ԱՄԵՐԻԿԱՑԻ ՐԱՖՖՈՒ ՏՈՒՆԸ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ
Արխիվ 12-16ԱՄԵՐԻԿԱՑԻ ՐԱՖՖՈՒ ՏՈՒՆԸ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ
Խոսքը, անշուշտ, ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի օջախի, այլ "քաղաքական տան"` "Ժառանգություն" կուսակցության մասին է: Եվ կռիվ ընկել է ոչ միայն "Ժառանգությունում", այլեւ` այլ կուսակցություններում, ինչպես նաեւ ընդդիմադիր կուսակցությունների միջեւ: Պատճառն էլ սահմանադրական բարեփոխումների շուրջ ընդդիմադիր տարբեր ուժերի հանդիպումներն էին Սերժ Սարգսյանի հետ: Դա է այն խմորը, որը դեռ շատ է ջուր քաշելու:
ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-Ի "ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ" ՓՆՏՐՏՈՒՔ
Բայց ամենացցունը, անշուշտ, "Ժառանգության" ներսում պայթած սկանդալն է: Տեղի էր ունեցել նույնիսկ կուրիոզ` կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը իրեն բնորոշ ոճով ձեռք էր առնում եւ քննադատում հանդիպմանը գնացածներին իր ֆեյսբուքյան էջում: Բայց երբ նրան դեմ տվեցին Սերժ Սարգսյանի, Ռուբիկ Հակոբյանի եւ Արմեն Մարտիրոսյանի համատեղ լուսանկարը` սկզբում սեփական աչքերին չհավատաց եւ նույնիսկ ենթադրեց, որ դա ֆոտոմոնտաժ է:
Դե, իսկ ինչպիսի լաչառություն սարքեց Զարուհի Փոստանջյանը Բաղրամյան 26 գնացած կուսակիցների գլխին` դրա մասին մեր ընթերցողն արդեն տեղյակ է: Բանը հասավ նույնիսկ Բաղրամյան 26-ի հաճախորդ պիտակին: Եվ հեռակա բանավեճը, ինչպես մամուլի ներգրավումով, այնպես էլ ֆեյսբուքյան վիրտուալ "զինվորների" ճակատամարտի ֆորմատով դեռ շարունակվում է: Արմեն Մարտիրոսյանն իր հարցազրույցում շեշտել է, որ Բաղրամյան 26 գնալը եղել է` ե՛ւ կուսակցության վարչությանը, ե՛ւ Րաֆֆի Հովհաննիսյանին տեղեկացնելով, ու նրանք դեմ չեն արտահայտվել: Ավելին` դա տեղավորվում է կուսակցության ծրագրային դրույթների մեջ. "Նախ ասեմ` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մենք ունենք ծրագրային մոտեցում: Այսինքն` մեր կուսակցության ծրագրով ամրագրված է այդ դրույթը` փոփոխություն իրականացնել եւ խորհրդարանական հանրապետություն դառնալու վերաբերյալ: Դեռեւս անցած տարվա գարնանը մենք ներկայացրեցինք առաջարկները, որոնց առկայության պայմաններում մենք բովանդակային քննարկման կմասնակցենք: Դրա հետ կապված` նաեւ խորհրդաժողով հրավիրեցինք: Մենք ասել ենք, որ ունենք երեք կետ, որին երեկ` հանդիպման ժամանակ, ավելացրինք եւս 2-ը":
Ինչ վերաբերում է Փոստանջյանի հնչեցրած պիտակավորմանը եւ "հաճախորդներին" կուսակցությունից հեռացնելուն, ապա. "Մենք ունենք կուսակցության վարչություն, որտեղ այդ հարցը կքննարկենք, որից հետո դիրքորոշումը կհայտնենք: Ես չեմ կարծում, որ մեր կուսակցական խնդիրները հանրային քննարկման համար են նախատեսված: Իսկ կուսակցությունից հեռացնելու հետ կապված կասեմ հետեւյալը: Եթե կլինի որեւէ դեպք, որ ես կուսակցության որոշումը կատարած չեմ լինի, ես պատրաստ կլինեմ ներողություն խնդրել եւ հեռանալ":
