ԳՅՈՒՄՐՈՒ ԹԱՏՐՈՆԸ ՉԻ՞ ՄՏՆՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ՄԵՋ
Արխիվ 12-16ԳՅՈՒՄՐՈՒ ԹԱՏՐՈՆԸ ՉԻ՞ ՄՏՆՈՒՄ
ՄԱՐԶԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ՄԵՋ
Օրերս Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության հանձնախմբի եւ հայ հանդիսատեսի համար «Սեր, ջազ, սատանա» ներկայացմամբ հանդես եկավ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում: Ներկայացման բեմադրիչ, թատրոնի գլխավոր ռեժիսոր ԼՅՈՒԴՎԻԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ «Իրավունքին» տեղեկացրեց, որ տվյալ ներկայացումը Գյումրիում խաղացել են մոտ 10 անգամ, եւ հերքելով թյուր կարծիքները` հավելեց, որ Գյումրու թատրոնը հանդիսատեսի պակաս չունի:
«ԵԹԵ ԳՅՈՒՄՐԵՑԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ
ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ԵՆՔ»
-Ներկայացումը բեմադրելիս` մտածում էինք, որ գյումրեցի հանդիսատեսը գուցե չընդունի այն, որովհետեւ ավանդապաշտ է:
Բայց ներկայացումն իր բեմադրաոճով, ասելիքով եւ մատուցմամբ ավելի ժամանակակից էր: Փառք Աստծո, ամեն անգամ նույնիսկ լեցուն դահլիճներով ենք խաղում ներկայացումները: Չնայած մայրաքաղաքում ներկայացումը խաղալիս` մի քիչ տեխնիկական խնդիրներ եղան, բայց դրական կարծիքներ եմ լսել հանդիսատեսի կողմից:
- Որպես ավանդապահ հանդիսատես` այս ներկայացումն ինչպե՞ս ընդունվեց Գյումրիում:
- Եթե գյումրեցի հանդիսատեսը չի ընդունում ներկայացումը, մենք միանգամից դադարեցնում ենք: Բայց ի պատիվ մեր դերասանների ու ստեղծագործական խմբի` կարողացան համոզել ու նոր ասելիքով, բեմադրաոճով ընկալվեց ու սիրվեց:
«ԱՌԻԹ ՉԵՄ ՈՒՆԵՑԵԼ ԿԼՈՐԻԿ ՓՈՐՈՎ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻ ՀԵՏ
ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ»
-Երեւանյան հանդիսատեսը հիմնականում քննարկում էր այն, որ գուցե երեւանյան շատ դերասաններ` իրենց կլորիկ փորերով, չկարողանան պարաններին այդպես մագլցել, ինչպես ձեր դերասաններն էին:
- Առիթ չեմ ունեցել Երեւանում կլորիկ փորով դերասանների հետ բեմադրություններ անելու, իհարկե, ուրախ եմ, որ մեր երիտասարդները` ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին ճկունություն ունեին: Ինձ համար կարեւոր է դերասանի աշխատանքը ու հոգեվիճակը, հավատացեք, այդքան արտաքինը չեմ կարեւորում: Հասկանում եմ` ինչ նկատի ունեք, բայց, չեմ կարծում, որ երեւանի բոլոր թատրոնների դերասաններն են գեր: Գուցե շատ գեր դերասաններ կան, բայց, հավատացեք, իրենք այնքան ճկուն կարող են լինել:
«ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԸՄԲՈՍՏ «ՄԵՍԻՋ» ԷՐ»
-Ներկայացման մեջ ռեժիսորական մի խաբկանք կար, մի պահ հանդիսատեսին
թվաց, թե պարանի վրա մագլցած դերասանը կախվել է:
- Դա մտադրված էր, փորձել եմ այդ լուծումով հանդիսատեսին ներկայացնել, թե ինչ է լինելու: Ոչ թե խոսքը իսկապես կախվելու մասին էր, այլ հետո իրենց հոգեվիճակն էր կախված, որովհետեւ առանց այդ լույսի` Բեատրիչեի (գլխավոր հերոսուհու), մեկը նորից կքաշվեր իր պատյանի մեջ: Իսկ գլխավոր հերոսը` Անդրյուսը, առանց Բեատրիչեի, իրեն կախված էր զգում...
