"ՈՒՆԵՆՔ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՍԱՐՍԱՓՈՒՄ Է ԽՈՍԵԼ ԴԱՏԱԿԱՆ ՍԽԱԼԻՑ"
Արխիվ 12-16"ՈՒՆԵՆՔ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՍԱՐՍԱՓՈՒՄ Է ԽՈՍԵԼ ԴԱՏԱԿԱՆ ՍԽԱԼԻՑ"
- Այն եզակի իրավապաշտպաններից եք, ով բարձրաձայնում է դատապարտյալի իրավունքների թեման, ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ: Տարօրինակ չե՞ք համարում, որ Հայաստանի արդարադատությունը "չի սխալվում"ª ի տարբերություն ավելի իրավական երկրների, ինչպիսին են Ամերիկան, Կանադան, Ֆրանսիան, Ռուսաստանը եւ այլն: Առավել եւս, որ դատական սխալները վերանայելու հարցում էլ ենք, մեղմ ասած, կաղում:Դատապարտյալի մայր
Շատ արդիական թեմա եք շոշափում: Համարձակություն չունենալով վերանայելու դատական սխալը, ոչ միայն պետությունն է հայտնվում ծիծաղելի վիճակում, այլ նաեւ դատական իշխանությունն ընդհանրապես: Իսկ այդ կառույցի ղեկավարները, մասնավորապես, դառնում են ատելի հասարակության համար` դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով:
Ավելինª պաշտոնատար անձը, ով չի ցանկանում տեսնել դատական սխալը, ստիպված է լինելու վաղը պատասխան տալ օրենքի առջեւ, քանի որ գալու է այն օրը, երբ պետությունը, ինչպես ԱՄՆ-ում, Եվրոպայում, համարձակություն է ունենալու խոսել դատական ակտի մասին, որի արդյունքում մեր շատ հայրենակիցներ կամ խիստ հոդվածով են դատվել, կամ էլ հանիրավի հայտնվել են ճաղերի ետեւում: Այսօր ունենք դատական իշխանություն, որն ուղղակի սարսափում են խոսել դատական սխալից այնպես, ինչպես նախորդ դարում սարսափում էին շփվել բորոտների հետ: Եթե ԱՄՆ-ում դատական սխալի արդյունքում հարյուրավոր մարդիկ են հանիրավի դատապարտվել, ապա Հայաստանի նման դատական իշխանություն ունեցող երկրում դրանց թիվը կարող է լինել ավելին: Եվ մարդկանց ճակատագրի հետ խաղալով, այնուհետեւª անգամ նոր երեւան եկած հանգամանքի ուժով վարույթ չհարուցելով եւ չուղղելով դատական սխալը, խաղում են ոչ միայն երկրի հեղինակության, այլ նաեւ երկրի քաղաքացու արժանապատվության հետ: Արժանապատվություն, որը համարվում է բնական իրավունքի բաղկացուցիչ մասը: Փաստեմ, որ դատական սխալն առկա է ողջ աշխարհում, այն իրականություն է եւ հնարավոր չէ թաքցնել: Անհրաժեշտ է կամք, որի ուժով դատական ոլորտում կարվի դրական փոփոխությունª ի նպաստ պետության եւ այդ երկրի քաղաքացու:
"ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԸ ՋԱՎԱԽՔԻՑ ԵԿԱԾ ԵՐԿՈՒ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆԵՐ ԵՆ, ՄԻ ԿՐԱԿ ՈՒ ՊԱՏԻԺ"
- Բնակարան եմ հանձնել վարձակալության` երեք տարի ժամկետով: Վարձակալները Ջավախքից եկած երկու ուսանողուհիներ են, մի կրակ ու պատիժ: Ոչ ժամանակին վարձն են վճարում, ունեն արդեն չորս ամսվա պարտք, չհաշված վերանորոգված բնակարանս քանդ ու քարափ են արել, երկու անգամ էլ ներքեւի հարեւանիս են ջրել: Ասում եմª պարտքերը վճարեք, դուրս եկեք, պատասխանում ենª մինչեւ ժամկետը չլրանա, դուրս չենք գա: Ինչպե՞ս կարող եմ ազատվել դրանցից:
Անահիտ
-ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված չորս պայմաններից երեքը, որոնք եւ հիմք են տալիս Ձեզ, որպես վարձատուի` պայմանագիրը լուծել, վարձակալները խախտել են: Այն է.
1. գույքն օգտագործում են էական բազմակի խախտումներով,
2. վատթարացրել են գույքի վիճակը,
3. պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո երկու ամսից ավելի չեն վճարել վարձավճարները:
Վերոգրյալի հիմքով կարող եք դիմել դատական պաշտպանության` պայմանագրով նախատեսված, սակայն չստացված գումարի բռնագանձման, ինչպես նաեւ վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջով:
ԴՐՍԻ ԲԻԶՆԵՍԻՑ
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՎՈ՞ՒՄ Է
- Ընկերությունս գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Երկրի սահմաններից դուրս ծառայություն եմ մատուցել արտասահմանյան մի ընկերության: Ծառայության դիմաց տրված եկամուտի համար իմ ընկերության վրա կարո՞ղ է դրվել շահութահարկի գումար:
Արմեն
-Ձեր ընկերության համար Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մատուցված ծառայության դիմաց տրված եկամտի համար շահութահարկ պահելու պարտականություն չի կարող դրվել:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
"Լեւ գրուպ" փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
[email protected] հասցեով