Սակայն վարչության նիստը հետաձգվում է մինչեւ ԱՄՆ-ի` "հույժ կարեւոր" ուղեւորությունից կվերադառնա Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ վեճերը շարունակվում են, իրենց հարցազրույցներում "Ժառանգության" տարբեր ներկայացուցիչներ տարբեր կարծիքներ են հայտնում` սկսած նրանից, որ կարելի է հանդիպել անգամ "սատանայապետի" հետ, վերջացրած հանդիմանանքի խոսքով:
Ի դեպ, ՀՀՇ-ի ներսում էլ ներքին հակասությունները դուրս են եկել հրապարակային հարթություն: Արարատ Զուրաբյանից եւ Ալիկ Արզումանյանից խիստ նեղացել է Կարապետ Ռուբինյանը, ով արդեն հրապարակավ չի էլ թաքցնում, որ միգուցե հեռանա կուսակցությունից, "եթե հարմարվողական գիծը շարունակվի":
Գումարած դրան, սեւ կատու է անցել ՀԱԿ-ի եւ "Ժառանգության" միջեւ, իսկ ՀԱԿ-ի եւ ՀՀՇ-ի միջեւ հակասությունը առանց այդ էլ հին արմատներ ունի: Գումարած դրան, Պարույր Հայրիկյանի հավաքած "հակառուսական" դաշինքի ներսում են տարաձայնություններ սկսվել` ՀՀՇ-ի եւ "Ժառանգության" պահվածքի կապակցությամբ:
Ու այս պահին, խոշոր հաշվով, չես էլ կարող ասել` իրո՞ք Բաղրամյան 26 գնալուց առաջ կուսակցությունների ներսում անհամաձայնություն եղել է այդ հարցի շուրջ, թե այն բանից հետո, որ ՀՀ նախագահի եւ ընդդիմադիրների հանդիպումների ճոխ ֆոտոշարքը հրապարակվեց, ոմանք եկան այն կարծիքին, որ Սերժ Սարգսյանն այդ հանդիպումներով ընդդիմությանը հմտորեն "փչացրեց":
ՈՄԱՆՔ ԴԵՌ ԿՈՏՐԱՏՎՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ՀՀԿ-Ն ԱՌԱՋ Է ՇԱՐԺՎՈՒՄ
Դաշնակների պարագայում ամեն ինչ պարզ ու հասկանալի է` գործնականում ռեալ հակասություններ սահմանադրական բարեփոխումների շուրջ չկան: Նույն դաշտն են գնում եւ Հնչակյանները: Իսկ ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը առայժմ "կոտրատվում են": Դե, ԲՀԿ-ի դեպքում պարզ է` հո ակնթարթորեն չեն կարող 180 աստիճանով տեսակետ փոխել: Սակայն անգամ եթե չփոխեն էլ, ԲՀԿ խմբակցությունն այնքան է նոսրացել, որ ցանկության դեպքում անգամ ԱԺ-ում չի կարող խոչընդոտել սահմանադրական փաթեթի ընդունմանը:
Իսկ ՕԵԿ-ի պարագայում առկա է ընդդիմադիր դաշտում ամրապնդվելու խնդիրը: Այլ ընդդիմադիրները չեն էլ թաքցնում իրենց անվստահությունը ՕԵԿ-ի նկատմամբ եւ այդ կուսակցությանը տարբեր պիտակներ են փակցնում: Պարզ է, որ եթե ՕԵԿ-ը հայտարարեր բարեփոխումներին սատարելու մասին, ապա "իշխանության կցորդի" պիտակը արդեն վերջնականապես ձյութի պես կկպներ նրանց ճակատին: Այդ պատճառով որդեգրել են "ոչ, բայց..." տարբերակը: ՕԵԿ-ի քաղխորհրդի նիստում որոշվել է, որ. "ՕԵԿ-ը չի կարող աջակցել այնպիսի փոփոխություններին, որոնք ոչինչ չեն տալու Հայաստանի Հանրապետությանը": Բայց միաժամանակ. "Սահմանադրական փոփոխությունները