալու: Առավել եւս, որ Ուկրաինան արդեն այնքան բացահայտ է հրաժարվում նույն Մերկելի ու Օլանդի միջնորդությամբ ստորագրված զինադադարի պայմանագրի մի շարք առանցքային դրույթներ կատարելուց, որ օրերս կանցլերը ստիպված էր Պորոշենկոյին կանչել Բեռլինª բացատրությունների: Բայց դրանից հետո թեեւ Պորոշենկոն ամենաառանցքայինª Դոնբասին հատուկ կարգավիճակ տալու հարցը մտցրեց Ռադայի օրակարգ, սակայն այնպիսի պայմաններով, որ հաստատ Դոնբասը ոչ մի դեպքում չի համաձայնի: Հասկանալի էª Վաշինգտոնը պարզապես Պորոշենկոյին մանյովրելու հնարավորություն չի տվել: Բայց դա արդեն հենց Մերկելին ու Օլանդին ուղղված հարված է, հաշվի առնելով, որ նրանք են Պորոշենկոյի զինադադարային քայլերի երաշխավորը, եւ եթե պարզվում է, որ արդեն որեւէ ազդեցություն չունեն Կիեւի վրա, դա արդեն միանգամից կփոխի ներկայիս զինադադարային իրավիճակը:
Չնայածª դա կարող է Մոսկվայի, ասենք նաեւ Փարիզի եւ Բեռլինի համար նախընտրելի տարբերակ լինել: Մոսկվայի համար այն առումով, որ եթե պատժամիջոցներն ամեն դեպքում լինելու են, ապա դրանց վերջ տալու համար ավելի կարճ ճանապարհ չէ՞ նույն Դոնբասի բանակի կողմից Կիեւը գրավելը. այս դեպքում հաստատ Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու հարցն այլեւս նախապայման չի լինի: Դրա հետ մեկտեղ, եթե Կիեւի համար Վաշինգտոնից զատ այլ հեղինակություն չկա, ապա ռազմական նոր պարտություններից հետո Պորոշենկոն, թերեւս, ստիպված կլինի հիշել, որ նման ծայրահեղ իրավիճակներում միայն Փարիզն ու Բեռլինն են կարողանում իրեն վերջնական պարտությունից փրկել: Առավել եւս, որ այս օրերին Վաշինգտոնը հերթական անգամ մտնում է իր գերռեկորդային պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու փուլ, այսինքնª ինչքան էլ զենք ուղարկի Արեւելյան Եվրոպա, հազիվ թե լուրջ պատերազմի մեջ մտնելու ցանկություն ունենա: Իսկ դրանից, իհարկե, Մերկելն ու Օլանդը կփորձեն օգտվել, առավել եւս, աչքի առաջ ունենալով Կալինինգրադում կենտրոնացվող "Իսկանդերները":
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

