ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Արխիվ 12-16ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Օրերս լույս տեսավ «Հայաստանի պատմություն» 36-հատորյա գրքաշարի առաջին`«Հայոց Ձոր» հատորը. հեղինակը հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմանդրամի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն է: Գրքում ներկայացված է մոտ 40 գյուղ, որոնք այսօր Հայոց Ձորի տարածքում են: Մատենաշարի 36 հատորներն իրար կցելով կստացվի Մեծ և Փոքր Հայքերի քարտեզը:
Սրանք ավելի ընդհանուր տեղեկություններ են, իսկ մատենաշարի ստեղծման և հրատարակության մանրամասները Սամվել Կարապետյանը վստահեց «Իրավունքին»: Նա ասաց, որ ամեն տարի իրենց գրասենյակին պետական բյուջեից հատկացվող գումարը հուշարձանների վկայագրերը կազմելու համար էր: Սա, ըստ Ս. Կարապետյանի, այնքան էլ արդյունավետ աշխատանք չէր. «Վկայագրերը կարևոր են, բայց գիտական շրջանառության մեջ չեն մտնում, որովհետև դրանք նեղ մասնագիտական են. կարող են պետք գալ, օրինակ, նախարարության որոշ արձանագրություններ կազմելիս: Բայց թեմայով հետաքրքրված հասարակությանը այդ նյութերը չեն հասնում»:
Երբ բազմաթիվ դժվարություններից հետո գիրքը վերջապես տպագրվեց, Սամվել Կարապետյանը մշակույթի նախարար Հ. Պողոսյանին առաջարկեց ընդլայնել և ստացված տեղեկատվաության առավել հիմնավոր հավաքագրում կատարել` այն է, ձեռնամուխ լինել գրքաշարի ստեղծմանը: Հուշարձանագետը նշեց, որ նախարարն իր համաձայնությունն ուրախությամբ է տվել: Արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի տարվա կտրվածքով հուշարձանների վկայագրման նպատակով պետական բյուջեից հիմնադրամին փոխանցվող 60 միլիոն դրամը ուղղվելու է նաև եկող տարվանից ստեղծվելիք հատորների նախահրատարակչական աշխատանքներին:
Սամվել Կարապետյանը անկեղծացավ նաև այն մասին, թե ե՞րբ և ինչպե՞ս է որոշել նման
նախաձեռնությամբ հանդես գալ. «Գաղափարը շատ վաղուց կար, բայց վերջնական տեսք չուներ` գրքի չափը, սկզբունքը, ձևավորումը: Տասնամյակներ շարունակ Արևմտյան Հայաստան ենք ճանապարհորդում, իսկ դրանից առաջ Վրաստան, խորհրդային տարիներին` Ադրբեջան և այլն: Ընթացքում արդեն պարզ դարձավ, որ հավաքված ողջ տեղեկատվությունը պետք է համախմբել և որևէ արժեքավոր ու մնայուն բան ստանալ դրանից: Եվ ընդհանրապես հավաքված նյութն է հուշում, թե իր հետ ինչ կարելի է անել: Այն ինչ հավաքվել էր տասնամյակների ընթացքում մեզնից պահանջում էր, որ իր հետ այսպես վարվեինք»:
Հիշեցնեմ, որ գրքաշարը վերնագրված է «Հայոց պատմություն»: Սամվել Կարապետյանը խոստովանեց, որ այն բավականին վիճահարույց է եղել: Պատճառը միայն այն էր, որ այդ վերնագրով հրատարակվող բազմաթիվ աշխատություններ կան: Դրանցից մեկն էլ հրատարակում է Գիտությունների Ազգային ակադեմիան: «Տնօրեն Աշոտ Մելքոնյանը ասաց, որ շատ հավակնոտ վերնագիր ենք ընտրել և առաջարկեց փոխել այն: Ես դա չարեցի, ոչ այն պատճառով, որ արդեն գովազդային հրապարակումներ կային, որտեղ նշված էր գրքաշարի վերնագիրը: Ես և՛ ընդունում եմ, և՛ չեմ ընդունում դիտողությունը: Մենք պատրաստվում ենք ամբողջ Փոքր և Մեզ Հայքերի տարածքների պատմությունը գավառ առ գավառ ներկայացնել: Մեծ հաշվով դա հենց Հայաստանի պատմությունն է: Մենք էլ մեր ձևով ենք Հայաստանի պատմությունը շարադրում, տեղ տալով նյութական մշակույթին»:
Գրքաշարի առաջին հատորի հրատարակությունն իրականացվել է բաժանորդագրության միջոցով: Գրքի հրատարակության համար անհրաժեշտ էր մոտ 700 բաժանորդ, բայց բաժանորդագրվել են ընդամենը 130-ը: Օգնության են եկել Ամերիկայում հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմանդրամի գրանցված խմբակը` «Հայ լեռնագնացների ընկերակցության», և ևս երեք հետ միասին: Նախապես բաժանորդագրված մարդիկ գիրքը կարողացել են ձեռք բերել 12.000 դրամով: Այսօր այն ազատ վաճառքի է և ընթերցողները, կապ հաստատելով հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմանդրամի հետ, այն կարող են ձեռք բերել 16.000 դրամ: Նշեմ, որ գիրքը գրախանութներում դեռ չկա: Բայց ենթադրվում է, որ գրախանութները գիրքը կվաճառեն ինքնարժեքից 30% բարձր գնով: Իսկ այն հարցիս, թե արդյո՞ք գրքի թանկ չէ հայ ընթերցողների համար, Սամվել Կարապետյանը հետևյալն ասաց. «Եթե մարդուն մի գիրք է անհրաժեշտ, նա անպայման կունենա այն: Արժեքը կարևոր է, բայց ոչ վճռորոշ»:
ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

