ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ. "ՕԵԿ-Ն ՈՒ ՆՐԱ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԿԱԼՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՀԱՅՀՈՅԱՆՔ"
Կոալիցիայից դուրս գալուց հետո ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը բավական ակտիվացել է: ՕԵԿ-ը կարծես թե հիմիկվանից հող է նախապատրաստում գալիք խորհրդարանական ընտրություններում իր տեղը զբաղեցնելու համար: Իսկ եթե սահմանադրական բարեփոխումները կյանքի չկոչվեն, Արթուր Բաղդասարյանը, չի բացառվում` առաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում:
"Ժողովրդավարական հայրենիք" կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանից "Իրավունքը" հարցրեց` ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին արդյոք կհաջողվի՞ նորից շահել հանրության վստահությունը, որը նա ուներ 2008-ի նախագահական ընտրություններում: "Տհաճ է էդ մարդու մասին մեկնաբանություն տալը: Ես նրան 1995-ից գիտեմ` ԱԺ-ից: Բայց նրա դեմքը վերջնականապես բացահայտվեց 2008-ին: Իսկ բացահայտողը եղավ Սերժ Սարգսյանը. օգտագործեց նրան, որ կարողանա իշխանությունը պահել",- ասաց կուսակցության ղեկավարը: Ըստ Մակեյանի` ՕԵԿ-ն ու նրա առաջնորդը հանրության մեջ ընկալվում են որպես հայհոյանք: "Արթուր Բաղդասարյանը զրոյական շանս ունի որեւէ բան անելու: Իսկ եթե հանկարծ, Աստված մի արասցե, նույն խաղի կանոններով անցկացնեն ընտրությունները, Սերժ Սարգսյանը ինչպես ուզեցավ` կսրբագրի ու կօգտագործի Արթուր Բաղդասարյանին",- եզրափակեց Մակեյանը: