ԱՆԱՆՅԱՆ-ՀՈՎՆԱՆՅԱՆՆԵՐԻ ՄՈՌԱՑՎԱԾ ՈՏՆԱՀԵՏՔԵՐԸ
Արխիվ 12-16ԱՆԱՆՅԱՆ-ՀՈՎՆԱՆՅԱՆՆԵՐԻ ՄՈՌԱՑՎԱԾ ՈՏՆԱՀԵՏՔԵՐԸ
Վրաստանի մայրաքաղաքում` Թբիլիսիում` «Հայարտանը», տեղի ունեցավ վերջերս լույս տեսած` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի «Անանյան-Հովնանյանների ոտնահետքերով» գրքի շնորհանդեսը: Միաժամանակ ներկայացվեցին նաեւ Թբիլիսիի հայկական կյանքի գիտակ Սարգիս Դարչինյանի «Թիֆլիս. հայկական ճեպանկարներ»գրքի ռուսերեն հրատարակությունը եւ «Կարծիք» ստեղծագործական խմբի պատրաստած «Անանյան-Հովնանյաններ. մոռացված ոտնահետքեր» տեսաֆիլմը:
Ի դեպ, նշենք, որ բարի ավանդույթ են դարձել «Լոռվա ձոր» հայրենակցական միության եւ Վիրահայոց թեմի կազմակերպած համատեղ միջոցառումները, որոնք առնչվում են վիրահայությանը եւ Լոռվա աշխարհին:
Շնորհանդեսը սկսվեց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնության եւ գնահատանքի խոսքով: Նա ընդգծեց, որ լույս տեսած գրքերը եւ նկարահանված տեսաֆիլմը արժեքավոր են նախեւառաջ թիֆլիսահայ պատմության էջերը պեղելու եւ նոր, մեծ վաստակ ունեցող գործիչներին սերունդներին ներկայացնելու առումով: Նա նաեւ նշեց, որ հեղինակներին հաջողվել է մոռացությունից փրկել մի ամբողջ գերդաստանի պատմություն:
«Անանյան-Հովնանյանների գերդաստանն ինձ համար եւս հայտնություն է դարձել,-ասաց սրբազան հայրը,- հետաքրքիր է չէ՞, թե ինչպես Արեւմտյան Հայաստանից 18-րդ դարի վերջերին գաղթածի զավակն արդեն ոչ միայն կարողանում է իր մի կտոր հացին տեր դառնալ, այլ Մոսկվայում դառնալ ամենաճանաչված վաճառականներից մեկը, մի քիչ էլ ուշ` բարերարներից մեկը»:
Սրբազան հոր խոսքը յուրովի է շարունակում «Հայարտան» տնօրեն Լեւոն Չեդիլյանը` ասելով, որ Անանյան-Հովնանյանները կարող էին հաստատվել Մոսկվայում, Եվրոպայում, բայց Հովնանյանների եղբայրներ Ալեքսանդրը եւ Հովսեփը նախընտրեցին Թիֆլիսը` իրենց ուսյալ եւ կրթյալ զավակներով, Վրաստանում սկիզբ դնելով արդյունաբերական հողագործությանը, խաղողագործությանը, գինեգործությանը, կոնյակագործությանը, շամպայնագործությանը:
«Նրանք խիզախ մարդիկ էին,- իր ելույթը սկսեց «Կամուրջ» հանդեսի խմբագիր Անահիտ Բոստանջյանը,- որովհետեւ ամեն ինչ ստեղծում էին զրոյից, հոգ տանելով հասարակ ժողովրդի մասին` նրանց համար տներ, կացարաններ կառուցելով»:
«Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթը նշեց, որ Սերգո Երիցյանին հաջողվել է ստեղծել փաստավավերագրական, հանրամատչելի մի ինքնատիպ պատմություն` մի ամբողջ գերդաստանի մասին` ամենատարբեր զեղումներով: «Մի շնչով այդ գիրքը կարդացի,- ասաց նա,-ու հասկացա, որ մենք հենց այսպիսի գրքերի, ասել է թե, պատմությունների կարիք ունենք»:
Իսկ մշակութաբան Ռուբեն Նահատակյանն ասաց, որ իրեն զարմացրել է Անանյան-Հովնանյանների մշակույթին այդքան մոտ գտնվելը: «Հովհաննես Անանյան-Հովնանյանը մեկ օգնում է նկարիչներին, մյուս անգամ` թատրոնի գործիչներին, երրորդ դեպքում` երգիչներին» ,-ընդգծեց բանախոսը:
Քաղաքագետ Յուրի Մկրտումյանն էլ ընդգծեց. «Ժամանակն է, որ ճիշտ հասկանանք այս ազնվական մարդկանց դասերը` ազգապահպանության վերաբերյալ»:
Մյուս բանախոսները նշեցին, որ նրանք ստեղծող էին, արարող, անընդհատ ականջալուր ազգային խնդիրներին: Մասնավորապես, եթե Հովհաննես Անանյան-Հովնանյանը ուրիշ բան չաներ, միայն ստեղծեր Թիֆլիսի Մարիամյան-Հովնանյան օրիորդաց վարժարանը, ապա կարելի էր նրան երախտիքի հուշարձան կանգնեցնել:
Ամփոփիչ խոսքի իրավունքը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանինն էր, ով ներկայացրեց գրքի եւ տեսաֆիլմի ստեղծման պատմությունը, եւ այն ճանապարհը, որով անցել են հեղինակները: Նա նաեւ ընդգծեց, որ այս գերդաստանի կյանքից կարելի է հրաշալի դասեր առնել եւ ճիշտ օգտագործել մեր ազնվականության կյանքն ու գործը` որպես փորձ:
«Անանյան-Հովնանյանների գերդաստանը, որը ծագումով Վանից էր, կարողացավ վերընձյուղվել, իր արմատները ձգել,- իր ելույթի ժամանակ ասաց Սերգո Երիցյանը,-նրանք կայացան որպես հայ ազնվականներ ու մինչեւ վերջ պահպանեցին ազգին ծառայելու, օգտակար լինելու իրենց առաքելությունը»:
Այնուհետեւ Սերգո Երիցյանը ներկայացրեց Սարգիս Դարչինյանի «Թիֆլիս. հայկական ճեպանկարներ» գրքի ռուսերեն տարբերակը` շեշտելով, որ հայերեն հրատարակությունից հետո, հասկանալի դարձավ ընթերցողին այն ռուսերեն ներկայացնելու անհրաժեշտությունը: «Սարգիս Դարչինյանը թիֆլիսյան հայկական կյանքի կորուսյալ կամ այդ ճանապարհին գտնվող մասունքներ է ներկայացրել ու փոխանցել ընթերցողին: Բարեբախտաբար, նա հարուստ արխիվ է թողել, որը ժամանակի ընթացքում պետք է ընթերցողին ներկայացնել»,-իր խոսքը եզրափակեց Սերգո Երիցյանը:
Հանդիսույթի ավարտից հետո, հետաքրքիր էր մտերմիկ միջավայրում գրքերի ու տեսաֆիլմի հեղինակների շփումները լսարանի հետ: Այդ ընթացքում տրվում էին նրանց հետաքրքրող հարցերի պատասխանները:
ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ
Թիֆլիս-Երեւան

