ՎՐԱՍՏԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՎՐԱՍՏԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստում քննարկվեց եւ 33 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ Հայաստանի եւ Եվրոպական խորհրդարանի կողմից կազմված բանաձեւը: Թե արդյոք այս բանաձեւը խթան կդառնա, որպեսզի մեր միակ քրիստոնյա հարեւան Վրաստանը գոնե մոտ ապագայում ճանաչի Հայոց ցեղասպանությունը, "Իրավունքը" հետաքրքրվեց Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, "Վրացական երազանք" խմբակցության պատգամավոր ԷԿԱ ԲԵՍԵԼԻԱՅԻՑ.
-Մենք շատ նրբանկատորեն ենք վերաբերում այդ հարցին: Իհարկե, հասկանում ենք մեր հարեւան Հայաստանի գործընկերներին, աջակցում ենք իրենց, եւ Դուք գիտեք, որ մենք լավ հարաբերություններ ունենք: Բայց կան քաղաքական հարցեր, որոնց շատ նրբանկատ պետք է մոտենան այնպիսի փոքր պետություններ, ինչպիսին Հայաստանն ու Վրաստանն են: Այնպես պետք է անել, որ հարեւանների հետ լինեն լավ հարաբերություններ: Հետեւաբար, անկախ նրանից, որ մեր վերաբերմունքն այդ հարցին դրական է, պետք է այնպես առաջնորդվենք, որպեսզի մեր հարաբերությունները հարեւանների հետ այդպիսի որոշմամբ չբերի այլ խնդիրների:
– Իսկ ինչպե՞ս եք վերաբերում, որ ադրբեջանական պատվիրակությունը Եվրանեսթի ԽՎ-ի 4-րդ լիագումար նիստին Հայաստան այդպես էլ չժամանեց:
– Իհարկե, լավ չէ: Պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները` քաղաքական ֆորումի մասնակցելու, որպեսզի լինի երկխոսություն: Մեր պատվիրակության ղեկավարն էլ փորձեց միջամտել, բայց չստացվեց, պետք է աշխատենք այդ ուղղությամբ, միգուցե նաեւ հարկադրենք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