- Ներկայացման «մեսիջը» ո՞րն էր:
- Վերլուծելով ամբողջ ներկայացման ընթացքը` ոչ միայն Երեւանի, այն բավականին ըմբոստ «մեսիջ» էր, կարծում եմ` տեղ հասավ: Հայրեր-որդիներ փոխհարաբերությունները միշտ էլ եղել են` յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր տեղն ու նշանակությունը: Երբեմն ծնողները որոշում են զավակներին ուղղորդել ու փորձում են տալ սեր, բայց չգիտակցելով, որ այդ սերը նրանց տանում է կործանման: Եվ ամենակարեւոր «մեսիջը»` յուրաքանչյուրիս հոգում կա ե՛ւ սեր, ե՛ւ ջազ, ե՛ւ սատանա, ինքներս պիտի գտնենք այդ ամենի հետքը եւ թույլ չտանք, որ կործանի մեզ: Ներկայացման մեջ երիտասարդներին չեմ հերոսացրել, փորձել եմ ավելի շատ լինեն արդի հերոսներ: Բայց իմ հակահերոսները տվյալ դեպքում կռվում էին մի իրականության դեմ, որն ըստ իրենց սխալ էր: Երբեմն այդ կռիվը տանում է նաեւ կործանման: Սակայն, նույն հակահերոս լինելով` նրանք հաղթեցին, որովհետեւ ձգտում էին ավելի անկեղծության ու պարզության: Բեատրիչեն իրենց համար լույս էր, գուցե պաթետիկ մեկնաբանություն է, բայց Բեատրիչեի մահով շատ բան փոխվեց իրենց կյանքում:
- Կարծես, հերոսները իրենց` սարդոստայնի նման կաղապարից դուրս եկան:
- Այո, ցավոք, մի քիչ ուշ, բայց մենք այդպես ենք, մի բան կորցնում ենք` նոր դուրս ենք գալիս մեր կաղապարից:
«ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ՊԱՐԾԵՆԿՈՏ ԵՆ, ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ`
ԱՅՍ ԴԵՊՔՆ ԱՅԴՊԵՍ ՉԻ ԸՆԿԱԼՎԻ»
-Որպես Գյումրու թատրոնի գլխավոր ռեժիսոր` ի՞նչ խնդիրներ ունի այսօր
թատոնը:
- Սովորաբար ասում են` գյումրեցիները մի քիչ պարծենկոտ են, հույս ունեմ` այս դեպքում այդպես չի ընկալվի: Մարզային թատրոն ասելով` ուզում եմ վստահ լինեք, որ Գյումրու թատրոնը չի մտնում այդ մարզային խնդիրներով թատրոնների մեջ: Իրականում չկա թատրոն, որ խնդիրներ չունենա, բայց խնդիրներով հանդերձ, համարում եմ, որ Գյումրին Հայաստանի 2-րդ քաղաքն է, եւ մեր թատոնն էլ` հայր թատրոնը: Հանդիսատեսի հոսքի խնդիր նույնպես չունենք: Երկար տարիներ Գյումրու թատրոնում խնդիր է եղել, որ հանդիսատեսը տոմսարկղով գա ներկայացում նայելու, այսօր արդեն նման խնդիր մենք չունենք: Ամսվա ընթացքում խաղում ենք 8 ներկայացում: Միայն մի բացթողում ունենք, դա էլ գալիս է սոցիալական պայմաններից` բացի նրանից, որ ամեն տարի պարբերաբար հանդես ենք գալիս մարզերում, Երեւանում, Լեռնային Ղարաբաղում, կուզենանք հյուրախաղեր ունենալ նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, որը, ցավոք, այսօր իրականություն չէ: Գյումրու թատրոնի դերասանների առանձնահատկությունն այն է, որ այստեղ քիչ են հեռուստաընկերությունները, չկան սերիալներ, եւ դերասանները հիմնավորապես նվիրվում են թատրոնին: Մենք չունենք ժամով աշխատելու խնդիր` մեր դերասանները միշտ պիտի լինեն թատրոնում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