քաղաքական եւ հանրային կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար: "Օրինաց երկիր" կուսակցությունը մշտապես կողմ է եղել պետությանն առնչվող կարեւորագույն հարցերի շուրջ քննարկումների իրականացմանը` անկախ նրանից կողմերի տեսակետները համընկնում են, թե` ոչ: "Օրինաց երկիր" կուսակցությունը կմասնակցի քննարկումներին` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ կուսակցությունը չի կարող պարզապես դիտորդ լինել այդ գործընթացում": Այսինքն` Արթուր Բաղդասարյանն իր համար մանեւրի տեղ է թողել, եւ հարկ եղած դեպքում ՕԵԿ-ը կարող է սահուն անցում կատարել "չափավոր դեմ"-ից դեպի "չափավոր կողմ":
Իսկ մինչ ընդդիմությունը տվայտվում է, իր տեղն է փնտրում, իրարից վարկանիշ է փախցնում` նաեւ զբաղվելով "դավաճանների ու ագենտների" փնտրտուքով, իշխանությունը հանգիստ իրականացնում է այն ամենը, ինչ նախատեսված է Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում: Արդեն իսկ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի հրավերը ընդունողները շոշափելիորեն ավելի շատ են, քան Էրդողանի հրավերի պարագայում: Նույնիսկ բրիտանական թագուհին որոշել է Թուրքիա չգնալ, եւ թուրքական խայտառակ միջոցառմանը բրիտանացիք բավարարվելու են վարչապետի ներկայությամբ: Իսկ այն, որ ապրիլի 24-ին Վլադիմիր Պուտինն է լինելու Երեւանում, դա շատ կարեւոր է ոչ միայն 100-ամյակի տեսակետից, այլ` ընդհանրապես արտաքին քաղաքականության: Եվ այդ ներկայությունը լինելու է, չնայած Մոսկվայի եւ Անկարայի տնտեսական ամենալայն համագործակցության:
Եվ ուշագրավ է հետեւյալը` ԵՏՄ-ի ուղղությամբ ամեն ինչ ամենայն խորությամբ իրականացնելը չխանգարեց ամբողջ Եվրոպայով Ցեղասպանության 100-ամյակի առնչությամբ համաեվրոպական մարմինների հայանպաստ հայտարարությունների շքերթով: Ընդ որում, դրանց բովանդակությունն այնպիսին է, որ, խոշոր հաշվով, դժվար թե Երեւանում ավելի լավ տարբերակներ հնարավոր լիներ գրել: Իսկ ընդհանուր առմամբ, որ ԵՏՄ անդամությունը չի փակել մեր առջեւ նույն Եվրոպայի դռները, երեւաց Եվրանեսթի երեւանյան վեհաժողովից, դրա ընթացքում հնչած հայտարարություններից, ելույթներից, գնահատականներից: Նաեւ պետք է նշել, որ ՀՀ նախագահի ողջույնի խոսքը վեհաժողովին, շատ հստակ էր եւ ինքնավստահ, ու մեր արեւմտամոլների "բայղուշությունները" իբր ԵՏՄ մտնելու պատճառով Հայաստանը կդառնա "իզգոյ պետություն" հօդս ցնդեցին, եւ հիմա այն նույն արեւմտամոլները համացանցում վերջին հիշոցներով են նախշում նույն եվրոպացիներին:
Ինչեւէ, մնում է վստահաբար խուսափել տարատեսակ սադրանքներից, բուն ապրիլի 24-ին, քանզի ե՛ւ "Հիմնադիր խորհրդարանը" արդեն տարածել է սադրիչ թռուցիկներ, ե՛ւ գրանտածիծ "քաղաքացիական հասարակությանը" ամերիկյան տերերը հաստատ կփորձեն քշել հակապուտինյան ակցիաների:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

