ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանադրական բարեփոխումների շուրջ տեղի ունեցած քննարկումներին եւ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ ՀՀՇ-ն: Արարատ Զուրաբյանը հանդիպման ընթացքում հարց է ուղղել Սերժ Սարգսյանին` խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու դեպքում Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահ դառնալու ցանկություն ունի՞, թե` ոչ: "Սերժ Սարգսյանն ինձ ասաց, որ փոփոխված սահմանադրությունում կլինեն անցումային դրույթներ, որոնք թույլ կտան իրեն, որպես նախագահ, պաշտոնավարել մինչեւ 2018թ.:
Սա նշանակում է, որ խորհրդարանական ընտրություններին չի դառնալու պատգամավոր, հետեւաբար նաեւ` ԱԺ նախագահ",- ասաց Արարատ Զուրաբյանը: ՀՀՇ վարչության նախագահի խոսքով` սահմանադրական բարեփոխումները, առանց 100% համամասնական ընտրակարգի, որեւէ դրական փոփոխություն չեն տա: "Ընդդիմությունը պետք է վերահսկողական գործառույթներ ունենա սահմանադրական բարեփոխումներից հետո",- եզրափակեց Զուրաբյանը: